Ցմահ դատապարտյալի նամակները նրանց, ովքեր ազատության մեջ են: Նամակ երրորդ " />

Ապագան հիասքանչ է, եթե այն կա

Ցմահ դատապարտյալի նամակները նրանց, ովքեր ազատության մեջ են: Նամակ երրորդ

Նկարը՝ Անաստասիա Լոգվինենկոյի
 «Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նոր նախագիծն է: Ամեն ինչ սկսվեց նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 23 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: 

Յուրի Սարգսյանի երրորդ նամակը

Տարին ավարտվում է: Անազատության, թե ազատության մեջ՝ գրեթե նույն կերպ: Ուրախանում ենք, որ վատագույն սպասումները չարդարացան: Եվ տխրում ենք չկատարված հույսերի համար: Պատրանքներ չունենք: Մինչ օրս Հայաստանի ոչ մի նախկին մահապարտ ազատ չի արձակվել: Վերջին գնդակահարությունից քսանհինգ տարի է անցել: Սակայն մահվան դատապարտվածները նախկինի պես մահանում են: Մահանում են անելանելիությունից, նրանից, որը վաղը կրկին նրանց երկնքում արև չի շողա:

Ցմահ դատապարտյալներին մինչև հիմա շարունակում են մերժվածների շարքին դասել և չեն պատրաստվում երկրորդ հնարավորություն տալ: Պայմանական վաղաժամ ազատման «անկախ» հանձնաժողովն անտեսում է մեր մասին ցանկացած դրական տեղեկություն՝ առաջնորդվելով բացառապես քրեական գործի փաստերով:

Դատապարտյալների հետ դաստիարակչական աշխատանքների անցկացման պատասխանատուներն իրենց դերը լավ չեն կարողանում կատարել: Այստեղի իրականությունը ոչ մի կերպ չի  նպաստում դատապարտյալների վերասոցիալականացմանը, այն պարզապես սովորեցնում է կենդանի մնալ անազատության մեջ: Մենք ինքներս ենք ձգտում դուրս պրծնել արատավոր շրջանից՝ ի հեճուկս դրան ամեն կերպ խանգարելու՝ ադմինիստրացիայի փորձերին:

Եվրոպական չափանիշները, որոնց այդպես ձգտում է Հայաստանը, անընդունելի են համարում հասարակության կողմից անձից վրեժ լուծելը: Սակայն բանտարկյալների մերժված կատեգորիայի դրությունը վկայում է հենց վրեժի մասին: Մարդուն ոչնչացնում են որպես անհատի և պահանջում լինել հնազանդ և խոնարհ:

Կանոնավոր կերպով, օրեցօր, տարեցտարի բանտարկյալն ապրում է անմարդկային պայմաններում՝ ենթարկվելով ուրիշների կանոններին: Աշխատանքի բացակայությունը, լույսի, թարմ օդի, ջրի և սննդի դոզավորված չափաքանակը սոցիալական խնամարկյալի կարծրատիպեր են ձևավորում: Հարազատների հետ հանդիպումների սահմանափակումը կործանում է ընտանեկան կապերը: Իսկ մարդուն բանտում մահվան դատապարտելը նրան գազանի է վերածում:

Պատիժը պետք է ծայրահեղ միջոց լինի, այլ ոչ թե կյանքի նորմ դառնա: Սակայն ցմահ դատապարտումն առանց ազատ արձակվելու հնարավորության ուրիշ ինչի՞ է վերածվում, եթե ոչ գոյատևման նորմի:

Եվ եթե բանտարկությունը չի սահմանվում հանուն դատապարտյալի նշանակված ժամկետներով, նշանակում է, որ  ոչ այնքան հեռավոր վայրերում նրա անժամկետ պահպանումը ծառայում է այլ շահերի: Ի՞նչ շահերի:

