Այս հարցը դարձել է Եվրախորհրդարանի լիակազմ նստաշրջանի քննարկման թեման" />

Արդյո՞ք Եվրոպան վախենում է ռուսական պրոպագանդայից

Այս հարցը դարձել է Եվրախորհրդարանի լիակազմ նստաշրջանի քննարկման թեման

Նովայա գազետայի նյութերի հիման վրա  

Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵՄ հանձնակատար Ջուլիան Քինգը, որը կառույցում համակարգում է անվտանգության ոլորտը, նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները ջանք չեն խնայում Արևմուտքի դեմ ծավալած ապատեղեկատվության արշավի համար: «Այսօր տեղեկատվությունը ռազմական զենք է», նշել է ԵՄ հանձնակատարը:

Եվրամիությունը, որն իր պատմության մեջ լավագույն վիճակում չէ, պատրաստ չէր նման շրջադարձի՝ վստահ լինելով իր գլխավոր զենքի՝ «փափուկ ուժի» վրա: Սոցիալիստական ճամբարի նախկին գերիների հավատը դեպի արևմտյան արժեքները սկսել է տատանվել, երբ տնտեսական ճգնաժամը սպառել է Արևմուտքից եկող նյութական աջակցությունը: Իսկ հայացքների ձևավորման վրա տնտեսականից առավել ավերիչ դեր է խաղացել միգրացիոն ճգնաժամը:

Քրիստոնեա-դեմոկրատ Էստեբան Գոնսալես Պոնսն Իսպանիայից, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի այդ նստաշրջանին, ընդգծել է, որ Կրեմլը պրոպագանդայի համար անհամեմատ ավելի մեծ բյուջե ունի. տարեկան մեկ միլիարդ եվրո պետական փող ԵՄ-ի՝ մեկ միլիոնի դիմաց: Եվ պրոպագանդիստների մեծաթիվ բանակ՝ ԵՄ ռազմավարական կապերի՝ երկու տարի առաջ ստեղծված օպերատիվ խմբի (East StratCom) 17 հաստիքային աշխատակցի դիմաց:

Արձագանքման առաջարկվող ուղիներն այնքան էլ շատ չեն: Առաջին հերթին, ռազմավարական կապերի օպերատիվ խմբի ամրապնդում և ընդլայնում: Երկրորդ հերթին, խոսքի ազատության հակադրում նրանց, ովքեր «հարձակում են գործում ԵՄ հիմնարար արժեքների վրա»: Այնուհետև՝ քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների ֆինանսավորման լիակատար թափանցիկություն:

Խորհրդարանականների զեկույցում և ելույթներում հստակ առաջարկ հնչեց նյութապես աջակցել որակյալ մամուլին թրոլինգի ենթարկվող սոցցանցերի հետ մրցակցության ֆոնին:

Ըստ ավանդույթի, ի աջակցություն Ռուսաստանի նիստին ելույթ ունեցան կոմունիստական ուղղվածության խորհրդարանականները, բայց ավելի շատ՝ ուլտրաաջ ազգայնականներն ու պոպուլիստները, եվրաթերահավատները, որոնցից շատերն ի նշան Եվրամիության հանդեպ քամահրանքի Եվրախորհրդարանի դայլիճում իրենց տեղերը ցուցադրաբար նշում են ազգային դրոշակներով:

Ռուսաստանին իր ելույթում պաշտպանում էր Սթիվ Բրիուան Ֆրանսիայի Ազգային ճակատից, Ջերարդ Բաթենը ՅՈւԿԻՊ կուսակցությունից, որն ամենից ակտիվն էր «Բրեքսիթի» անցկացման հարցում:

Իտալացի ձախերի ներկայացուցիչ Բարբարա Սպինելին հայտարարել է, որ չի պաշտպանում ռուսաստանյան ռեժիմը, սակայն դեմ է, որ նրան վերագրվի ԵՄ քաղաքական կյանքի բոլոր խնդիրների համար մեղքը: «Արևմուտքում կայացած ընտրություներին ռուսական միջամտության համար շատ մեղադրանքներ անապացույց են», նշել է նա:

Եվ իրոք, եվրոպացի ընտրողը քվեարկում է «Բրեքսիթի», Մարին Լը Պենի կամ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին ոչ այն պատճառով, որ հաղորդումներ է նայել Russia Today-ով: Եվրոպայում դա իր պատճառներն ունի: Սակայն, անկասկած, Բրյուսելն ուժեղացնելու է նախկինում գրեթե գոյություն չունեցող մեխանիզմը, մերկացնելով այն, ինչը նա նպատակաուղղված սուտ և կեղծիք է համարում:


Կարդալ ավելին JAMnews-ում