Արդյո՞ք Հայաստանը կճանաչի Ղարաբաղը

Ճանաչումը կարող է տեղի ունենալ լայնածավալ պատերազմի դեպքում, երբ այլևս կորցնելու բան չլինի

Լուսանկարը՝ tert.am-ից

Հարցազրույց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն

Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

«Արցախի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը կարող է ընդունվել այն ժամանակ, երբ բանակցությունների միջոցով հարցի լուծման հնարավորություն ընդհանրապես չլինի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ձևաչափը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական ընդունումը պետք է բանակցությունների ոչ թե առաջին, այլ վերջին կետը լինի:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը չճանաչելը մի յուրօրինակ զիջում է և խոսում է այն մասին, որ բանակցությունները հնարավոր են: Եթե Հայաստանն այսօր ճանաչի Ղարաբաղը, ապա բանակցելու բան էլ չի լինի: Դրանք կսառեցվեն, կամ ընդհանրապես կավարտվեն, ինչը պատերազմ է նշանակում:

Տվյալ պահին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կնշանակի քաղաքական որևէ հնարավոր գործընթացի բացառում, ինչին Հայաստանը դեմ է: Անկախության ճանաչումը կարող է տեղի ունենալ լայնածավալ պատերազմի դեպքում, երբ արդեն կորցնելու բան չկա:

Լուսանկարը՝ Hetq.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հաշտության պայմանագրից առաջ: Այն աշխատում է 1992թ-ից, իսկ պայմանագիրը կնքվել է 1994-ին: Տեսականորեն կարելի է պատկերացնել, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման պարագայում էլ խումբը կարող է շարունակել իր աշխատանքը, սակայն քաղաքական տեսանկյունից դա պատկերացնելը հեշտ չէ:

Հայաստանն ուզում է, որ շարունակվի քաղաքական, ոչ թե ռազմական գործընթացը: Հետևաբար, դժվար է հավատալ, որ Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը կընդունվի խորհրդարանում, իսկ հետո կվավերացվի երկրի նախագահի կողմից:

Լուսանկարը՝ Openblog.am

Ղարաբաղի ճանաչումն ինքնանպատակ չէ, և նման որոշում կարող են ընդունել նաև այլ երկրներ, նույնիսկ առանց Հայաստանի: Կան երկրներ, որոնք նման ճանաչումները «վաճառում են», և դա այնքան էլ թանկ չէ:
Մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրներ կան, որոնք ունեն հայկական մեծ գաղթօջախներ: ԼՂՀ ճանաչմանը հասնելու համար կարելի է նրանց հետ աշխատել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Որպես օրինակ կարելի է բերել Հյուսիսային Կիպրոսը, որին ճանաչել է Թուրքիան:

Իհարկե, այդ դեպքում իրավական առումով Ղարաբաղը չճանաչված պետությունից կվերածվի մասնակի ճանաչված պետության, սակայն կրկին ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի:

Որևէ բան իրոք փոխելու համար Ղարաբաղը պետք է ճանաչվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից: Սակայն բոլորին է պարզ, որ Ադրբեջանը դա չի անի: Ես չէի պնդի, որ «երբեք չի ճանաչի»:

Մեկ այլ օրինակ է Կոսովոն: Եթե այդ կերպ Ադրբեջանը չճանաչի ԼՂՀ-ն, սակայն այն ճանաչեն խոշոր ու հզոր պետություններ՝ Ամերիկան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և այլն, և դրանց թիվը շատ լինի, ապա դա կարող է իրավիճակ փոխել: Գործնականում այս տարբերակը ևս անհնար է, համենայն դեպս հիմա, քանի որ այդ պետություններն ամենուր իրենց շահերն ունեն:

Շատերը որպես օրինակ են բերում Աբխազիան և Հարավային Օսիան: Սակայն նրանց պարագայում կարևոր է ոչ թե այն, որ դրանք ճանաչվել են, այլ՝ թե ով է ճանաչել:

Աբխազիան ու Հարավային Օսիան ռազմաքաղաքական մեթոդով ճանաչած Ռուսաստանը գերտերություն է, միջուկային երկիր, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

Ղարաբաղի պարագայում Ռուսաստանի տեղում Հայաստանն է, որն Ադրբեջանի հետ մոտավորապես նույն տրամաչափի է, ինչը մեծ տարբերություն է դնում իրավիճակների միջև:

Լուսանկարը՝ Photolure.am

Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի պահանջի լեգիտիմության հիմքն այն է, որ Ղարաբաղը 70 տարի եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Արդեն 25 տարի է, ինչ Ղարաբաղն Ադրբեջանի մաս չէ: Կարելի է ենթադրել, թե ինչ կլինի 50 տարի հետո, երբ մյուս 70 տարիներն անցնեն այլ քաղաքական իրականություն ներքո:

Նվազագույնը քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական իրավիճակն այլ կլինի: Աշխարհի բոլոր պետությունները ստեղծվել են՝ բաժանվելով մյուսներից: Նրանցից շատերը դրա համար երկար են պայքարել, մնացածը՝ համեմատաբար քիչ: Այս դեպքում ինձ թույլ չեմ տա նշել ինչ-որ մի ժամկետ, որը կոչվում է «երբեք»:

Քաղաքական իրողությունը փոխվում է: Եթե, օրինակ, հեռավոր 1952-ին որևէ մեկին հարցնեին, թե ինչ է լինելու ԽՍՀՄ-ի հետ 50 տարուց, և նա պատմեր Ղարաբաղի մասին, բոլորը նրան խելագարի տեղ կդնեին:

Միջազգային հանրության կողմից ճանաչման համար Ղարաբաղը պետք է կառուցի իր պետականությունը, ինչն էլ անում է: Սակայն դա երկար գործընթաց է: Օրինակ, Թայվանի նման տնտեսապես և քաղաքականապես հաջողակ երկիրը 1949թ.-ից մինչև հիմա ճանաչվել է մոտ 30 պետությունների կողմից:

Երկրները զուտ ճանաչման հիման վրա չեն ձևավորվում: Սեփական պետականության կառուցումը մի ճանապարհ է, որը պետք է անցնել, այլ ոչ թե սպասել, որ դա վաղը տեղի կունենա:

Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Հրապարակվել է՝ 07.05.2016


Կարդալ ավելին JAMnews-ում