Իմ հորեղբոր տղան, որը 25 տարի բանտապետ է աշխատել, մի փոքր լույս սփռեց այս հարցին. «Ի տարբերություն դատապարտյալների, որոնք բանտում են գտնվում ոչ թե իրենց կամքով, այլ դատավճռի հետևանքով, ադմինիստրացիան աշխատելու է եկել, որպեսզի մեղրով ու կարագով հաց ուտի»:

Սակայն չմանրամասնեց ասածը՝ չցանկանալով հիշել անցյալը: Ես էլ չէի ցանկանա բարեկամից լսել մի բան, որը մեզ օտար կդարձնի: Այդ է նախկին ոստիկանների և բանտարկյալների միջև տարբերությունը: Նրանք ուզում են ամեն ինչ մոռանալ, այլապես խիղճը տանջում է: Իսկ մենք երբեք ոչինչ չենք մոռանա. խիղճը թույլ չի տա:

Բանտերում պահպանման պայմանները միտումնավոր անհամապատասխանեցնում են միջազգային նորմերին դրանց ուղղման համար լրացուցիչ ներդրումներ ներգրավելու նպատակով: Սակայն դրա միայն մի փոքր մասն է ըստ նշանակության ծախսվում: Մնացածն անհետանում է չինովնիկների անտակ գրպաններում:

Ժամանակակից քրեակատարողական հիմնարկները մեղքերի թողություն չեն անում, այլ իրենք են մեղք գործում: Ուսադիրներով այդ հանցագործների անկշտությունից տառապում են ոչ միայն բանտարկյալներն, այլ նաև նրանց ընտանիքները, որոնց ուշքն ու միտքը բանտում է, քանի դեռ իրենց հարազատն այնտեղ է գտնվում: Նրա բանտարկությունն ինչ-որ կերպ թեթևացնելու ցանկությունը թանկ արժե: Իսկ որոշ արտոնություններ ստիպված են գնել շատ մեծ գումարով:

Հանդիպումների սենյակները բունկերներ են՝ փոքր պատուհանով կամ առանց դրա: Ներքին հարդարանքի, կահույքի ու կենցաղային տեխնիկայի համար վճարել են և կամ այն գնել են հենց բանտարկյալները: Ավելի քան տասը տարվա շահագործման ընթացքում շատ բաներ են մաշվել, պատերը վատ օդափոխությունից խոնավանում են և քայքայվում: Սակայն ադմինիստրացիան թքած ունի, որ հանդիպման եկած մարդիկ երեք օրով հայտնվում են բանտախցի պայմաններից ավելի վատ պայմաններում:

Բանտը մարդուն չի ուղղում, այն խոցում է նրան, խեղում և սպանում: Իսկ թե մարդասիրական միջոցով է դա անում, թե հնարամիտ սադիստական, այնքան էլ կարևոր չէ: Ծանր 90-ականներին նախկին խորհրդային հանրապետությունները ձգտում էին դեպի նոր իրականություն՝ կառչելով հնից: Այսօր դրանք շարունակում են մնալ «նախկին խորհրդային հանրապետություններ»՝ այդպես էլ սեփական դեմք չձևավորելով: Փոխվել են դեկորացիաները, բայց էությունը նույնն է մնացել:

Խրախուսման և պատժի համակարգը զարգանում է, դառնում ավելի ժամանակակից: Սակայն այն չի փոխվում: Քանի որ դա մեր արյան մեջ է, որը մոր կաթի հետ ենք ստացել, և մեզ հետ մեծացել է: Մտրակով և բլիթով դաստիարակում են մարդկանց և վարժեցնում կենդանիներին: Համակարգը, որին վերագրում են բոլոր անհաջողությունները, մենք ենք, մեր մշակույթը, ավանդույթը: Եվ բանտն այդ ավանդույթի անքակտելի մասն է, վախից ծնված մշակույթի հիմքը: Արդյո՞ք այդպիսի քաղաքակրթությունն ապագա ունի, չգիտեմ: Սակայն պայքարել, որ այն լինի, մարդիկ չեն դադարի:


Կարդալ ավելին JAMnews-ում