Մարդիկ ավելի ազատամիտ են դարձել և հասկացել. ամուսնությունը ցմահ բանտարկություն չէ երկու հոգու համար նախատեսված բանտախցում" />

Մեկնաբանություն. Ապահարզանը ոչ միշտ է վատ երևույթ, հատկապես Ադրբեջանում

Մարդիկ ավելի ազատամիտ են դարձել և հասկացել. ամուսնությունը ցմահ բանտարկություն չէ երկու հոգու համար նախատեսված բանտախցում

Բոլորը նստած են՝ հայացքները հեռախոսներին հառած: Այս հեռախոսներից միայն վնաս կա: Քանի՜ ամուսնություն են դրանք փլուզել: Նախկինում էլ էին չէ՞ միմյանց դավաճանում: Եվ ի՞նչ: Չկային այս բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ոչինչ չէր հայտնվում էկրաններին, ընտանիքներն էլ չէին քանդվում:

Ավտոբուսում մի կին այնքան անկեղծ է վրդովվում, որ նրա երեսպաշտությունն ուզում ես միամիտ անվանել, անգամ՝ հուզիչ:

Իսկ իմ ծանոթներից մեկը, որը դիմացս է նստած, շատ է ուրախանում, որ ինչ-որ մեկն ազատվել է աշխատանքից կամ բաժանվել:

Ոչ թե նրա համար, որ նա նախանձ, չար ու գարշելի էակ է, այլ քանի որ վստահ է. աշխատանքից ազատվելն ու բաժանվելն ինչ-որ նոր բանի սկիզբ են:

Վիճելի, սակայն լավատեսական հայացք: Որը բացարձակապես չեն կիսում նրանք, ովքեր արդեն մի քանի տարի է՝ ահազանգում են, որ Ադրբեջանում ապահարզանների թիվն ավելանում է:

• Արտաամուսնական երեխաներն Ադրբեջանում

• Ապահարզանն Ադրբեջանում. ինչպե՞ս պաշտպանել երեխաներին

• Վեճեր Ադրբեջանում՝ սոցցանցերի շուրջ

Պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. Ադրբեջանում ամուսնալուծվել է 14,5 հազար զույգ: Սա երկար տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Եվ սա ավելի բարձր ցուցանիշ է, քան 2015-ի ռեկորդը՝ 14,8 հազար ամուսնալուծված զույգ: Ընդ որում, ամուսնությունների քանակը կրճատվում է, իսկ ապահարզաններինն, ընդհակառակը, ավելանում:

Ինչո՞ւ է աճել ապահարզանների թիվը

Այս թեմայով խոսում են լրատվամիջոցները, հեռուստատեսությունը, սոցցանցերը: Խոսում են «խոհանոցներում»՝ ճնշված և մեղավորների փնտրում:

Ոմանք կարծում են, որ ամեն ինչի պատճառը սոցիալական վատ վիճակն է: Իբր սիրային նավակները կոտրվում են՝ բախվելով բանկային վարկերի և էլեկտրաէներգիայի վճարների խութերին:

Շատերը կարծում են, որ խնդիրը բարոյականության անկումն է: Կրկին այդ «Գեյրոպան» մեր երիտասարդությանը շեղում է ճշմարիտ ուղուց:

Հա, մեկ էլ տեխնիկական առաջընթացը, որից բողոքում էր ավտոբուսի տիկինը: Եվ կարևոր չէ, որ հեռախոսները դավաճանությունների համար մեղավոր են այնքան, որքան ռենտգենը՝ հայտնաբերված կոտրվածքի համար:

Ապահարզանը որպես երևույթ, իհարկե, վատ է:

Սակայն Ադրբեջանի դեպքում չկա չարիք առանց բարիք:

