Ինչպես նաև՝ առաջին անգամ խորհրդարան մտած երիտասարդ ընդդիմության հեռանկարների և հենց խորհրդարանի հեռանկարների մասին" />

Արդյո՞ք Աբխազիայում խոսնակ կդառնա գլխավոր ընդդիմադիրը

Ինչպես նաև՝ առաջին անգամ խորհրդարան մտած երիտասարդ ընդդիմության հեռանկարների և հենց խորհրդարանի հեռանկարների մասին

լուսանկար: Իբրահիմ Չկադուա

Մարտի 12-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրություններն այդպես էլ չուրվագծեցին Ժոովրդական ժողովի՝ Աբխազիայի գլխավոր օրենսդիր մարմնի նոր կազմը:

Առաջին փորձից 35 տեղից ընդամենը 12 պատգամավորական մանդատ յուրացվեց: Եվս 22 ընտրատարածքում երկու շաբաթից երկրորդ փուլ կանցկացվի: Իսկ Գուդաութիի  №17 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել նախկին վարչապետ Լեոնիդ Լակերբայան, ընտրություններն ընդհանրապես անվավեր են ճանաչվել, և այժմ նոր ընըտրություններ են նշանակվելու, որոնք կկայանան միայն մայիսին:

Այնուամենայնիվ, առաջին փուլի արդյունքում մի քանի նշանակալից իրադարձություն կարելի է գրանցել:

Պարտվել է դեռևս գործող խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան, ընտրվել է ԿԸՀ նախկին ղեկավար Բատալ Տապագուան:

Սակայն, առաջին հերթին, առաջին փուլի արդյունքն այն է, որ Գուդաութիի ընտրատարածքներից մեկում հաղթանակ է տարել Աբխազիայի նախկին նախագահ. ներկայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսանդր Անկվաբը:

Գլխավոր ընդդիմադիր Ալեքսանդր Անկվաբն ու նրա հեռանկարները

 

1

Այս հաղթանակը նրան դժվարությամբ է տրվել: Անկվաբի և նրա միակ մրցակից սկսնակ քաղաքական գործիչ Ռուսլան Գագուլիայի միջև քվեների տարբերությունն ընդամենը տասնմեկն է եղել:

Նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի կողմից պատգամավորական մանդատ ձեռք բերելուց հետո որոշ վերլուծաբաններ նրան նոր խորհրդարանում Ժողովրդական ժողովի աթոռն են կանխատեսում: Սակայն եթե անգամ ողջ ընտրական գործընթացի արդյունքում խորհրդարանի բոլոր աթոռները հասնեն ոչ գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի կողմնակիցներին, հաշվի առնելով ընդդիմադիր միջավայրի միտումները, Ալեքսանդր Անկվաբի համար չափազանց դժվար կլինի խոսնակ դառնալը:

Անգամ երբեմնի միասնական ընդդիմադիր ուժերի բլոկում վերջին ամիսներին մեծ տարաձայնությունները կան ոչ միայն իշխանության համար պայքարի ռազմավարության և մարտավարության, այլ նաև այն անձի շուրջ, որ պետք է գլխավորի այդ ընդդիմադիր դաշտը:

Այժմ՝ ակտիվ քաղաքական կյանք նախկին նախագահի վերադարձից հետո, փաստացի չբարձրաձայնված պառակտում տեղի ունեցավ նրանց շրջանում, ովքեր, հին ու չժանգոտող սիրուց դրդված, շարունակում են խաղադրույքներ անել Ալեքսանդր Անկվաբի վրա, և նրանց շրջանում, ովքեր որպես իրենց առաջնորդ պատրաստ են աջակցելու Ասլան Բժանիային:

 

Bzhania

Անկվաբի վրա հույս դնելը մեծ մասամբ հիմնված է էմոցիոնալ գործոնի վրա: Սահմանադրությամբ պետության առաջին դեմքի համար սահմանված տարիքային սահմանափակումներից ելնելով՝ արդեն 64-ամյա Ալեքսանդր Անկվաբի համար դեպի նախագահի աթոռ տանող ճանապարհն ընդհանուր առմամբ փակ է:

Ընդդիմության առաջնորդը թեկուզև հայտնի, սակայն կարիերային աճի հեռանկարներ չունեցող գործիչ է. դա մեծ խնդիր է նախևառաջ ընդդիմության համար: Եվ այդ առումով Ասլան Բժանիայի կերպարը, թեկուզև նա ընդդիմության ընտրազանգվածին այդքան հայտի չէ, այնուամենայնիվ ավելի հեռանկարային նախագիծ է, քան Ալեքսանդր Անկվաբին առաջ տանելու նախագիծը:

Այդ երկու հավակնոտ քաղաքական գործիչների անտեսանելի մրցակցությունն արդեն կարելի էր տեսնել Ատարի ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն առաջադրել է Բժանիան:

Նրա մրցակից Թեմուր Կվիցինիան, որի հետ նա երկրորդ փուլ է դուրս եկել, նույնպես ընդդիմադիր է: Շարքային ընդդիմադիր չէ, սակայն առաջնորդների շարքում էլ երբեք չի եղել: Մանդատի վերաբերյալ փաստարկների նրա գլխավոր խաղաքարտն ազգանունն է. Կվիցինիա ազգի ներկայացուցիչներն այդ ընտրատարածքի ընտրողների մեծ մասն են կազմում: Եվ նրանք բոլորը սովորանար քվեարկում են իրենց ազգականի օգտին:

