«Ինձ համար սա մեծ հնարավորություն էր, կարողանում եմ աշխատածս գումարը ուղարկել Հայաստան`ընտանիքիս...»" />

Աշխատանք օվկիանոսից այն կողմ

«Ինձ համար սա մեծ հնարավորություն էր, կարողանում եմ աշխատածս գումարը ուղարկել Հայաստան`ընտանիքիս...»

Խաղաղ օվկիանոսի ափին հանգրվանած Հրեշտակների  քաղաքը վերջին 20 տարում դարձել է այն մեծ ու գայթակղիչ աշխատաշուկան, որտեղ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ են մեկնում աշխատելու, եթե իհարկե նրանց  բախտ է վիճակվում ստանալ ԱՄՆ մուտքի թույլտվության վիզա: Նրանցից քչերն են վերադառնում սահմանված ժամկետներում Հայաստան, շատերն էլ ընկնելով գումար վաստակելու ետևից խախտում են վիզայի ժամկետները, տարիներ շարունակ ապրելով ու աշխատելով այդ երկրում անօրինական ճանապարհով:

56-ամյա Բելլա Մարտիրոսյանը Երևանից է, սակայն արդեն երեք տարի է ապրում է Լոս Անջելեսում: Աշխատում է, որպես երկու երեխաների դայակ, ապրելով նույն հարկի տակ նրանց ընտանիքի հետ: Ասում է. վաղուց խախտել է վիզայի թույլտվության ժամկետը, ու եթե վերադառնա Հայաստան, ապա իրեն կարգելեն կրկին վերադառնալ ԱՄՆ:

«Ինձ համար սա մեծ հնարավորություն էր, կարողանում եմ աշխատածս գումարը ուղարկել Հայաստան`ընտանիքիս, ես չլինեմ նրանք այնտեղ կորած են: Չեմ մտածում այստեղ ընդմիշտ հաստատվելու մասին,  պարզապես մի քիչ էլ աշխատեմ, գումար հավաքեմ հետ կվերադառնամ իմ երկիր: Հայաստանում տարիներ շարունակ հաշվապահ եմ աշխատել, այստեղ դայակություն եմ անում: Մեկ ամսում ինձ վարձատրում են 2000 դոլլար, Հայաստանում ինչ պետք է աշխատեմ, որ այդքան գումար կարողանամ վաստակել: Այս նույն գործի համար մեր երկրում վճարում են 100-150 հազար, ինչը մոտավորապես կազմում է 300 դոլլար, պարզ է, որն է նախընտրելի»,-պատմում է Բելլան:

Բելլայի նման բազմաթիվ են Հայաստանից ժամանած այն քաղաքացիները, ովքեր խախտելով վիզայի ժամկետները շարունակում են ապրել ու աշխատել Միացյալ Նահանգներում: Նրանց այստեղ բնութագրում են, որպես «սև գործ» անողներ, ինչի պատճառով էլ ավելի քիչ են վարձատրվում: Հիմնականում զբաղվում են դայակությամբ,  մեծահասակների խնամքով, աշխատում են  հացի, թխվածքեղենի  արտադրասերում:  Տղամարդիկ տաքսի են վարում, աշխտում են ավտոլվացման կետերում, շինարարությունում:

Սկզբնական շրջանում տեղավորվում են հարազատների մոտ, ապա տուն են վարձակալում մի քանի հոգով, որպեսզի ավելի հեշտ լինի վճարել վարձը: Իսկ տանվարձն այստեղ տատանվում է 1500-2000 դոլլարի սահմաններում, մինչդեռ անօրինական աշխատող միգրանտների աշխատավարձը գրեթե նույնքան է կազմում: Աշխատանք են գտնում հայաշատ քաղաքներում`Հոլիվուդում, Գլենդելում, Բրբենքում, Վելիում, Փասադենայում:

Երևանում տարիներ շարունակ մանկավարժ աշխատած 45-ամյա Նելլի Խաչատրյանը Ամերիկայում դարձել է հացթուխ:

«Դպրոցի աշխատավարձս`80.000 դրամ էր,  գրեթե 190 դոլլար, երկար եմ մտածել այստեղ գալուց առաջ, բայց հազիվ էի պահում երեխաներիս, ամուսինս էլ հիվանդ, բախտս բերեց, վիզան խփեցին ու ես կարողացա գալ: Աշխատում եմ հացի փռում, ամսական վաստակում եմ մինչև 1600 դոլլար: Տան վարձն էլ կիսում ենք երեք հոգով: Նաև ունեմ մի քանի տուն, որտեղ գնում եմ մաքրություն անելու ազատ ժամերիս: Այստեղի աշխատանքի շնորհիվ կարողացա ուղարկել երեխաներիս ուսման վարձը, ամուսնուս վիրահատության գումարը, չգիտեմ թե ինչ կանեինք, եթե ես չգայի Ամերիկա»,- պատմում է Գլենդելում արդեն չորս տարի բնակվող Նելլին:

Հայաշատ քաղաքներում թաղամասեր կան, որտեղ ամենուր ցուցանակները հայերենով են, փողոցում լսվում է հայկական խոսակցություն, խանութներում էլ քեզ պատասխանում են հայերենով: Հատկապես հայտնի է Հոլիվուդի արևելքում գտնվող  LittleArmenia բավականին մեծ  թաղամասը,  որի հյուսիսային սահմանով անցնում է Հոլիվուդ պողոտան, կենտրոնով Սանսեթ բուլվարը, իսկ հարավում օվկիանոսի ափին Սանտա Մոնիկա քաղաքն է:

Ոչ պաշտոնական տվյալներով ԱՄՆ-ում ապրում է 1.5-2 մլնհայ,  որոնց թվում են նաև 1990-ականներին  Հայաստանից մեկնածները: ԱՄՆ ամենահայահոծ նահանգը Կալիֆոռնիան է, որը հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»:

Գլենդելում ապրող արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունի Քեշիշյանը  նշում է. հայաստանցիները Ամերիկայում ցանկացած սև գործ անում են, առավել դժվար է լինում մտավորականների համար, ովքեր սովոր չեն լինում ֆիզիկական աշխատանք կատարելուն:

«Այստեղ նվազագույն աշխատավարձը կազմում է ժամում 9 դոլլար, սակայն իրենց  վճարում են  4-5 դոլլար: Ամեն դեպքում Հայաստանի իրենց  բժշկի կամ մանկավարժի աշխատավարձից մարդիկ բարձր են վարձատրվում: Ու կարևորն այն է, որ այնտեղ  ընտանիք են պահում: Շատերն էլ հիմնավորվելով այստեղ, այլևս չեն վերադառնում հայրենիք»,-ասում է Արամունին, ով ծնվել ու մեծացել է Իրանում, 1969 թվականին ընտանիքով ներգաղթել Հայաստան, իսկ արդեն 1980 թվականին`ԱՄՆ:

Նա նշում է, որ Խորհրդային երկրի փլուզումից հետո, երբ քանդվեց երկաթյա վարագույրը, մարդիկ կարողացան դուրս գալ երկրից, փնտրելով ապրելու համար առավել ապահով երկրներ:

«Երկրում տիրող քաղաքականությունը հիասթափեցրեց մարդկանց ու 1990-ականներից սկսվեց արտահոսքը: Ամերիկա ներգաղթի առավել մեծ հոսքի հիմքը դրվեց հենց այդ տարիներին ու շարունակվում է մինչև հիմա: 20 տարի Հայաստանում աշխատելուց հետո,  որտեղ դժվարությամբ կարողանում են հանապազօրյա հաց վաստակել, գալիս են Ամերիկա ու տեսնում, որ 15-20 տարի առաջ եկածները ինչ  ձեռքբերումներ ունեն, հասկանում են, որ այստեղ էլ հեշտ չէ աշխատելը, բայց մարդիկ առաջընթաց են ունենում:

Պարզ է դառնում մի բան, որ Ամերիկան իսկապես հնարավորությունների երկիր է: Եվ մարդիկ համաձայնվուն են կատարել աշխատանք, որը չէին անի Հայաստանում, գիտենալով՝ առաջընթաց չիլինի: Իսկ այստեղ սկսելով ամենասև գործից`հասնում են բարձունքների: Պատահական չէ, որ Հայաստանից 20 տարի առաջ եկած երիտասարդը դառնում է Գլենդելի քաղաքապետ: Այսօր միայն Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի երեք անդամները հայեր են, էլ չեմ խոսում ընդհանրապես ամբողջ Ամերիկայի մասին»,-ասում է Արամունին:

Հայաստանցիների մի մասն էլ այս երկրում է հայտնվում «Գրին քարտ» -ի վիճակահանության շնորհիվ: ԱՄՆ կոնգրեսի որոշման համաձայն, իրականացվող ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի  շրջանակներում տարեկան ամբողջ աշխարհում շնորհվում է մշտական  բնակության 50 հազար վիզա: Մարդիկ ընտրվում են  վիճակահանությամբ և պետք է լինեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներից: 2015 թվականի վիճակախաղինմասնակցելուհայտէներկայացրել 56 հազարհայաստանցի, որոնցից շահել են 2000-ը:

59-ամյա Հայկ Պետրոսյանի չորս հոգանոց ընտանիքը Գրին քարտ է շահել 2011 թվականին, որից հետո տեղափոխվել ապրելու Գլենդել:

«Այստեղ եթե աշխատող ես ու քայլ կատարեցիր, ապա հաջորդ քայլդ քեզ ավելի առաջ է տանելու: Մարդիկ իրենց աշխատանքով ապրում են բարեկեցիկ կյանքով:  Առաջին հինգ տարին ինչ աշխատանք ասես, որ չեմ արել, պետք է ամուր կամք ու համբերություն ունենաս հիմնավորվելու համար, բայց հիմա շատ ավելի լավ վիճակում ենք ու չեմ ափսոսում տեղափոխվելու համար: Այստեից էլ օգնում եմ Հայաաստանում մնացած եղբորս ու քրոջս ընտանիքներին»,- պատմում է բեռնափոխադրող ընկերությունում որպես վարորդ աշխատող Հայկը:

Գրին քարտ շահած հայաստանցիներից շատերը սակայն դժվարությամբ են հարմարվում միջավայրին: Նրանցից է և2015 թվականին  գրին քարտ շահած Արամ Մանվելյանի ընտանիքը:

«Ինչ եկել եմ, ուզում եմ հասկանամ, թե ես ով եմ այստեղ: Հեշտ չէ, թողնում ես բարեկեցիկ աշխատանքդ, շրջապատդ, հարազատներիդ, ի վերջո 40 տարեկանում արդեն կայացած ես լինում ու նոր կյանք ես սկսում արդեն այլ իրականությունում: Սպորտի մարզիչ էի Հայաստանում, այստեղ այդ աշխատանքի դիմաց ցածր են վարձատրում, անցա այլ գործերի,  դժվարությամբ եմ հարմարվում, բայց միևնույնն է հետ չեմ գնա հենց միայն երեխաներիս համար, նրանք այստեղ ապագա կունենան»,-ասում է Մանվելյանը:

ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն հայերի թիվը Գլենդելում կազմել է 170.000, դա քաղաքի բնակչության մոտավորապես 90 տոկոսն է: Այստեղ ապրում են նաև  «մեքսիկներ», կորեացիներ, ճապոնացիներ, չինացիներ, իրանացիներ, Սիրիայից ու Իրաքից ներգաղթածներ:

Խորեն Արամունին  ասում է. հայկական համայնքը բավականին ազդեցիկ է քաղաքում: Գնահատելով իր հայրենակիցներին, նշում է, որ  զարմանալի աշխատասեր են, չեն սիրում վարձով  ապրել, փորձում են տուն ունենալ, ինչը ազգային մենթալիտետի հետ է կապված:

«Մեր փոստատարն ինձ մի օր ասաց. «Զարմանում եմ, մի հայ գալիս է տուն առնում, մի շաբաթ հետո այդ փողոցը այևս չես ճանաչում, վերանարոգում է, խնամում…» Այսքան հայի տուն ընդամենը 20 տարում, զարմանալի ժողովուրդ ենք, մինչդեռ մեզ ու մեր  աշխատանքը չի  գնահատում մեր իսկ պետությունը, այնտեղ իշխողը օլիգարխն է»,- ասում է արձակագիրը:

Թե ինչու Ամերիկա ժամանած հայերի մեծ մասը չի վերադառնում հայրենիք հարցին, Արամունին պատասխանում է. «Որովհետև հայրենիքում իրենց առջևի լույսը չեն տեսնում, իսկ այստեղ լույս կա, որը նրանց ձգում է: Վերջապես, եթե աշխատանք լինի, մարդիկ ինչո՞ւ պետք է գան հասնեն այստեղ, հո հիվանդ չե՞ն»:

Հրապարակվել է՝ 23.01.2017

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում