Փաստաբանները միջնորդել են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին նրա ազատության իրավունքը ոտնահարելու մասին Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, սակայն դատախազությունը կարծում է, որ դրա համար հիմքեր չկան " />

Արդյո՞ք բանտից դուրս կգա Հայաստանի նախկին նախագահը․ դատավորը որոշելու է մոտակա հինգ օրում

Փաստաբանները միջնորդել են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին նրա ազատության իրավունքը ոտնահարելու մասին Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, սակայն դատախազությունը կարծում է, որ դրա համար հիմքեր չկան

դատարան, Ռոբերտ Քոչարյան, մարտի 1-ի գործ, սահմանադրական կարգի տապալում, անձեռնմխելիություն, Սահմանադրական դատարան, բանտ, կալանք

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նրա փաստաբանների միջնորդության մասին որոշում ընդունելու։ Հայաստանի երկրորդ նախագահը կալանավորված է «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքով։

Նախկին նախագահ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որը տարբեր կերպ է մեկնաբանվում Քոչարյանի փաստաբանների և գլխավոր դատախազության կողմից։ Փաստաբանների թիմը կարծում է, որ այդ վճռի հիման վրա նախկին նախագահին պետք է անհապաղ ազատ արձակեն։ Դատախազները պնդում են, որ դրա համար ՍԴ որոշման մեջ ոչ մի հիմք չկա։

Նախկին նախագահի փաստաբանների միջնորդության վերաբերյալ դատարանի վճիռը դատավորը կհրապարակի սեպտեմբերի 17-ին։

Դատավոր Աննա Դանիբեկյանն այս հարցն առաջնահերթ է համարել։ Սակայն, ըստ էության, սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «Մարտի 1»-ի գործի քննությունը։

Խոսքը  2008թ-ի մարտի 1-ի դեպքերի մասին է, երբ նախագահական ընտրություններին հետևած ցույցը ցրելիս 10 մարդ էր զոհվել։ Այն ժամանակ գործող նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր, թեև, ըստ ԿԸՀ տվյալների, արդեն նոր նախագահ էր ընտրվել՝ Սերժ Սարգսյանը։

 

2018թ-ի գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի նոր կառավարությունը վերսկսել է այն իրադարձությունների հետաքննությունն, ու առաջին մեղադրյալներից մեկն է դարձել Քոչարյանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա մի քանի անգամ կալանավորվել է և կրկին ազատ արձակվել։

Այս գործում Ռոբերտ Քոչարյանի հետ միասին «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով ներգրավված են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևարորգյանը մեղադրվում է Սահմանադրական կարգը տապալելուն նպաստելու համար։

Հայաստանի նախկին նախագահը հրաժարվել է գործող վարչապետի դեմ հայցից։ Ինչո՞ւ 

Հայաստանի կալանավորված նախկին նախագահի փաստաբանները հաղորդում են իրենց հասցեին հնչող սպառնալիքների և վիրավորանքների մասին 

 Ի՞նչ հարց է քննում դատարանը

«Մարտի 1»-ի գործով հետաքննությունը սկսելուց առաջ դատարանը քննարկում է նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը։

Քոչարյանի պաշտպանները պնդում էին, որ Սահմանադրական դատարանի որոշումը կյանքի կոչվի և նախկին նախագահը կալանքից ազատ արձակվի։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը վճռել էր, որ 35-րդ հոդվածը խախտում է Սահմանադրությունը, մասնավորապես, 27-րդ հոդվածը, որն անձնական ազատություն է երաշխավորում բոլոր նախկին նախագահներին։

Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում և այդ ժամկետից հետո չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել նրա կարգավիճակով պայմանավորված գործողությունների համար։

Մեղադրող կողմը բոլորովին հակառակ կարծիքին է և պնդում է, որ 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո Քոչարյանի գործողությունները չէին բխում նրա կարգավիճակից։

Լարված իրավիճակ դատարանի դահլիճում և շենքի դիմաց

Դատական նիստին ներկա էին գործում ներգրավված բոլոր մեղադրյալները։ Ի դեպ, նրանցից միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանքի տակ։

Նա նիստի ընթացքում ասաց, որ մի քանի ամիս է, ինչ սպասում է խափանման միջոցի փոփոխման։ Ընդ որում, նախկին նախագահը հայտարարեց, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է

