Նահապետական բարքերը ոչ միայն տղամարդկանց են իշխանություն տալիս կանանց նկատմամբ: Դրանք նաև ենթադրում են ծնողների իշխանությունը մեծահասակ երեխաների նկատմամբ " />

Առանց ընտրության իրավունքի. երբ Ադրբեջանում տղամարդկանց բռնի ամուսնացնում են

Նահապետական բարքերը ոչ միայն տղամարդկանց են իշխանություն տալիս կանանց նկատմամբ: Դրանք նաև ենթադրում են ծնողների իշխանությունը մեծահասակ երեխաների նկատմամբ

«Ամուրի՝ նշանակում է անբան»

Մեծացած երեխաներին բռնի կերպով ամուսնացնելու սովորույթը ադրբեջանական «ավանդույթներից» մեկն է, որի դեմ պայքարում են իրավապաշտպանները: Առավել հաճախ խոսում են աղջիկներին բռնությամբ ամուսնացնելու մասին, որոնք ավանդաբար ավելի խոցելի են հայրիշխանական հասարակություններում: Բայց երբեմն զոհ են դառնում նաև տղամարդիկ:

Գտնել և իմանալ տղամարդկանց պատմություններ, որոնց ամուսնացրել են իրենց կամքին հակառակ, պարզվեց, այնքան էլ հեշտ չէ. Նրանք ամաչում են իրենց դրությունից, լռում են և մխիթարվում նրանով, որ երկակի կյանք են վարում:

Ջալիլը [անունը փոխված է իր խնդրանքով- խմբ.] այդպիսի մի պատմության հերոս է:

«Ես 8 հոգուց բաղկացած ընտանիքում ավագ որդին էի, ուստի բանակից հետո մեկնեցի Ռուսաստանի հյուսիս՝ Ուխտա՝ գումար վաստակելու: Աշխատում էի որպես վարորդ, հարազատներիս գումար էի ուղարկում, հետո սիրահարվեցի տեղացի մի աղջկա և պատրաստվում էի ամուսնանալ նրա հետ: 1982թ. ամռանը վերադարձա տուն՝ այցելության: Առաջին իսկ օրը հարազատներս ինձ հետ զրույց սկսեցին ամուսնության մասին՝ որ ես արդեն 25 տարեկան եմ, որ եթե ամուրի եմ՝ «ավարա» եմ [ադրբ.՝ «անբան»]:

Հաջորդ օրը մեկնեցի հարևան գյուղ՝ այցելելու հարազատներիս: Պարզվեց, որ հորաքույրս՝ Ռեյվան, այնտեղ արդեն հարսնատես էր պատրաստել: Իմ ապագա հարսնացուն՝ գյուղական սովորույթներով հագնված՝ գլխաշորով և երկար հագուստով, «պատահաբար» անցնում էր հորաքրոջս տան կողքով, երբ ես նստած էի պատշգամբում: «Հավանու՞մ ես այս աղջկան»,- հարցրեց հորաքույրս: Ես պատասխանեցի, որ «աղջիկ է, էլի»: Դրանից հետո խոսակցություն գնաց, որ ես նրան հավանել եմ:

Գնացին խնամախոս, և ինձ կանգնեցրին փաստի առաջ. եթե չամուսնանաս, քեզ էլ կխայտառակես, մեզ էլ:

Ծնողական խոսքը «ծանր» է. թվում էր՝ պետք է մերժեմ, բայց չկարողացա:

Ամբողջ գործընթացը՝ սկսած խնամախոսությունից, մինչև հարսանիք, մեկ շաբաթ էլ չքաշեց: Մերձավորներից ոչ մեկ չփորձեց ինձ պաշտպանել, բոլորը մորս էին պաշտպանում: Հարսանիքի օրը ես արթնացա այնպիսի մտքով, որ սարսափելի սխալ եմ գործում: Ամուսնացա նույն հագուստով, որով վերադարձել էի արձակուրդ:

«Եթե չամուսնանաս հորեղբորդ դստեր հետ, ես ինձ վրա բենզին կլցնեմ և կինքնահրկիզվեմ», – նման հայտարարություններ կարելի է լսել ադրբեջանցի մայրերից, որոնք մտահոգ են որդու «ճիշտ» ապագայով

Հետո ես կնոջս՝ Սոլմազին, տարա Ուխտա, որտեղ իմ սիրելին դեռ ոչ մի բանի մասին չգիտեր: Երբ նրան հայտնեցին այդ մասին, նա գնաց այլ քաղաք:

Սոլմազը ռուսերեն չէր խոսում, ուստի 10 տարի անցկացրեց մենակյացության մեջ՝ դաստիարակելով մեր երեխաներին: Ես փորձում էի նրան ինչ-որ տեղ տեղավորել, բայց նա չէր ցանկանում աշխատել:

Հետո ես Սոլմազին և դուստրերիս տարա Բաքու: Մեր ամուսնալուծությունը տևեց 20 տարի. նա մինչև վերջին պահը համաձայնություն չէր տալիս: Ես Բաքվում չէի եղել 2004-2014թթ., իսկ երբ եկա, մնացի մի քանի ամիս, քանի որ մայրս շատ վատ էր զգում:

Ես փորձում էի հաճախակի խոսել նրա հետ, և մի անգամ մենք խոսեցինք իմ ամուսնությունից: Երբ ես ասացի, որ նողկում եմ կնոջիցս, որ, օրինակ, նրա եղունգներն ինձ մոտ զզվանք են առաջացնում, մայրս հասկացավ՝ որքան դժբախտ եմ ես:

Մորս մահից հետո Սոլմազն ի վերջո ապահարզանի համաձայնություն տվեց: 57 տարեկանում ես ստացա ազատություն, որի մասին երազում էի մոտ 30 տարի: Ես նորից գտա սիրելիիս, և ապրում եմ նրա և մեր որդու հետ, որը ծնվել էր դեռ իմ դժբախտ ամուսնության ժամանակ:

Չեն թալանում ու չեն բռնաբարում, բայց ճնշում են և շահարկում

Սոցիոլոգ Սանուբար Հեյդարովան ասում է, որ նմանատիպ ամուսնությունների որևէ վիճակագրություն, բնականաբար, չկա, սակայն իր գործունեության ընթացքում ինքը շատ է բախվում նման իրավիճակների հետ: Սկզբնապես տղամարդիկ ենթադրում են, որ չնայած և ամուսնությունը կնքվում է իրենց կամքին հակառակ, իրենք չեն կորցնում ազատությունը, քանի որ մտածում են՝ «կողքից» իրենց կյանքը կունենան: Իրականում նման միությունները հանգեցնում են ինքնության կործանման, երեխաների ոչ ճիշտ դաստիարակության և վեներական հիվանդությունների (քանի որ լիարժեք սեռական կյանքից զրկված ամուսինը խրվում է կեղտի մեջ), բացատրում է սոցիոլոգը:

«Մեր ժամանակներում նման ամուսնություններն ավելի քիչ են, բայց ոչ թե որովհետև փոխվել է մտածելակերպը, այլ որովհետև մարդիկ սկսել են հեռանալ երկրից: Շատերը հեռանում են ոչ թե եվրոպական կրթության կամ ինքնառեալիզացվելու, այլ առանց ընտանիքի ճնշման ապրելու համար»,- ասում է Սանուբար Հեյդարովան:

Հոգեբան Ազադ Իսազադեն առանձնացնում է տարածված երկու սցենար: Առաջինի համաձայն՝ ծնողներն իրենք են ընտրում հարսնացուին, և որդին իրավունք չունի հրաժարվել: Երկրորդի համաձայն՝ ամուսնությունը կնքվում է արտամուսնական կապի պատճառով, երբ երկու կողմերի ծնողները ընդհանուր որոշման են գալիս հարսանիք կազմակերպել և թեման փակել: Երկու դեպքերում էլ գլխավոր փաստարկն է՝ «դու տղամարդ ես, դու պարտավոր ես»: Փեսացուին ստիպելը չի կրում քրեորեն պատժելի գործի բնույթ, ինչպես որ դա լինում է հարսնացուի դեպքում: Տղամարդկանց չեն թալանում և չեն բռնաբարում, բայց նրանց վրա հոգեբանական ճնշում են գործադրում, շահարկումների ենթարկում:

«Նման դեպքերի հետ մենք բախվում ենք ոչ թե ամուսնության պահին, այլ երբ մի քանի տարի հետո զույգն ամուսնալուծվում է»,- պատմում է հոգեբանը: Ասադ Իսազադեն ասում է, որ խոշոր քաղաքներում, օրինակ Բաքվում կամ Գյանջայում, նման դեպքերը եթե անգամ հազվադեպ չեն, ապա առնվազն սկսում են հնչեղություն ստանալ:

Երբ պայմանավորված ամուսնության խնդիրը քննարկվում է սոցցանցերում, հազադեպ է պատահում, որ զոհ-տղամարդկանց հասկանան, ավելի հազվադեպ՝ կարեկցեն: Հիմնական մեկնաբանություններն են. «Մենք այդպիսի ծանոթներ ունենք, նա [կինը-խմբ.] նրա համար ինկուբատոր է, նա [ամուսինը-խմբ.] էլ նրա համար՝ աստված», «Նրանք մայրիկի բալիկներ են, նրանց պետք է կռճոններ բաժին ընկնեն», «Երբ առավոտից գիշեր մարդու ուղեղը սղոցում են, նա կարող է ամուսնանալ՝ պարզապես դրանից ազատվելու համար»: Եվ, որպես կանոն, նրանց քննարկում են երրորդ դեմքով, քանի որ հազիվ թե մեկն ի վիճակը լինի խոստովանել՝ «ինձ բռնի ամուսնացրել են»:

Հնարամիտ բաքվեցի քնոջ պնդումը, որը չի ցանկանում, որպեսզի որդին ամուսնանա ռուս աղջկա հետ. «Այդ քրոստոնյաները թքած ունեն մեծերի վրա, նա քեզ քարշ կտա Ռուսաստան, և իմ կողքին մարդ չի լինի, որպեսզի մի բաժակ ջուր տա»:

«Իմ անունը Ռուֆաթ է, 27 տարեկան եմ: Ծնվել եմ Բաքվում, ծնողներս ծնունդով Ղարաբաղից են: Նախկինում նրանք ինձ «կրծող» էին անվանում, քանի որ ժամանակիս մեծ մասը ես հատկացնում էի ուսմանն ու աշխատանքին, իսկ անձնական կյանքի մասին չէի էլ մտածում: Ինձ դադարեցին այդպես անվանել, երբ իմ կյանքում հայտնվեց Լեյլան, նրա հետ ես ավելի ինքնավստահ և բաց դարձա: Մենք երկու տարի հանդիպում էինք, պատրաստվում էինք ամուսնանալ:

Այն բանից հետո, երբ ես ծնողներիս ծանոթացրի Լեյլայի հետ, նրանք հանկարծ սկսեցին ինձ համար այլ հարսնացու փնտրել:

Իմ ընկերուհին համեստ էր և հարգում էր մեծերին, բայց ծնողներիս, միևնույն է, դուր չէր գալիս:

5 ամիս այն բանից հետո, երբ ես Լեյլային ծանոթացրի ծնողներիս հետ, մենք ստիպված էինք բաժանվել:

Ծնողներիս կարծիքով՝ իդեալական հարսնացուն պետք է լիներ հարուստ և անչափահաս: Լեյլան այդ պահանջներին չէր համապատասխանում, փոխարենը Դիլյարան (ես նրան մի քանի անգամ տեսել էի ընտանիքիս ընկերների տանը) «իդեալական թեկնածու» էր՝ 17 տարեկան, հարուստ հայր: Հարձակումներ սկսվեցին բոլոր կողմերից, իսկ մայրս հիմնական շարժիչ ուժն էր: Ես հաշտվեցի:

Հարսանեկան կոստյումս հագնելուց առաջ ես գնացի խոհանոց և օղի խմեցի, որքան կարող էի՝ հենց շշից: Ես նայում էի մեկ կետի և ոչ մեկի հետ չէի խոսում, հարսանցուն նույնպես տխուր էր:

Մեկ տարի հետո մենք դուստր ունեցանք: Ես այլևս նպատակներ չեմ դնում, զարգանալու իմաստ չեմ տեսնում. արդեն երկուր տարի է՝ աշխատում եմ որպես տաքսիի վարորդ: Ինչ վերաբերում է մորս, նա շարունակում է միջամտել իմ կյանքին, ստիպում է զբոսնել կնոջս հետ, մշտապես հյուր է գալիս: Ես Լեյլայի հետ կապ պահպանում եմ, բայց մենք չենք հանդիպում. երկուսս էլ հասկանում ենք, որ այլևս ոչինչ չենք փոխի»:

Ինքնուրույնությունը թուլացնում է հսկողությունը

Սոցիոլոգ, գենդերային հետազոտող Ումայ Ախունդաձե.

«Փեսացուի և հարսանցուի ընտանիքների կողմից կազմակերպված ամուսնությունները՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, տարածված է հայրիշխանական ընտանեկան դրվածք ունեցող հասարակություններում, և ոչ միայն Ադրբեջանում:

Եվ այն փաստը, որ զոհ կարող են լինել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, ևս մեկ անգամ մեզ հիշեցնում է, որ հայրիշխանությունը ոչ միայն տղամարդկանց իշխանությունն է կանանց նկատմամբ, այլև ավագների իշխանությունը կրտսերների նկատմամբ:

Որքան միանձնյա և համերաշխ են հարսն ու փեսան, այնքան քիչ է տեղ մնում ավագների կողմից կրտսերների վրա իշխանություն հաստատելուհամար, դա խարխլում է հայրիշխանության հիմքերը, հետևաբար «սիրելով ամուսնությունները» վտանգավոր են թվում կյանքի նկատմամբ «ավանդական» հայացքներ ունեցող մարդկանց:

Ժամանակակից Ադրբեջանում ընտանիքների պայմանավորվածություններով կնքվող ամուսնությունները սկսում են ընկալվել որպես խնդիր, այսինքն քննարկվում են որպես խնդիր:

Սակայն, կա մի առանձնահատկություն, որը նկարագրված է մի քանի գենդերային հետազոտություններում: Բանն այն է, որ կյանքի տարբեր ոլորտներում վարվելակարգի արդիականացումը տեղի է ունենում տարբեր տեմպերով: Եվ դա երբեմն ստեղծում է հակասություններ և կոնֆլիկտներ: Օրինակ, հաճախ ծնողներն ուրախանում են, որ իրենց երեխաները մեկնում են արտասահման կրթություն ստանալու: Բայց այնտեղ ամուսնանալ նրանց թույլ չեն տալիս:

Այսինքն, լինելով միանգամայն ժամանակակից կրթության հարցում՝ մարդիկ շարունակում են մնալ պահպանողական ընտանիքի և ամուսնության հարցերում:

Խնդրի հիմքը կյանքի նկատմամբ ավանդական և մոդեռնիզացած հայացքների բախումն է, մարդու մասին մասին պատկերացումը՝ մի կողմից որպես ինքուրույն և ազատ անհատ, մյուս կողմից՝ ընտանիքի և տոհմի շարունակող»:

Ազգագրագետ, արվեստաբան Սաբինա Մովլամովա.

«Խնդրի հիմքը մեր նախնիների հնացած ավանդույթների մեջ է: Դեռ նախորդ դարի սկզբին ադրբեջանցու ընտանեկան կարգավիճակի համար պատասխանատվություն կրում էին նրա հարազատները: Մի շարք գյուղերում գոյություն է ունեցել արգելք աղջկա և տղայի միջև (եթե նրանք հարազատներ չեն) ցանկացած, անգամ ամենաանմեղ շփման վրա: Բացի այդ, կնոջ ավանդական հագուստի տակից հնարավոր չէր տեսնել նրա կազմվածքը:

Արդյունքում հարսնացու ընտրելը կանանց գործն էր. Նրանք թեկնածուներին ուսումնասիրում էին հարսանիքների ժամանակ, նրանց հետևում համամներում (բաղնիք-խմբ.): Խնամախոս գնում էին միայն կանայք, իսկ սպասվող հարսանիքի մասին փեսացուն իմանում էր միայն պոստֆակտում:

Ամուսնություն պարտադրելու բազմադարյա ավանդույթը շուտ չի ավարտվի. երեխաներին դեռ ազատություն չեն տալիս, նրանց «կոտրում են»՝ հանուն իրենց շահերի: Այդ կոտրված և ընտրության իրավունքից զրկված մարդիկ էլ բռնի ամուսնությունների ապագա զոհերն են»:


Կարդալ ավելին JAMnews-ում