Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել Եվրասիական միությունում " />

Ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարարի այցն Ադրբեջան

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել Եվրասիական միությունում

Ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցն Ադրբեջան, որի ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, դասախոսություն կարդացել Դիվանագիտական ակադեմիայի ուսանողների համար:

Նախագահ Ալիևն ու նախարար Լավրովը ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների շրջանակում ղարաբաղյան հակամարտության արագ և խաղաղ կարգավորման հարցում:

«Բոլոր քայլերը բազմաթիվ անգամ քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, համանախագահների հայտարարություններում: Ճաշացանկը սեղանին է», – ասել է Լավրովը նախարարների համատեղ մամուլի ասուլիսին այցի ավարտից հետո:

Դիվանագիտական ակադեմիայում հարցերին պատասխանելիս Լավրովն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ միջև հարաբերությունների վատթարացումը ոչ մի կերպ չի անդրադառնում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վրա:

«Ղարաբաղյան հակամարտությունը բացառիկ է նրանով, որ, չնայած շատ խորը տարաձայնություններին, որոնք կուտակվել են ԱՄՆ ռուսաֆոբ քաղաքականությունում, հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը պահպանվել է», – նշել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ և Ֆրանսիայի հետ համատեղ ընդհանուր դիրքորոշում ունի:

«Հույս ունեմ, որ նախորդ ամիս Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը թույլ կտա հաղթահարել որոշակի լճացումը մեր ընդհանուր ջանքերում և առաջ շարժվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», – նշել է ԱԳ նախարարը:

Լավրովն ասել է, որ Ռուսաստանը քաղաքական նշանակություն չի տալիս վերջերս գործարկված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն:

«Ռուսաստանն այստեղ կապ չունի, երկաթուղին մեր տարածքով չի անցնում: Կան շատ վերլուծաբաններ, որոնք այդ նախագիծը դիտարկում են քաղաքական համատեքստում, որ ինչ-որ մեկը նախագծից դուրս է մնացել: Մեր մոտեցումն այդպիսին չէ», — հայտարարել է Լավրովը:

Ռուս նախարարը նույնպես բարձր է գնահատել «Հյուսիս-Հարավ» ենթակառուցվածքային նախագծի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև պայմանագիրը: Լավրովն ասել է, որ այդպիսի նախագծերը միայն հարստացնում են տարածաշրջանը:

Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնց միջև ակտիվ համագորածկցություն կա, և հիշեցրել է, որ երկրներն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Մեծ հետաքրքրություն են առաջացրել Լավրովի այն խոսքերը, որ Ռուսաստանն ուրախ կլինի Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությունում տեսնել:

«Ներկա պահին դիտարկվում է Տաջիկստանի ինտեգրումը կազմակերպություն: Մեզ նաև դիմում են այն երկրները, որոնք ԱՊՀ անդամ չեն: Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել այդ կառույցում»:

Այսօր նախարար Լավրովը Երևան է մեկնել:


Կարդալ ավելին JAMnews-ում