«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ։ Սա անձնավորված գործ է, քաղաքական հետապնդման էլեմենտ կա այստեղ, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում, և Հայաստանում նախագահ է եղել։ Ես մի բան եմ հասկանում, որ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես»։

Դատարանի շենքի մոտ, ավանդույթի համաձայն, հավաքվել էին Քոչարյանի կողմնակիցները և հակառակորդներ։ Եվ նրանց, սովորականի պես, բաժանում էր ոստիկանական շարասյունը։ Մի խումբն արդար դատաքննություն և Քոչարյանի համար ազատություն էր պահանջում։ Մյուսը շարունակում էր պնդել, որ նախկին նախագահը մեղավոր է և պետք է պատժվի։

Քոչարյանի կողմնակիցները ևս կարծում են, որ նախկին նախագահի դեմ գործը շինծու է և քաղաքական համատեքստ ունի։

Ինչի՞ համար է մեղադրվում նախկին նախագահը

2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ։

Խոսքը  2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած դեպքերի մասին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչել Սերժ Սարգսյանին։ Սակայն հայկական ընդդիմությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը թեկնածուներից մեկն էր,  բողոքի ակցիաներ էր անցկացնում։ Ընդդիմադիրները վստահ էին, որ Տեր-Պետրոսյանն է հաղթել, և պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները։

Ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, տասը մարդ էր զոհվել։ Այն ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր։ Ըստ ԿԸՀ տվյալների ընտրված Սերժ Սարգսյանը դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը։ Այդ պատճառով էլ այժմ՝ ցույցը դաժանաբար ցրելու և սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվում է Քոչարյանը։

«Մարտի 1»-ի գործի հետաքննությունը մեռյալ կետից սկսեց շարժվել 2018թ-ի հայկական «թավշյա» հեղափոխությունից հետո։ Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունը անմիջապես սկսեց զբաղվել դրանով։

Հուլիսի 28-ին նախկին նախագահն առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։

2018 թ-ի օգոստոսին Քոչարյանը լքեց բանտը։ 2018թ-ի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։

Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։

Այդ օրը, քննելով Քոչարյանի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նրան կալանքից ազատելու որոշում էր կայացրել։ Նա հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով «նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում»։

Սակայն 2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝  927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտարարել էր գործարար Սիլվա Համբարձումյանը։

Քոչարյանը ասել է, որ երկրորդ գործն իր դեմ հարուցվել է, որպեսզի իր գույքի վրա կալանք դրվի։ Նա հիշեցրել է, որ առաջին մեղադրանքով իր գույքի վրա կալանք արդեն դրվել է։ Սակայն սահմանադրական կարգի տապալման գործով լրացուցիչ պատժամիջոց՝ մասնավորապես գույքի բռնագանձում չի ենթադրվում, ինչը չի բացառվում ենթադրվող կաշառքի մասին գործով։

Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հունիսի 25-ին։

Նախկին նախագահն իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք չի ընդունում և դրանք որակում է որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պատվեր և վենդետա։

Ինչո՞ւ են 2008թ-ի մարտի 1-ի իրադարձություններն կարևոր վարչապետ Փաշինյանի համար

Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում խիստ ընդդիմադիր կեցվածք է ունեցել։ 2008թ-ի նախագահական ընտրություններին նա ներկայացնում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շահերը։ Նա ակտիվորեն մասնակցում էր նաև բողոքի ցույցերին, որոնք սկսվել էին ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո։ Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո ընդդիմադիր գործիչը մեկ տարի չորս ամսով ընդհատակ էր անցել զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրանքների պատճառով։

2010թ-ի հուլիսի 1-ին Փաշինյանն ինքնակամ ներկայացել էր դատախազություն, կալանավորվել և դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Մեկ տարի և 11 ամիս անց նրա վրա տարածվել էր Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներումը։ Իրավապաշտպանները կարծում են, որ իշխանությունները ստիպված էին այդ քայլին գնացել՝ միջազգային կառույցների ճնշման տակ։

Ռոբերտ Քոչարյանը բազմիցս բացահայտ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունների արմատական հակառակորդներից է։


Կարդալ ավելին JAMnews-ում