Փորձագետների կարծիքով՝ որոշման արդյունքում ուսուցիչներն ու դասախոսներն ավելի քիչ կվարձատրվեն" />

Առաջիկա 3 տարիներին Հայաստանում կրթության ոլորտին ավելի քիչ գումար կհատկացվի

Փորձագետների կարծիքով՝ որոշման արդյունքում ուսուցիչներն ու դասախոսներն ավելի քիչ կվարձատրվեն

Հայաստանի կառավարությունը որոշել է առաջիկա երեք տարիներին կրճատել կրթությանը հատկացվող գումարները: Փորձագետների խոսքով՝ կրթության ոլորտի վրա կատարվող խնայողությունների արդյունքում դպրոցներն ու բուհերը կունենան ավելի քիչ փող ու ուսուցիչներն ու դասախոսներն կվարձատրվեն ավելի քիչ, աշակերտներին կմատուցեն ավելի ցածր մակարդակի կրթություն:

«Սա իսկական աղետ է ոլորտի համար».- ահազանգել է կրթության բնագավառի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նա ասել է, որ եթե չկա գումար, չկան նաև որակյալ մասնագետներ ու կրթված սերունդ։

«Ուսուցչին պիտի տայինք օրինակ 100 հազար դրամ, հիմա տալու ենք 80 հազար դրամ: Բայց ամեն ինչ այս կյանքում ունի իր գինը և այսպիսով լուռ ձևով համակարգին վնաս է տրվում»,- շեշտել է Խաչատրյանը:

Կառավարությունից կայացրած որոշումը պարզաբանել են հետևյալ կերպ. «Կառավարությունը կարևորություն է տալիս կրթությանը՝ որպես երկրի կայուն առաջընթացի ու զարգացման հիմական նախապայմաններից մեկը։ Բայց ներկայիս համակարգի օպտիմալ ձևաչափի բերելու նախապայմանները սահմանափակում են նախատեսված կրթության ծախսերը այսօր աճեցնելու հիմնավորվածությունը: Հաջորդ փուլում  կառավարությունը նախատեսում է հետևողականորեն ավելացնել կրթության ոլորտում պետական ծախսերը թե՛ անվանական մեծությամբ և թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ»:

Բայց պարզաբանումը ոլորտի մասնագետներին չի բավարարել: Կրթության ոլորտն, ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, առանց այն էլ անբավարար գումարներ ունի, իսկ ուսուցիչների աշխատավարձը «նպաստի» է նման: Այս պայմաններում ևս մի քանի տոկոսով կրճատել ոլորտի գումարը, Բլեյանի համոզմամբ, խայտառակություն է:

Վերջինս շեշտել է, որ ավելի ողջունելի կլիներ, որ գործադիրը մտածեր կրթության համակարգում նոր ծրագրեր սկսելու մասին, առիթ ստեղծեր, որ սերունդը ինքնակրթվելու շարժառիթ ունենար։

Թեմայի շուրջ իրենց դժգոհությունն են արտահայտել նաև ֆեյսբուքյան օգտատերերը: Նրանք չեն ողջունել կրթության ոլորտի ծախսերը կրճատելու կառավարության որոշումը՝ նշելով, որ դրա հետևանքով կրթության առանց այդ էլ ցածր մակարդակը ավելի կնվազի:

«Իսկ ՀՀԿ-ն անընդհատ ասում էր գիտելիքահեն տնտեսություն, կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճ և էլի լիքը բլա-բլա…»

«Բարի ախորժակ, սիրելի կառավարություն ջան, տես չտրաքվես …»

«Ապրեք, սպանեք էս երկրի ապագան: Գնդացրով, պարոնայք, գնդացրով»։

«Ուշադրություն, պետական մակարդակով քանդում են արդեն հոգեվարքի մեջ գտնվող կրթական համակարգը»:

«Մինչև հիմա նույնիսկ մեր երկրում զարգացման պետական ծրագրերով գոնե ձևականորեն հնարավոր աճ էր արձանագրվում։ Ուրիշ է երկիրն իմ չքնաղ Նաիրյան՝ աշխարհում եզակի պետություն, որ կառավարության որոշմամբ կրթության ֆինանսավորման նպատակային եռաստիճան նվազեցում է «ավետում», այսինքն՝ առաջիկա երեք տարում յուրաքանչյուր նախորդ տարվա համեմատ ֆինանսական պակաս հատկացում կլինի»։

«Վարձերի բարձրացում, կրթությանը հատկացվող գումարների կրճատում։ Մինչև ուր՞․․․ մեր երկրի միակ նորմալ ռեսուրսը կիրթ սերունդն է, բայց մեր կառավարությունը այս քայլով խոչընդոտում է հասարակության զարգացմանը՝ աղքատ երկրում հասարակության մի հոծ զանգվածի զրկելով կրթություն ստանալու հնարավորությունից։ Կրթությունը հանրային բարիք է, բիզնես չէ»։


Կարդալ ավելին JAMnews-ում