Քանի որ դա վկայում է, առաջին հերթին, այն մասին, որ մարդիկ գոնե մի փոքր ավելի ազատ են դարձել: Նրանք հանկարծ հասկացել են, որ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԱՐԵԼԻ Է: Կարելի է բաժանվել և շարունակել ապրել, այլ ոչ թե ամուսնության վկայականն ընկալել որպես երկուսի համար բանտախցում ցմահ բանտարկության դատավճիռ:

Ամուսնու տնից՝ միայն գերեզմանոց

Տասը, երեսուն և հիսուն տարի առաջ Ադրբեջանում ավելի քիչ ապահարզաններ են եղել ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ավելի հարուստ կյանք են ունեցել, միմյանց ավելի լավ են հասկացել կամ սմարթֆոններ չեն ունեցել:

Պարզապես այն ժամանակ բաժանվելն ընդունված չի եղել: Դա ծայրահեղ միջոց էր, որին կարելի է դիմել՝ փորձելով բոլոր մնացած տարբերակները՝ ներառյալ ամուսնու սիրուհուն սպանելը: Ապահարզանը կնոջ համար ամոթ էր, մեծ խաչ՝ նրա ապագայի վրա:

Համարվում էր, որ կինը «սպիտակ զգեստով ամուսնու տուն մտնելուց հետո այն կարող է լքել միայն սպիտակ սավանով»: Այսինքն՝ «ոտքերը տնկած»:

Նման դասավորության պարագայում, պարզ է, որ նա դիմանում էր ամեն ինչի, ընդուպ մինչև ամենօրյա ծեծին:

Շատ տղամարդկանց էլ էր ապահարզանից ետ պահում սրիկայի համբավ ձեռք չբերելու, երեխաներին խայտառակ չանելու և ծնողներին կաթվածի չհասցնելու ցանկությունը:

Եվ ահա ինչ-որ բան տեղի ունեցավ ադրբեջանցիների գլխում, ինչ-որ բան շխկաց, թե էվոլյուցիան է իրենն անում, որքան էլ դիմադրես: Սակայն, թվում է, որ ապահարզանը դադարել է նրանց ողբերգություն և աղետ թվալ:

Փրկության տարբերակ

Այո, տխուր է: Այո, տհաճ է: Եվ ընդհանրապես, ամեն ինչ այնքան լավ էր սկսվում: Սակայն ապոկալիպսիս չէ: Կարելի է ամուսնանալ երկրորդ անգամ՝ թիկունքում ունենալով չստացված փորձ, միաժամանակ «փչացած ապրանք» չհամարվելով:

Կարելի է կնոջից հեռանալ՝ չվախենալով, որ կոտրել ես նրա կյանքն ու դրա համար ավելորդ միլիոն տարի դժոխքի կրակներում ես այրվելու: Կարելի է նույնիսկ մի անգամ էլ փորձել նույն մարդու հետ, եթե հանկարծ որոշեք, որ միմյանց ոչ լրիվ «արյունն եք խմել»:

Հանելով վարդագույն ակնոցն ու ճշմարտության աչքերին նայելով՝ պետք է խոստովանել, որ ապահարզանը քաղաքակրթության հիանալի ձեռքբերում է: Եվ դրա արգելքը բոլոր ժամանակներում խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չի բերել:

Անվտանգության կանոնների համաձայն՝ ցանկացած շենքում պետք է տարհանման ելք լինի: Դա բնավ չի նշանակում, որ շենքը մի օր կհրդեհվի: Հնարավոր է, որ այն մինչև 300 տարի կանգուն մնա: Սակայն տարհանման ելքը պետք է լինի: Եվ համաձայնեք, որ ապահարզանների վիճակագրությունն ավելի լավ է, քան կենցաղային սպանությունների բարձր վիճակագրությունը:

Մենք թերևս լավ, թե վատ սովորել ենք բաժանվել:

Այժմ մնում է սովորենք մարդավարի ամուսնանալ:

Այդ ժամանակ, ի դեպ, ապահարզաններն ավելի քիչ կլինեն:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում