Բնապահպանական աղետ հանուն շահույթի՞, թե՞ անտարբերության պատճառով" />

Ավազի հանքեր՝ ու ոչ մի հողագործություն

Բնապահպանական աղետ հանուն շահույթի՞, թե՞ անտարբերության պատճառով

Արգավանդցիները աստիճանաբար դադարում են հողագործությամբ զբաղվել: Պատճառը ոչ թե սեփական ցանկությունն է, այլ այն, որ Արմավիրի մարզում գտնվող այս գյուղի տարածքը հարուստ է շինարարական ավազի հողաշերտերով:

Հակոբը արգավանդցիներից մեկն է, ով իր կամքով, բայց ոչ իրեն հարմար գնով, վաճառեց ապրուստի միակ միջոց հանդիսացող սեփական հողակտորը՝ չէր կարող չվաճառել: Բան այն է, որ իր հողատարածքի հարևանությամբ սկսվել էր ավազի հանքի շահագործումը, այդ պատճառով հողը ջրազրկվել էր և այլևս անիմաստ էր, անհնար որևէ բույս մշակելը:

Հակոբի բախտին են արժանացել Արգավանդի տասնյակ գյուղացիական տնտեսություններ: Գյուղամիջում Հակոբի շուրջ հավաքված արգավանդցիները հաստատում էին նրա փաստարկները և ավելացնում, որ, եթե նույնիսկ մեկ ավազի հանք է շահագործվում առնվազն մեկ հեկտարի վրա, դա բավարար է, որ շրջակա տասնյակ հեկտարներով հողեր ջրազրկվեն և դառնան գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Գյուղացիներն ասում են, Արգավանդի ավելի քան 30 հեկտար հողատարածք, որը իրենք ժամանակին մշակում և եկամուտ էին ստանում, այսօր դարձել է շինարարական ավազի հանքավայր:

Արաքս գետի երկայնքով ձգվող տարածքները հարուստ են շինարարական ավազով: Բուսական շերտի տակ անմիջապես սկսվում է ավազի շերտը, որոշ տեղերում մինչև 15-20 մետր խորությամբ: Ավազը հանելու ընթացքում շրջապատից գրունտային ջրերը հոսում են դեպի փորված փոսորակները, որը միևնույն ժամանակ ջրազրկում է հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները:

Արմավիրի մարզում շատ տնտեսվարողներ են հանքարդյունաբերությամբ զբաղվում: Տասնյակ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ էլ տարեցտարի վերածվում են անապատի և ճահճուտների: Խնդիրը նրանում է, որ ավազահանքի շահագործողները հանքանյութի սպառումից հետո լքում են հանքավայրը՝ իրենց հետևից թողնելով ճահիճներ, անապատացված ու մշակության համար ոչ պիտանի հողեր:

Ո՞վքեր են ավազի հանքերը շահագործողները

Արգավանդի գյուղապետ Արշակ Աղաջանյանից փորձեցինք պարզել, թե ովքեր են գյուղում ավազահանք շահագործում, և ինչո՞ւ հանքավայրերի սեփականատերերը շահագործումից հետո չեն կատարում բուսական շերտի վերականգնում, ռեկուլտիվացիա, ինչը պահանջվում է ըստ ընդերքի մասին օրենքի:

Հարցադրումից գյուղապետի նյարդերը տեղի տվեցին: Կցկտուր ու ագրեսիվ պատասխաններ. “Ի՞նչու եք ինձ հարցնում, ի՞նչ կապ ունի գյուղապետը, ի՞նչի եք եկել գյուղապետարան, ո՞րտեղ եք տեսել ավազի հանք, ի՞նչ ավազի հանք, գյուղում ավազի հանք որպես այդպիսին գրանցված չէ”: Գյուղապետարանն էլ ոչ պայմանագիր ունի, ոչ էլ տեղեկություն, թե 4 տարի շարունակ ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը որտեղ ու ինչքան ավազ է հանել:

Գյուղապետը միայն գիտեր, որ պատգամավորն արդեն մեկ տարի է իրենց գյուղից ավազ չի հանում, անցել է հարևան Տանձուտ գյուղի հողատարածքներին: Գյուղի վերջնամասում գործող ավազի հանքի սեփականատիրոջ մասին էլ ընդհանրապես չէր լսել, միայն մեկ անգամ փորձել էր հողի հարկ գանձել, այն էլ կոպիտ պատասխան էր ստացել, ներողություն խնդրել ու տարածքը լքել: Նույնիսկ երկու ստուգումների միջոցով գյուղապետը գոնե ինքն իր համար չէր կարողացել պարզել, թե ովքեր են գյուղի տարածքում ավազի հանք շահագործողները:

Իսկ արգավանդցի Հակոբը, ինչպես և մյուս գյուղացիները, թեև խուսափում են բարձրաձայն անուններ արտասանել, գիտեն, թե ովքեր են հանքարդյունաբերողները, որոնք իրենց հողատարածքների հաշվին եկամուտներ են ստանում:

Համայնքները իրավասու չեն որոշել հողերի ճակատագիրը

Հողատարածքների պարտադիր ռեկուլտիվացիան հիմնականում իրականացվում է պետության կողմից, ինչի համար շահագործողը պարտավորվում է վճարել: Հանքի շահագործումից հետո կամ շահագործողը չի վճարում, կամ էլ, լավագույն դեպքում՝ վճարում է, և պետությունն է թերանում կատարել պարտավորությունը: Արդյունքում հանքավայրը լցվում է գրունտային ջրերով, ճահճանում է և դառնում համաճարակի աղբյուր:

Բնապահպան Սանասար Բաղդասարյանի հաշվարկով, այսօր Արմավիրի մարզում ռեկուլտիվացիայի ենթակա մոտ 1000 հեկտարից ավել հողատարածք կա, որից 250 հեկտարը, բաժին է ընկնում Ջանֆիդա համայնքին:

Ըստ Ջանֆիդայի գյուղապետ Ռաֆիկ Եղիազարյանի, դրանք բոլորն էլ խորհրդային տարիներից մնացած ավազահանքերի հետքերն են: Ջանֆիդայի գյուղապետը մտահոգված է, գյուղի հենց սկզբնամասում հարյուրավոր հեկտարներ դարձել են ճահիճներ ու ջրային ավազոտ տարածքներ:

Նա վստահեցնում է՝ հիմա գյուղում նոր ավազահանքեր չեն շահագործվում, իսկ եթե նույնիսկ շահագործվում են, ապա գյուղապետարանը դրա հետ որևէ առնչություն չունի: Հողն ունի սեփականատեր, իսկ հանքի շահագործման արտոնագիրը տրամադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

Նույն խնդիրը առկա է նաև Ջրառատ համայնքում: Այստեղ տնտեսվարողները, սեփականատերերից ձեռք բերելով հողակտորները, օրինական ճանապարհով գյուղի տարածքների զգալի մասը վերածել են հանքավայրերի:

Ջրառատի շատ բնակիչներ նույնիսկ սպասում են առատաձեռն գնորդի, ով կառաջարկի իր հողակտորը գնել ու ավազի հանք դարձնել:

Գյուղապետ Սամվել Գալստյանը դեմ է գյուղում ավազահանքերի շահագործմանը, սակայն, ըստ օրենքի, որևէ տարբերակ չունի խոչընդոտելու կամ արգելելու գյուղատնտեսական նշանակության հողատարածքները հանքավայրի վերածելու գործընթացին: Գյուղապետի միակ լծակն է՝ մերժել պահուստային ֆոնդի հողատարածքների վարձակալությունը ավազահանքի նպատակով:

Լավ պաշտպանված բիզնես

Ամենամեծ ցանկության դեպքում էլ անհնար է ավազահանքի տարածք մուտք գործել: Այստեղ մարդկանց փոխարեն այցելուներին դիմավորում են ոչ հյուրընկալ շները, իսկ հանքերի սեփականատերերի անունները գյուղում՝ խիստ գաղտնի տեղեկատվություն է:

Ստեղծված իրավիճակը բարդել միայն խորհրդային տարիներից ստացած ժառանգության վրա, արդարացի չի լինի, քանի որ ավանդույթը շարունակվում է նաև մեր օրերում, և տարեցտարի գյուղնշանակության հողատարածքները հանքարդյունաբերության պատճառով նահանջ են ապրում, չնայած նրան, որ հանք շահագործող բոլոր տնտեսվարողները, մինչև արտոնագիր ստանալը, դրամագլխին օրենքով սահմանված կարգով վճարումներ են կատարում:

Ընդերքի մասին ՀՀ օրենքի 70 հոդվածի 4 կետի համաձայն լիազոր մարմինը՝ այս պարագայում Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, պատասխանատու է հանքավայրերի փակվելուց հետո հողատարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների համար: Նույնիսկ եթե տնտեսվարողը այն չիրականացնի, ապա լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին պարտավոր է իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ:

Հակոբը գիտակցում է, որ Արգավանդի գյուղնշանակության հողերն իրենց տեղը զիջում են ավազախառն ճահիճներին, սակայն ռեկուլտիվացիայի փաստով այնքան էլ չի ոգևորվում, քանի որ երբևիցե չի կարող հետ գնել իր նախկին հողակտորը: Ըստ Հակոբի տրամաբանության, իր հողակտորը անպիտան դարձվեց և պատահական գումարով գնվեց, իսկ ռեկուլտիվացիայի ենթարկված հողն արդեն զգալիորեն թանկ կարժենա և իր գրպանին հասու չի լինի:


Կարդալ ավելին JAMnews-ում