Ցանկացած այլ ընտրատարածքում Թեմուր Կվիցինիան, որն, ի դեպ, ամենալռակյաց պատգամավորի համբավ ունի, հավանաբար ընտրվելու ոչ մի շանս չէր ունենա, սակայն Ատարի շրջանում նա բավականին մրցակցային խաղադրույք է արել: Այստեղ նա երկու անգամ խորհրդարանկան ընտրություններում հաղթել է՝ սահմանափակվելով բացառապես առաջին փուլով, ինչը ներկայիս աբխազական իրողությունների համար ֆանտաստիկ արդյունք է:

Այնուամենայնիվ, ի սկզբանե Թեմուր Կվիցինիան, ինչպես ասում են ընդդիմության կուլիսներում, չէր պատրաստվում առաջադրվել՝ որոշելով ճանապարհը Բժանիային զիջել: Սակայն հետագայում, ինչպես նշում են նույն աղբյուրները, նա հանկարծ միտքը փոխել է, և, ինչպես ասում են, այդ շրջադարձը տեղի է ունեցել նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի աջակցությամբ:

Այժմ, ինչպես էլ ավարտվեն ընտրությունները, Անկվաբի և Բժանիայի հարաբերություններում գոյացած նստվածքն, ըստ ամենայնի, իր հետագա զարգացումը կստանա:

 Երիտասարդ ընդդիմություն՝ «Այնարն» ու նրա հեռանկարները

Նոր խորհրդարանում է հայտնվել նաև ընդդիմադիրների մեկ այլ խումբ: Եվ դա, առաջին հերթին, «Այնար» կուսակցության ներկայացուցիչներն են:

Այդ կազմակերպությունը միավորում է աբխազ քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը, որոնց ռուսական լրատվամիջոցներում արդեն ազգայնականներ են անվանում:

Ինքը «Այնարը» նախընտրում է ներկայանալ որպես իրական ընդդիմություն ոչ միայն գործող իշխանությանը, այլ նաև Ընդդիմադիր ուժերի բլոկին:

Եվ այդ առանձնահատկությունը լրացուցիչ գույներ է հաղորդում խորհրդարան մտած ընդդիմությանը, ինչպես նաև՝ խորհրդարանին:

Այնուամենայնիվ, «Այնարը» նույնպես շատ խնդիրներ ունի այն բանի հետ կապված, թե ով է կուսակցությունից դառնալու պատգամավոր:

Այդ բարդությունների պատճառն այն է, որ աբխազական խորհրդարանն ընտրվում է մեծամասնական համակարգով, և, ցավոք, այդ համակարգն իրեն սպառել է: Դա ողջ ակնհայտությամբ ցուցադրեց ներկայիս նախընտրական արշավը, որտեղ լավ տղաների մրցույթ էր, այլ ոչ թե գաղափարների և ծրագրերի մրցակցություն:

Այդ նույն պատճառով խոսք չկա, որ նոր խորհրդարանը ճակատագրական կլինի աբխազական պատմության համար: Ավելի շուտ, այն կդառնա նախկին գումարման խորհրդարանների ավանդույթների շարունակողը:

Սակայն այս խորհրդարանը վերջինն է, որն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով: Արդեն գործարկվել է ընտրական համակարգի բարեփոխումը, խորհրդարանում արդեն մի քանի ընթերցում է անցկացվել խառը մեծամասնական-համամասնական համակարգի անցնելու կապակցությամբ: Այնպես որ, այս ընտրությունները մեծամասնական համակարգի կարապի երգն են:

Հիմա բոլորը փորձում են կանխագուշակել. թե ովքեր ավելի շատ կլինեն խորհրդարանում՝ ընդդիմադիրնե՞րը, թե՞ կառավարական պատգամավորները: Սակայն անգամ եթե հայտնի լինեն բոլոր 35 պատգամավորների անունները, շատ դժվար կլինի ասել, թե ինչպիսին է այս խորհրդարանը՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ:

Նախորդ գումարման խորհրդարանի մեծամասնությունն ի սկզբանե աջակցում էր այն ժամանակ դեռևս գործող իշխանությանն՝ ի դեմ Ալեքսանդր Անկվաբի: Սակայն հետո 2014թ-ի մայիսին ընդդիմությունն Անկվաբին ստիպեց վաղաժամ հրաժարական տալ, և Ժողովրդական ժողովում ուժերի հարաբերակցությունն ավտոմատ կերպով փոխվեց, մեծամասնությունը սկսեց աջակցել նոր առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:

Նոր խորհրդարանը հավանաբար նույնպես բավականին ճկուն կլինի և իր տրամադրությամբ կհամապատասխանի այն քաղաքական կոնյունկտուրային, որը կձևավորվի աբխազական պատմության որոշակի պահերին:

լուսանկար: Իբրահիմ Չկադուա
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որխմբագրության դիրքորոշումն արտացոլեն:

Կարդալ ավելին JAMnews-ում