Այդ գիշեր՝ լուսաբացին մոտ, Ռուսթավելու պողոտայում երգերն ու պարերը փոխարինվեցին չարաբաստիկ լռությամբ․ բոլորը սպասում էին ուժայինների գրոհին" />

30 տարի անց` թբիլիսյան ողբերգական իրադարձություններից, երբ սովետական բանակը ցրեց անկախության համար խաղաղ ցույցը

Այդ գիշեր՝ լուսաբացին մոտ, Ռուսթավելու պողոտայում երգերն ու պարերը փոխարինվեցին չարաբաստիկ լռությամբ․ բոլորը սպասում էին ուժայինների գրոհին

30 տարի է անցել 1989թի ապրիլի 9ի թբիլիսյան ողբերգական իրադարձություններից: Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին:

Ապրիլի 9-ին Ռուսթավելի պողոտայում զոհվեց 21 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ և թունավորում:

Հենց այստեղ է ամեն ինչ տեղի ունեցել 1989թին։ Վրաստանի խորհրդարանի առջև ապրիլի 9ի հուշարձանին մարդիկ ծաղիկներ են սկսել տանել դեռ գիշերվանից։

Ապրիլի 9ի առավոտից զոհերի հիշատակը հարգելու էին եկել քաղաքական գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

«Մեր ողջ բազմադարյա պատմությունն ազատության համար պայքարի պատմություն է, որը շարունակվում է նաև այսօր։

Խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առաջ և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հավատարիմ կմնա այն իդեալներին, որոնց շուրջ միավորվել էր 30 տարի առաջ։

Եվ այդ միավորման արդյունքն է մեր պետականության վերականգնումը», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո։

«Մենք հիշում ենք» այսպես են ողբերգական դեպքերի 30-րդ տարելիցին արձագանքել հազարավոր մարդիկ սոցցանցերի վրացական տիրույթում։ Ոմանք հրապարակում են զոհվածների ամբողջական ցուցակը։ Մյուսները կիսվում են իրենց հիշողություններով և պատմում, թե ինչ էին զգում 30 տարի առաջ։

Սոցցանցերում լիակատար միասնականություն է այն իրադարձություններին քաղաքական գնահատական տալու առումով, բառացիորեն բացառություններ չկան։ Մի քանի բնորոշ մեջբերում։

«Մենք մշտապես պետք է հիշենք, թե որտեղից ենք եկել, ով է մեր թշնամին և ինչի համար են պայքարել մեր նախնիները»։

«Այն գիշեր մայրս ու նրա երկու ընկերուհիները կարողացել են մահից փրկվել։ Ես հավատում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք այն ժամանակ ազատության կողմնակից էին, այսօր էլ են ճիշտ ընտրություն կատարում»։

«Դա առաջին անգամն էր, երբ իմ տառապանքներն անձնական գործերիս չէին վերաբերում։ Ռուսաստանի հանդեպ առաջին ցասումն ու ատելությունը։ Պայքարելու առաջին ցանկությունը, որն այդ ժամանակներից չի լքում ինձ»։

«Այն ժամանակ ես դեռ դպրոցում էի սովորում։ Այժմ ես արդեն պապիկ եմ, և շուտով թոռներս դպրոց կգնան։ Սակայն նույնիսկ շատ տարիներ անց, վստահ եմ, որ ազատությունն ու անկախությունն արժեն, որ դրանց համար պայքարենք։ Նույնիսկ նման թանկ գնով։ Ես հպարտանում եմ իմ ազգով, որը միշտ պայքարել է իր ազատության և անկախության համար»։

«Եվրատլանտյան ուղղվածության ընտրությունը որոշել է ոչ թե Վրաստանի կառավարությունն, այլ ապրիլի 9ը։ Այդ օրը մենք վերջնականապես համոզվեցինք, որ չենք կարող մարդասպանների հետ ընդհանուր ուղի և նպատակներ ունենալ»։

Ապրիլի 9-ի գիշերը

Հատուկ նշանակության զորքերը հայտնվեցին Ռուսթավելի պողոտայում լուսաբացին՝ 3:56-ին: Այդ պահին խորհրդարանի ներկայիս շենքի դիմաց հավաքվել էին հազարավոր մարդիկ:

Լուրը այն մասին, որ սովետական բանակը պատրաստ է ճնշել ցույցը, ավելի վաղ էր հասել: Բախումներից մի քանի րոպե առաջ արյունահեղությունից  խուսափելու համար Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը կոչ էր արել ժողովրդին եկեղեցիներ գնալ աղոթելու: Սակայն ցուցարարները չդադարեցրին ակցիան: Լուսաբացին Ռուսթավելի պողոտայում երգում ու պարում էին, սակայն հետո վրա հասավ չարագուշակ լռությունը. բոլորը սպասում էին ուժայինների հարձակմանը:

Պատրիարքի ելույթից մի քանի րոպե անց խորհրդարանի դիմաց հայտնվեցին զինված ստորաբաժանումները:

Մահակներով և սակրավոր բահերով զինված զինվորականները գեներալ-գնդապետ Ռոդիոնովի հրամանատարությամբ սկսեցին դաժանաբար ցրել ցուցարարներին: Հատուկ նշանակության ջոկատը օգտագործում էր քիմիական գազ: Հենց տեղում զոհվեց 16 մարդ: Հաջորդող օրերին զոհերի թիվը հասավ 21-ի: Զոհերի մեծ մասը կանայք էին (այդ թվում նաև դպրոցական աղջիկներ): Սպանվածների մեծամասնության վրա կային բահով հարվածի հետքեր: Ապրիլի 9-ի գիշերը 3500 մարդ թունավորվել էր քիմիական գազից:

Այսպիսին էր լուսաբացը Թբիլիսիում

Ողբերգությունից հետո պարետային ժամ հայտարարվեց: Սովետական մամուլը լռում էր թունավոր գազի օգտագործման մասին, ոչ մի տեղ չէր ասվում նաև այն մասին, թե ինչպես էին զինվորները բահերով և մահակներով դաժանաբար ցրում ցուցարարներին: Սպանվածներին հայտարարեցին առաջացած հրմշտուքի զոհեր: «Կոմունիստ» թերթը գրեց, որ տեղի ունեցածը անկարգությունների արդյունք էր:

Միակ թերթը, որը համարձակվեց ցույց տալ տեղի ունեցածի իրական պատկերը, վրացական ռուսալեզու «Վրաստանի երիտասարդությունն» էր, որը տեքստի հետ միասին հրատապարակեց լրագրող Յուրի Ռոստի ֆոտոռեպորտաժը: Այդ համարի ամբողջ տպաքանակի վրա կալանք դրվեց և ոչնչացվեց, իսկ թերթի լրագրողները և խմբագիր Վախթանգ Աբաշիձեն լուրջ խնդիրներ ունեցան:

Հետագայում կալանքը հանվեց, և այդ համարը, այնուամենայնիվ, կրկին տպագրվեց և հասավ ընթերցողներին: Իհարկե, խորհրդային զորքերի առանձնահատուկ դաժանությունը պատկերող երկու լուսանկար գրաքննությունը թույլ չտվեց հրապարակել: Եվ էջում մնաց 2 դատարկ տեղ, սակայն 10 լուսանկարն ու տեքստը հրապարակվեցին:

Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, անցկացված հանրաքվեի արդյունքներով Վրաստանը անկախ հռչակվեց: Գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ ընդունեց Վրաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում