Մշակութային ինտեգրման կողմնակիցներն ու հակառակորդները բերում են իրենց փաստարկները" />

Ավանդույթներն անձեռնմխելի՞ են, թե՞ դրանց թարմացում է անհրաժեշտ. Հյուսիսային Օսիայի փորձը

Մշակութային ինտեգրման կողմնակիցներն ու հակառակորդները բերում են իրենց փաստարկները

Հյուսիսային Օսիայում ակտիվ քննարկումներ են ընթանում ավանդույթների թեմայի շուրջ: Հարցը դրվում է այսպես. արդյո՞ք պետք է փորձել պահպանել ավանդույթները սկզբնական վիճակով, թե՞ մշակույթը, հասարակության մտածելակերպը, ինչպես և ինքը՝ հանրապետությունը, պետք է մոդեռնիզացիայի ենթարկվեն, թարմացվեն: 

Մենք ծանոթացել ենք երկու կողմերի կարծիքներին: 

Օսական լեզուն անհետանում է, ասում է UNESCO-ն

Հյուսիսային Օսիա. պատգամավորը ծեծե՞լ է ուսուցչուհուն

Սեփական ուղին 

«Ուացամոնգա» օսական երգերի անսամբլի մասնակից Գեորգի Չիխավիևը վստահորեն իրեն վերագրում է խիստ ավանդույթների կողմնակիցներին: 

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից ազգային մշակույթը դժվարությամբ է դիմակայում ժամանակների ճնշմանը: Ավանդական բարոյական հասարակարգն անհետանում է, և փոխարինելու են գալիս, մեղմ ասած, տվյալ հասարակությանը ոչ բնորոշ արժեքներ»: 

Ինչ վերաբերում է հենց օսական մշակույթին, ասում է Չիխավիևը, «իրավիճակը ողբալի է, դա միայն 20%-ն է այն մշակույթի, որ երբեմն ունեցել են օսերը»:

Եթե այն, ինչ մնացել է, սկսենք հարմարեցնել ինչ-որ ժամանակակից սկբունքների, ամբողջը կորցնելու վտանգ կա: Այդ ժամանակ մենք էլ չենք լինի օսեր, կլինենք ոչ ոք:

Չիխավիևը համաձայն է, որ այժմեականությունն էլ ունի դրական գծեր: Պարզապես, ասում է նա, «պետք է որոշակի մաղով անցկացնել, իսկ այ դա օսերին չի հաջողվում»: 

«Ինչո՞ւ մենք անպայման պետք է ինչ-որ տեղ ինտեգրվենք: Ինչո՞ւ մենք չենք կարող հավատարիմ մնալ մեր ազգային ուղուն: Պետք է մնալ օս, խոսել մայրենի լեզվով, իմանալ ավանդույթները, մշակույթը, սովորություները: Մենք խոսում ենք հենց դրա մասին, ոչ թե որ պետք է կրել երկար շրջազգեստ և չերկեսկա: Կարելի է կրել ժամանակակից դասական հագուստ և մնալ օս:

Պետք չէ առանձնանալ աշխարհից, պետք է աշխարհից վերցնել լավագույնը, դրականը՝ ոչ թե ամեն ինչ»:

Հյուսիսօսական թատերախմբի ելույթը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում, REUTERS/Իլյա Նայմուշին

«Տեղում դոփել՝ նշանակում է չզարգանալ»

JAMnews-ը բլից հարցում է անցկացրել Instagram-ում հետևյալ հարցի շուրջ. «Ինչի՞ վրա է ավելի կարևոր ջանք գործադրել՝ ավանդական մշակույթի վերածննդի՞, թե հասարակության այժմեականացման վրա»: 

Պարզվել է, Գեորգի Չիխավիևի կարծիքը կիսում են հարցման մասնակիցների 62 տոկոսը. էթնոսի մշակույթը պետք է մնա անփոփոխ: 

Հարցման մասնակիցների 38 տոկոսը հանդես են եկել ժամանակակից մոտեցման և արժեքների օգտին: 

«Ավանդույթները չեն կարող պարզապես նույնը մնալ ժողովրդի պատմության ողջ ընթացքում»,- JAMnews-ին ասել է հեռուստալրագրող Իննա Մակիևան:

«Տեղում դոփել՝ նշանակում է չզարգանալ, լավը չդառնալ, առաջընթաց չընդունել: 19-րդ դարի արժեքների մեջ է մնում նաև արյան վրեժը, հարսնացուի համար տրվող ղալիմը, հանգուցյալներին ձիեր նվիրելը»: 

Անկասկած, ավանդույթները և մշակույթը այն է, ինչն օսերին առանձնացնում է պերուացիներից, իսկ գերմանացիներին՝ Ճապոնիայի բնակիչներից, բայց չէ՞ որ այժմեականության ազդեցության տակ փոխվում է նաև լեզուն, ասում է Մակիևան:

Հարսնացուն փեսայի տանը ծիսական շրջան է կատարում օջախի վրա ձգված շղթայի շուրջ, որպեսզի Սաֆան (օսերի մոտ ընտանիքի հովանավորը) ընդունի նրան: Բայց չէ՞ որ հիմա, շնորհիվ տեխնիկական առաջընթացի, մեր տները օջախով չեն տաքացվում: Եվ շղթան էլ փեսային չի պատկանում, վարձով են վերցրել: Հետևաբար ի՞նչ իմաստ ունի այս ծեսին հետևելը:

«Հին ավանդույթներն ու ծեսերը վերակենդանացնելու փորձերը հազիվ թե որևէ լավ բանի հանգեցնեն: Դա ավելի շուտ հիշեցնում է շատ վատ գավառական թատրոն»,- ասում է Իննա Մակիևան: 

Պարեր և աշտարակներ, դիմակայության էքսցեսներ 

Պարը օսական մշակույթի ամենաճանաչելի տարրերից մեկն է: Մի քանի պարային խմբեր պարբերաբար Հյուսիսային Օսիան ներկայացնում են միջագային փառատոններում: 

Եվ թվում էր՝ որոշ պարեր չեն կարող դառնալ վեճերի թեմա: Այդպես էր, քանի դեռ մոդեռնիստները դրանք իրենց ձևով չներկայացրին:

Հյուսիսային Օսիայից բլոգեր Արթուր Ենալդիևը և նրա ընկեր Սոսլան Գաբարաևը Ամանորին տեսանյութ էին նկարել, որում գիրոսկուտերների վրա կանգնած՝ պարում են օսական ժողովրդական «հոնգա» պարը՝ փափախներով և օսական դրոշներով: 

Տեսանյութը բուռն էմոցիաների և վեճերի տեղիք տվեց: 

Կային նաև անմեղ և անգամ դրական մեկնաբանություններ. «ծույլ հոնգա», «թույն է»: Բայց ի հայտ եկավ նաև մեծ ագրեսիա, վիրավորանքներ և առաջարկ «պարողներին գժանոցում հերթի կանգնեցնել»: 

Մոդեռնիստների և անվադապաշտների միջև ևս մեկ բնորոշիչ վեճ տեղի ունեցավ 2019թ. ապրիլին, երբ Հյուսիսային Օսիա էր ժամանել հայտնի ռուս Instagram-բլոգեր Կրիս Շելեստը:

Նա Instagram-ի իր էջում տեղադրել էր հնագույն աշտարակների լուսանկար, և հենց այդ երևույթը մոդեռնիստների համար կարևոր էր. 700 հազար լսարան ունեցող բլոգերը փաստացի տուրիսատական գովազդ է անում Հյուսիսային Օսիայի համար:

Բայց ավանդական մշակույթի կողմնակիցներին վրդովեցրել էր մի լուսանկար: Բլոգերը, ոչինչ չկասկածելով, տեղադրել էր մի լուսանկար՝ հեծանվային շորտով:

 

 

Շելեստի հասցեին տեղացին ոչ միայն վիրավորական մեկնաբանություններ, այլև սպառնալիքներ: Ռուսական պարբերականներում հրապարակվում էին հետևյալ վերնագրերով հոդվածներ. «Օսիայի բնակիչները վիրավորել և ստորացրել են կին բլոգերին՝ լեգինսի պատճառով», «Բլոգերը ատելություն վաստակեց Օսիայի լեռներում արված լուսանկարում կանգնած դիրքի համար», «Պարզվում է՝ կադրում հինգերորդ կետը կարող է ուժեղ վրդովեցնել»:

 

 

Ավելի ուշ Կրիս Շելեստից ներողություն խնդրեցին օս պաշտոնյաները և բազմաթիվ տեղի բնակիչներ: Նա ասաց, որ սպառնալիքներն ու վիրավորանքները չեն փոխել իր վերաբերմունքը Կովկասի նկատմամբ: 

Բայց ի՞նչ կարծիք է ձևավորվել նրա բազմահազարանոց լսարանի մոտ, որոնք հետևում էին ցասումնալից մեկնաբանություններին:

Համատեղ ջանքերով

Տարբեր մոտեցումների կողմնակիցները, չնայած համակարծիք չեն ազգային մշակույթի զարգացման ուղղության հարցում, բայց համակարծիք են, որ այն անպայման անհրաժեշտ է զարգացնել: Եվ դրանով Հյուսիսային Օսիայում զբաղվում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ակտիվիստները: 

Վերջին շրջանում ամենակարևոր իրադարձություններից մեկը դաձավ առաջին ազգային հեռուստաալիքի՝ «Օսիա-Իրիստոն»-ի հիմնումը: Այն հեռարձակվում է շուրջօրյա, իսկ սեփական կոնտենտը, ինչպես պնդում են կայքում, կազմում է 60 տոկոս: 

Կարևոր է, որ այդ կոնտենտը ստեղծում են հիմնականում երիտասարդ լրագրողները, որոնց վրա էլ հենց դրվել էր շեշտը հեռուստաընկերությունը հիմնելիս: 

Հեռուստաեթերում ժամանցային նախագծերից բացի հեռարձակվում են մշակութային-լուսավորչական ծրագրեր, օրինակ, դասախոսություններ տարբեր ազգային ավանդույթների մասին և Նարտյան էպոսի ընթերցումներ: Շատ հաղորդումներ հենց օսերենով են: 

Եվս մեկ կարևոր նախագիծ, որը նպաստում է մշակույթի պահպանմանը, օսերենով առցանց գրադարանն է՝ Bærzæfcæg-ը: Այն գործում է արդեն մոտ յոթ տարի, դրանում կա ավելի քան 7000 գիրք՝ անվճար հասանելիությամբ: 

Նաև հայտնվել են միանգամից մի քանի բջջային հավելվածներ, ուղղված օսական լեզվի և գրականության ժողովրդականացմանը։ Դրանցից մեկը «Իրոն չինիգ»-ն է (Օսական գիրք): Այնտեղ կան աուդիոներկայացումներ և աուդիոգրքեր՝ պատմազրույցներից, ինչպես նաև օսական դասական գրականության ստեղծագործություններից ձայնագրություններ:

Հանրապետությունում նաև գործում են օսերենի անվճար դասընթացներ, ռուսերենից թարգմանվում և կրկնօրինակվում են մուլտֆիլմեր: 

Երկա՞ր ժամանակով 

«Անգամ ամենաչնչին առաջընթացը պահանջում է հասունացման տանջալից երկար տարիներ»,գրել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլիան

Հարցը՝ արդյոք առաջընթացը մահ է մշակույթի համար, թե, ընդհակառակը, գոյատևելու միջոց է, առայժմ սուր դիմակայություն է առաջ  բերում տարբեր տեսակետների կողմնակիցների մոտ: Նրանք գրեթե միմյանց չեն լսում: 

Բայց կարելի՞ է ասել, որ փոխզիջման հասնելու գործընթաց է գնում, քանի որ վեճերը շարունակվում են: 


Կարդալ ավելին JAMnews-ում