Պատվիրված սպանության կազմակերպմանը մասնակից է հայտնի ռուս գործարար Պրիգոժինը՝ նախագահ Պուտինի շրջապատից " />

Ապացուցված է. ռուս լրագրողներին մեկ տարի առաջ սպանել են հետաքննության համար, ոչ թե կողոպուտի ժամանակ

Պատվիրված սպանության կազմակերպմանը մասնակից է հայտնի ռուս գործարար Պրիգոժինը՝ նախագահ Պուտինի շրջապատից

Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական վարկածն այն մասին, որ երեք ռուս լրագրողներին՝ Օրհան Ջեմալին, Ալեքսանդր Ռաստորգուևին և Կիրիլ Ռադչենկոյին մեկ տարի առաջ սպանել էին կողոպուտի արդյունքում, սուտ է որակավորվել: 

Այդ մասին ասվում է  ռուսական «Դոսյե» («Досье») կենտրոնի հետաքննության մեջ, որի տրամադրության տակ է հայտնվել Պրիգոժինի աշխատակիցների նամակագրությունը մեսենջերներում: 

Հաշվետվության մեջ նաև խոսվում է, որ Ռուսաստանի նախագահի շրջապատից պետերբուրգցի գործարար Եվգենի Պրիգոժինին (հայտնի է «Պուտինի խոհարար» մականունով) մոտ կանգնած անձիք ուղղակի կապ ունեն այդ մարդկանց սպանության հետ: 

Եվգենի Պրիգոժինը (ձախից) ճաշ է մատուցում Վլադիմիր Պուտինին. լուսանկարն արվել է 2011թ. նոյեմբերին, երբ Պուտինը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը REUTERS/Misha Japaridze

Ինչպես են սպանել լրագրողներին 

Լրագրողներ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն սպանվել են Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում 2018թ. հուլիսի 30-ին: Անհայտ անձինք երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանց մեքենան կանգնեցրել էին: Ղեկին եղել էր տեղի բնակիչ Բիենվենյու Դուոկաման: Լրագրողների վրա կրակել էին, նրանց մարմինները հատնաբերել էին ՄԱԿ-ի աշխատակիցները Սիբյու քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Վարորդը ողջ էր մնացել: 

Լրագրողները ֆիլմ էին նկարում այն մասին, թե ինչ է անում այդ երկրում ռուսական մասնավոր ռազմական ընկերությունը, որը հայտնի է «Վագների մասնավոր ռազմական ընկերություն» անվանումով: Բայց թե ինչ կերպ էին փորձառու լրագրողները մութ ժամին հայտնվել մի տարածքում, որտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում, հայտնի չէ: 

Բջջային հեռախոսներից բացի մարդասպանները լրագրողների իրերին ձեռք չէն տվել: Սակայն ռուսական քննության պաշտոնական վարկածը մնում է «կողոպուտի փորձ՝ իրականացված արաբախոս ավազակախմբի կողմից»: 

Ինչ է «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը»

Ինչպես գրում է ռուսական «Նովայա գազետա»-ն, «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» ոչ պաշտոնական ստորաբաժանում է, այն գոյություն չունի ռուսական ռազմական գերատեսչությունների հաշվեկշռում, ոչ էլ իրավաբանական անձանց ռեեստրում: 

Սակայն «Վագների մասնավոր ռազմական ընկերության» մարտիկները հայտնվում են այնտեղ, որտեղ պաշտոնական Ռուսաստանը չի մասնակցում ռազմական գործողություններին: 

Այսպես, ըստ լրագրողական հետաքննության, վագներականները մասնակցել են Սիրիայի ցամաքային գործողություններին, Դոնբասի ու Արևելյան Ուկրաինայի պատերազմներին: 

Ըստ որոշ տվյալների՝ այդ ստորաբաժանումը ֆինանսավորում են «բարձրաստիճան գործարարներ», այդ թվում նախագահ Պուտինին մոտ կանգնած պետերբուրգցի գործարար Եվգենի Պրիգոժինը: 

Պաշտոնապես նա ռեստորատոր է,  այստեղից էլ «Պուտինի խոհարար» մականունը: Սակայն նրա հետ են կապվում մի քանի փակ և կիսափակ ֆինանսական կառույցներ, Պրիգոժինին նաև համարում են «տրոլլերի ֆաբրիկայի» կազմակերպիչ և ռուսական մի քանի ազդեցիկ քարոզչական պարբերականների ստեղծող և ղեկավար: 

Լրագրողներին սպանել են դեռ մինչև վերջ չպարզված հանգամանքներում: 

Ինչպես է ապացուցվել Պրիգոժինի աշխատակիցների մասնակցությունը սպանությանը 

Հիմնական թեզիսներ.

1.

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն լրագրողների այցի կազմակերպման գործում առանցքային դեր է խաղացել «Մարտին» գաղտնանունով միջնորդը, որի անձը մինչ այժմ հաստատված չէ: 

Հենց նա էլ պետք  է տեղում դիմավորեր խմբին և ապահովեր նրանց կապերը և անվտանգությունը: Ենթադրաբար, լրագրողները մեքենայով գնում էին հենց «Մարտինի» հետ հանդիպման, երբ նրանց սպանել են: Այդ մարդուն գտնել այդպես էլ չի հաջողվել, և քննիչները կարծում են, որ նա ընդհանրապես գոյություն չունի: Իսկ նրա հեռախոսն ու էլհասցեն սպանված լրարողներին էր տրամադրել ՖԱՆ տեղեկատվական գործակալությունը, որի սեփականատեր է համարվում հենց Եվգենի Պրիգոժինը: 

2.

Ինչպես գրում է «Դոսյե»-ն, «սովորական կողոպուտի» մասին վարկածը հերքվում է բազմաթիվ փաստերով: Ապացուցված է, որ ԿԱՀ-ում լրագրողներին հետևել են Պրիգոժինի հետ կապված անձինք: 

Բացի այդ, նրանց վիրավորումների բնույթը «խոսում է այն մասին, որ սպանությունը եղել է դիտավորյալ և պրոֆեսիոնալի կողմից իրականացված»: 

3.

Քննիչները պարզել է, որ 10 ավազակների կողմից հարձակում գործելու վարկածը հնչեցվել է Պրիգոժինի աշխատակցների կողմից ներքին չատում, ՆԱԽՔԱՆ մամուլում կհայտնվեր հարձակում գործածների անձի և թվի մասին որևէ տեղեկատվություն: 

Չատի անդամները նախապես պայմանավորվել էին, որ «տեղեկատվության գլխավոր աղբյուրը պետք է լինի տեղի ոստիկանությունը և դեսպանատունը»: 

Ըստ «Դոսյե»-ի, այժմ Պրիգոժինի ընկերություններին առաջադրանք է դրված ոչ միայն լրագրողների սպանության կեղծ տարբերաներ տարածել, այլև արձագանքել զոհվածների հարազատների հարցումներին և գրել Ռուսաստանի իրավապահ մարմինների հայտարարությունների ձևակերպումները: 


Կարդալ ավելին JAMnews-ում