Ծրագիրը ներառում էր միայն կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր" />

Առաջին միջազգային կինոփառատոնն Աբխազիայում. 32 ֆիլմ 17 երկրից

Ծրագիրը ներառում էր միայն կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր

JAMnews

Սուխումի առաջին միջազգային կինոփառատոնն ավարտվել է Աբխազիայում: Դրա ծրագիրը ներառում էր միայն կարճամետրաժ խաղարկային ֆիլմեր. ընդհանուր 32 ֆիլմ 17 երկրից:

Գաղափարն ու աջակցությունը

Նախագծի գործընկերներն ու հովանավորներն էին աբխազական հյուրանոցները, բիզնես կենտրոնները, զբոսաշրջային մի ընկերություն: Կազմակերպիչների խոսքով՝ մեծ աջակցություն է ցուցաբերել «Աբխազիայի գինիներ և ջրեր» գործարանը, «Ա-Մոբայլ» բջջային կապի օպերատորը, «Աբխազտոպ» պետական ընկերությունն ու Երիտասարդական քաղաքականության պետական կոմիտեն:

Փառատոնի բյուջեն չի նշվում, սակայն հայտնի է, որ 3մլն ռուբլի [մոտ $ 52 հազար] կինոփառատոնին է տրամադրվել միայն Երիտասարդական քաղաքականության կոմիտեի բյուջեից:

Փառատոնի մրցութային ծրագրում, որն անցկացվում էր 2018թ-ի ապրիլի 2-6-ը, ներկաայցված էին ֆիլմեր Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից, ինչպես նաև աբխազ ռեժիսորների ֆիլմերը: Աբխազիայի ԱԳՆ հատուկ աջակցության շնորհիվ բոլոր արտասահմանյան մասնակիցներն առանց բարդությունների կարողացել են Աբխազիա ժամանել:

Մասնակիցները

Փառատոնի մասնակիցների շրջանում ներկայացված էին երիտասարդ ռեժիսորներ՝ դեբյուտային աշխատանքներով և ավելի փորձառու ռեժիսորներ:

Մեծ իրարանցում էր առաջացրել հարավկորեական «Դուման գետից այն կողմ» ֆիլմը:

Երկու հյուսիսկորեացի զինվոր պահպանում են սահմանը Դուման գետով սահմանը հատողներից: Երբ կոչումով ավելի ավագը մի պահ լքում է դիրքը, կրտսերը գաղտնի գնում է դեպի գետը: Այնտեղ՝ մարգագետնի վրա մի ընտանիքի է հանդիպում, որը նրան է տալիս իր բոլոր խնայողությունները, որպեսզի զինվորն օգնի հատել մահացու վտանգավոր սահմանը:

Ֆիլմի ռեժիսոր Սիվոնգ Բեյը ծնվել և մեծացել է Հարավային Կորեայում, ռեժիսուրա է ուսումնասիրել Նյու Յորքում, այդ թվում՝ նկարահանել է 8 կարճամետրաժ ֆիլմ Նյու Յորքի կինոակադեմիայի աջակցությամբ:

Աբխազիան կինոփառատոնին ներկայացված էր երկու ֆիլմով:

Սկսնակ ռեժիսոր Աթան Ագրբան 16 տարեկանում ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ: Նրա«Լիմոնադե Ջոն» պատմություն է փոքր տղայի և լիմոնադի կրպակի տեր Ջոյի ընկերության մասին, որն ինչ-ինչ պատճառներով վտարվել է հասարակությունից: Տղան Ջոյի միակ ընկերն է: Սակայն, ընկնելով տեղի խուլիգանների ազդեցության տակ՝ տղան դառնում է Ջոյի կրպակի գրոհի մասնակից:

«Իմ անունը Մախազ է» կարճամետրաժ ֆիլմը Ինար Նարմանիայի աշխատանքն է Միխա Լակրբայի «Ընկերներ» նովելի մոտիվներով: Պատմությունը տեղի է ունենում խորհրդային Սուխումում 1970-ականներին, ուր գալիս է երիտասարդ Մախազը: Իր ունակությունների շնորհիվ՝ նա ընդունվում է Սուխումի գեղարվեստի ուսումնարան, սակայն, ինչպես պնդում է հերոսը, չի հասցնում ավարտել ուսումը, քանի որ սիրահարվում է: Ֆիլը պատմում է ծանր փորձության մասին, որին եթարկվում է հերոսն իր սիրեցյալին հանդիպելուց հետո:

Ինչպես պնդում են կազմակերպիչները, փառատոնն ամենամյա կդառնա և ապագայում բաց կլինի լիամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար:

JAMnews

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում