Գյումրիի բնակիչները դժգոհում են՝ մեծահասակներին աշխատանքի չեն ընդունում " />

Աշխատանքի տոնավաճառ Հայաստանում. քիչ աշխատատեղեր ու մեծ պահանջներ

Գյումրիի բնակիչները դժգոհում են՝ մեծահասակներին աշխատանքի չեն ընդունում

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews

Հարյուրավոր գործազուրկներ մասնակցել են Գյումրի քաղաքում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին: Թեև աշխատաշուկային մասնակցել են բավարար թվով գործատուներ, գործազուրկներից շատերը տուն են գնացել ձեռնունայն:

Պաշտոնական թվերի համաձայն՝ 2017թ.-ին Գյումրիում աշխատանք փնտրողների թիվը շուրջ 13,937 անձ է: Նրանցից 11 հազար ու կեսը գրանցված են որպես գործազուրկ:

Աշխատանքի տոնավաճառին ներկայացված է եղել 30 գործատուի առաջարկ, շուրջ 800 աշխատատեղի հաստիք:

Խնդիրն, այնուամենայնիվ, չի սահմանափակվում աշխատատեղերի բացակայությամբ:

Գյումրիի բնակիչներից շատերը դժգոհում են, որ մեծահասակներին աշխատանքի չեն ընդունում: Մյուսներն էլ ասում են, որ հաճախ գործատուները պահանջում են գիտելիքների ու հմտությունների այնպիսի մակարդակ, որը մեծամասնությունը չունի:

«Ես կարի մասնագետ եմ, 14 տարի Ռուսաստանում էի աշխատում, շատ նորմալ վճարում էին, մայրս հիվանդացավ, ստիպված վերադարձա Հայաստան, բայց այստեղ աշխատանք չեմ գտնում, որտեղ դիմել եմ, չեն վերցրել աշխատանքի։ Հիմա ի՞նչ անենք, նորից գնանք Ռուսաստա՞ն», – ասել է գյումրեցի Նունե Ասատրյանը։

Մի տղամարդ էլ նշել է, որ 40 տարեկան է, ցանկացել է պահակ աշխատել, բայց գործատուն աշխատանքի ընդունելու համար համակարգչային գիտելիքներ, անգլերենի, ռուսերենի իմացություն է պահանջել, իսկ ինքը դրանց չի տիրապետում:

Զբաղվածության պետական ծառայության պետ Արտակ Մանգասարյանը այս խնդրի կապակցությամբ նշել է, որ գործատուի իրավունքն է սահմանել աշխատակցի չափորոշիչները և բնական է, որ գործատուն ավելի երիտասարդ կադրեր է ուզում ունենալ, դա ամբողջ աշխարհում է այդպես:

Արտակ Մանգասարյանը նշել է, որ լավ աշխատանքը սկսվում է ցածր աշխատավարձից, երբեք ոչ մի գործատու անփորձ աշխատողին բարձր աշխատավարձ չի տալիս։ Նա նշել է, որ զբաղվածության գործակալությունում հաշվառվածների քանակն անցած տարվա հետ համեմատ այս տարի 6000-ով կրճատվել է, իսկ անցած տարի զբաղվածության պետական ծրագրերի միջոցով 17 հազար հոգի ստացել են ժամանակավոր կամ սեզոնային աշխատանք։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում