Բախլուլ Ալիևը պատմում է, թե ինչպես է վնասվածքը փոխել իր կյանքը" />

Ապրելու կամքը, ռեփն ու սպորտը

Բախլուլ Ալիևը պատմում է, թե ինչպես է վնասվածքը փոխել իր կյանքը

Բախլուլ Ալիևը վիրավորվել է Նոր տարվա շեմին`2002թ. դեկտեմբերի 31-ին: Նա ծառայում էր Ֆիզուլիի շրջանում, Հարամի Դյուզյու կոչվող վայրում: Զինվորները գնացել էին հաց բերելու և վերադարձի ճանապարհին գնդակոծության էին ենթարկվել:

Մոտ 30 տարի առաջ ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլը, երբ Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջաններն անցան Հայաստանի հսկողության տակ: 1994թ. զինադադար է կնքվել, սակայն շփման գծում հրաձգությունը շարունակվում է: Ըստ ադրբեջանական «Կասպիյ» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալների, այդ պայմանագրի ստորագրումից հետո 2017թ. դրությամբ Ադրբեջանի մոտավոր կորուստների թիվը գերազանցում է 4000-ը:

Բախլուլը գիտակցության եկավ հունվարի 2-ին հիվանդանոցում: Առաջինը լսեց ազանի ձայնը`մոլլան աղոթքի էր կանչում Սարիջալի գյուղի բնակիչներին: Ավելի ուշ նրան այցելեց բժիշկն ու հարցրեց.

– Սպորտսմե՞ն եք եղել:

– Ինչո՞ւ «եղել»…ես հիմա էլ եմ սպորտսմեն: Հո դարեր չեն անցել:

-Այդպես էլ կարծում էի: Տանջվեցինք, մինչև ձեր կուրծքը կտրեցինք:

Գնդակը վնասել էր ողնաշարը, և այդ օրվանից Բախլուլը չի քայլում:

Բախլուլ Ալիևի վիրավորման պահից ավելի քան 16 տարի է անցել: Այսօր Բախլուլը շատ կենսուրախ տեսք ունի, բայց նրա համար ամենևին հեշտ չէր նորից ժպտալը.

«Չորս ամիս հիվանդանոցում պառկեցի: Չէի ուզում հաշմանդամի անվասայլակ նստել: Կարծում էի, որ ոտքի կկանգնեմ ու կգնամ տուն: Բայց հետո ստիպված նստեցի:

Վերադարձա հայրենի գյուղս`Իսմայիլի: Կյանքն ինձ համար կորցրեց իմաստը: Նույնիսկ ինքնասպանության մասին էի մտածում: Հայրս դա զգաց: Տնեցիներին հանձնարարեց ինձ մենակ չթողնել:

Այդպես ես մոտ երկու տարի ապրեցի: Այնքան ժամանակ, մինչև եկա Բաքու»:

Թեև շատերը ծիծաղում են, լսելով այդ մասին, նա անկեղծորեն խոստովանում է, որ կյանքի է վերադարձել կանանց շնորհիվ:

«Բաքվում բուժվում էի վերականգնողական կենտրոնում: Այնտեղ ես տեսա, որ պրակտիկա անցնող աղջիկներն ինձ ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան քայլող տղաներին: Ժամանակի ընթացքում ծանոթացա նրանց հետ, ընկերացա: Իսկ հետո հանկարծ մտածեցի`ի՜նչ հիասքանչ է կյանքը»:

Մանկուց Բախլուլն ամենաշատը սիրում էր սպորտն ու պոեզիան: Դրանց շնորհիվ նա նորից սկսեց կյանքում իր տեղը փնտրել:

«2008թ. սրտի կաթվածից մահացավ հայրս: Որոշ ժամանակ անց ես սկսեցի մարզվել մեր թաղամասի Սպորտային համալիրում: Այնտեղի մարզիչիս օգնությամբ դիմեցի Սումգայիթի Պարաօլիմպիական կոմիտե: Այնտեղ դրական արձագանքեցին, ու ես նույնիսկ մի անգամ հանրապետության չեմպիոն դարձա: Բայց ֆինանսական դժվարությունների պատճառով թողեցի սպորտը»:

Ի դեպ, նրա խոսքով, իր բուժման համար վիրահատություն է անհրաժեշտ: Թեև ոչ մի բժիշկ հարյուր տոկոսով չի երաշխավորում, որ վիրահատությունը հաջողությամբ կպսակվի, նա հույսը չի կորցնում:

Հոր մահից հետո Բախլուլը որոշ ժամանակ սպորտով էր զբաղվում, իսկ հետո մի օր ռեփ գրեց իր հետ կատարվածի մասին: Ու դա նրա կյանքում շրջադարձային կետ դարձավ.

«Ես ռեփ գրեցի ու ելույթ ունեցա Իսմայիլի եկած «Tanıdım Səni» ծրագրի շրջանակներում: Դրանից հետո մի քանի հեռուստաալիքներից հրավեր ստացա:

Այդպես ես հայտնի դարձա: Նույնիսկ Բաքու տեղափոխվեցի: Այժմ ռեփով եմ զբաղվում, երգեր եմ երգում: Նաև սերիալներում եմ նկարահանվում: Ուզում եմ սկսել վաստակել: Ճիշտ է, դեռ չեմ կարողանում դրանով գումար աշխատել: Բայց, ամեն դեպքում, ինչ-որ բանով զբաղվում եմ»:

Մեկ տարուց ավել է, ինչ Բախլուլն ամուսնացել է, ու այժմ ապրում է կնոջ ու մոր հետ: Ասում է, որ վերջերս ավելացած նպաստի հետ միասին ստանում է մոտ 450 մանաթ թոշակ, բայց այդ գումարով դժվար է ընտանիք պահել.

«Ճիշտ է, պետությունն ինձ մեքենա և տուն է նվիրել Իսմայիլիում, ու այդ տանն այնքան հրաշալի պայմաններ են ստեղծված, որ այնտեղ մոռանում եմ իմ հաշմանդամության մասին: Իսկ մեքենան ես վաճառեցի, քանի որ փոխանցման տուփը մեխանիկական էր, մեկ ուրիշը գնեցի: Բայց, ամեն դեպքում, ուզում եմ նշել, որ թոշակի չափը շատ փոքր է, հաշվի առնելով, որ Ադրբեջանը նավթային երկիր է, իսկ ես ղարաբաղյան պատերազմի առաջին կարգի չաշխատող հաշմանդամ եմ»:

Վերջերս Բախլուլն ընկերոջ հետ Հեծանվորդների ակումբ է ստեղծել սահմանափակ կարողություններով մարդկանց համար:

«Ես էլ եմ այդ ակումբի անդամ: Ընկերներ ունենք, որոնց ձեռքերը չեն աշխատում, բայց նրանք կարող են հեծանիվ քշել: Սպորտից բացի, դա նաև վերականգնողական աշխատանք է»:

Չլսված ձայներ» նախագիծը International Alert’s կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող աշխատանքի մաս է կազմում: Այն հակամարտությունից տուժող հասարակությունների լրագրողների աշխատանքի և «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի վրա հակամարտության ազդեցությունը լուսաբանող նրանց համատեղ ջանքերի արդյունքն է: Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և’ սեփական հասարակության մեջ, և’ հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական դեմքերը:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Այս էջում հրապարակված նյութերի համար պատասխանատու են բացառապես լրագրողները, դրանք պարտադիր չէ, որ արտացոլեն «International Alert»-ի կամ դոնոր կազմակերպությունների կարծիքը կամ քաղաքականությունը: Մեր բոլոր լրագրողները հետևում են որոշակի վարքականոններին, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին JAMnews-ում