Վրացի կինոքննադատը՝ Կաննի փառատոնի ֆավորիտի մասին " />

Անսիրություն: Ինչի՞ մասին է Անդրեյ Զվյագինցևի նոր ֆիլմը

Վրացի կինոքննադատը՝ Կաննի փառատոնի ֆավորիտի մասին

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը ժյուրիի մրցանակին է արժանացել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնին:Վրաստանի կինոթատրոններում ֆիլմը վարձույթում կհայտնվի օգոստոսին: Կինոքննադատ Նինիա Կակաբաձեն դիտել է ֆիլմը Կաննում լրգագրողների համար հատուկ ցուցադրությունում և տպավորություններով է կիսվում JAMnews-ի հետ: Նա ասում է, որ այդ ֆիլմը դատարկության մասին է, որի գլխավոր կերպարն «անսիրությունն է»:

Անդրեյ Զվյագինցևը ճանաչված ռուս ռեժիսորներից մեկն է, որը հաջող կերպով մասնակցում է միջազգային փառատոններին և իր հաջողություններով անհարմար դրության մեջ է դնում ռուս հանդիսատեսին: Հանդիսատեսին, որը, մի կողմից, ստիպված է հպարտանալ հայրենակցով, մյուս կողմից, արդարանալ այն բանի համար, ինչ երևում է էկրանին: Այն Ռուսաստանի համար, որը Զվյագինցևը ցույց է տալիս իր ֆիլմերում:

Ինձ ծանոթ է այդ զգացողությունը: Հիշում եմ, երբ ներկա էի ԱՄՆ-ում Սանդերս անկախ կինոյի փառատոնին, Թեմուր և Գելա Բաբլուանիների «Ժառանգություն» ֆիլմը դարձավ մրցանակներից մեկի դափնեկիր: Մրցանակաբաշխությանը ես միաժամանակ զգացի և ուրախություն, և ամոթ: Ֆիլմը սիրով պատմում էր այն կլանային դիմակայության և արյան վրեժի մասին, որը մինչ այսօր գոյություն ունի իմ երկրում: Բաբլուանիների պատմած պատմությունն արտացոլում էր իմ երկրի իրողությունները, և ես ես ամաչում էի:

Զվյագինցևի բոլոր ֆիլմերը նրա երկրի իրականության վերարտադրումն են: Չնայած, ի տարբերություն Բաբլուանիների, Զվյագինցևի հանճարը նաև նրանում է, որ նրա պատմություններն ունիվերսալ են: Ցանկացած մարդ էկրանին կարող է գտնել իր սեփական պատմությունը:

Անվանումը

Իր հարցազրույցներում Զվյագինցևը մեծ ուշադրություն է դարձնում ֆիլմի անվանմանը: Դրանցից մեկում նա ասում է, որ անգլերեն Loveless անվանումն իրեն դուր չի գալիս, քանի որ չի արտահայտում գլխավոր գաղափարը: «Нелюбвь»-ը չի կարելի թարգմանել որպես «Սեր չկա»: «Անսիրություն»: Այս բառն ավելի շատ մոտ է ատելությանը, քան սիրո բացակայությանը:

Մարդիկ

Երիտասարդ ընտանիքը, որը 7-ամյա տղա ունի՝ Ալյոշան, բաժանվում է: Կինը սիրեցյալ ունի՝ միջին տարիքի միայնակ տղամարդ: Ամուսինը՝ երիտասարդ սեթևեթ մի անձնավորություն: Նրանք գիտեն, թե ինչպես վաճառել և կիսել համատեղ բնակտարածքը, սակայն չգիտեն, թե ինչ անել Ալյոշայի հետ, որը նրանց կյանքում ավելորդ է դառնում: Այդ պատճառով էլ նրանք դիտարկում են նույնիսկ  նրան ինտերնատ տալու տարբերակը:

Ծնողները չեն սիրում երեխային, որն անհետանում է ֆիլմի առաջին իսկ մասում: Նա փախչում է տնից: Ալյոշայի խնդիրը ժամանակավորապես միավորում է նրանց, նրանք երեխային են փնտրում: Այդ ողջ ընթացքում նրանց նյարդային լարվածության և թափվող արցունքների ֆոնին մենք պատմություններ ենք լսում. թե ինչպիսի անսիրության պայմաններում է մեծացել Ալյոշայի մայրը՝ Ժենյան, որը բռնակալ է եղել, թե ինչպիսի սխալ էր Ալյոշայի ծնունդը, թե ինչ անսիրությամբ է նա նրան ծննդաբերել և ինչ անսիրությամբ նրա հետ անցկացրել մի ամբողջ 7 տարի:

«Անսիրությունը» ֆիլմի գլխավոր հերոսն է, գլխավոր գիծը, որն էկրանին ցույց է տալիս ոչ միայն ռուս հանդիսատեսին, այլ նաև մեզնիցցանկացածին: Բոլոր նրանց, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ անսիրություն են զգացել, Ալյոշա են եղել, եղել նրա մոր կամ հոր դերում:

Չկա այնպիսի մեկը, որը մի պահ կամ երկար ժամանակով չի զգացել իր անպետքությունը, անսիրություն չի զգացել: Մեզնից յուրաքանչյուրը երազել է անհետանալ և դրանով իսկ պատժել ծնողներին: Յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ մտածել է այն մասին, որ երեխան խանգարում է ապրել, խանգարում է քեզ զարգանալ: Մեզնից յուրաքանչյուրը տենչացել է ծնողների ավելի շատ սիրուն և հոգատարությանը, քան իրեն տվել են: Դա այն վնասվածքներն են, որոնք ստացել ենք մանկությունում և որոնց դեմ մարդը պայքարում է ողջ կյանքի ընթացքում: Կինեմատոգրաֆիստները շատ են սիրում այդ թեման: Հատկապես աչքի է ընկնում Ինգմար Բերգմանը, որի ֆիլմերի գլխավոր թեման հենց մանկությունում ստացած վնասվածքներն են, և դրանց հետագա անդրադարձը:

Այդպիսին է նաև Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը: Դա այն ֆիլմերից է, որոնք չեն մոռացվում:

Շրջապատը

Այդ ֆիլմն այն մասին է, որ յուրաքանչյուր ոք ստեղծում է պետությունն ու նրա համատեքստը: Այնպես, ինչպես անտարբեր պետությունն ու շրջապատն է ստեղծում մարդկանց: «Անսիրությունն» այն է, ինչ միավորում է Զվյագինցևի հերոսներին:

Արդյո՞ք կարելի է ապրել և սիրել այն միջավայրում, որտեղ քո մասին ոչ մի հոգատարություն չկա, որտեզ քեզ չեն սիրում: Ալյոշայի անհետացմանը բոլորովին անտարբեր է ոստիկանությունը, որը պետության դեմքերից մեկն է: Ոստիկաններն ասում են, որ ի վիճակի չեն օգնել, քանի որ ամեն օր մի քանի երեխա է անհետանում, և բոլորին հնարավոր չէ փնտրել:

Որոնման աշխատանքներին մասնակցում է կամավորների մի խումբ: Նրանք անդադար փնտրում են երեխային, չնայած որ նրանց խոսքերում և գործողություններում գլխավորը չի երևում՝ ապրումակցումը, որը սիրուց է ծնվում:

Ռուսաստանում Զվյագինցևին ոչ ոք չի սիրում: Ալյոշայի ծնողները՝ Ժենյան ու Բորիսը, որոնք չեն սիրում միմյանց, չեն սիրում նաև իրենց զուգընկերներին: Զվյագինցևի վարպետությունը հրաշալի կերպով այդ

«անսիրությունը» ցույց տալու մեջ է:

Էկրանին երևում են զուգընկերների մերկ մարմինները, սեքս, սակայն նրանք բոլորովին դատարկ են, առանց այն զգացմունքի, որն ուղեկցում է սիրուն:

Զվյագինցևի պատկերած շրջապատը փարիսեցիական է: Բորիսի աշխատանքը, որին չեն ընդունում ընտանեկան մարդկանց, իսկ նրանց, ովքեր որոշել են ընտանիք կազմել, ազատում են աշխատանքից: Բորիսի ղեկավարը հայտնի բիզնեսմեն է, որն իբր բարոյականության ջատագով է, սակայն իրականում ստորադասներին ոչ բարոյական փարիսեցիության մեջ է պահում: Գրասեյնակը լի է սրբապատկերներով, որտեղից սրբերը «ավագ եղբոր» պես հետևում են աշխատակիցներին: Բորիսի և նրա գործընկերների ամենօրյա կյանքը համատարած վախի մթնոլորտում է անցնում՝ աշխատանքը կորցնելու վախի:

«Ես ֆիլմեր եմ նկարահանում «նրանց» մասին, ես նկարահանում եմ ֆիլմեր մեր մասին: Պետք է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ՝ մեր կողքին», – ասում է Զվյագինցևը հարցազրույցներից մեկում: Այս ռեժիսորի գլխավոր արժեքը հենց նրանում է, որ նա չի խոսում փարիսեցիության, անսիրության, ճահճացած սոցիումի մասին որպես «այլոց», «օտարների»: Զվյագինցևն այնուամենայնիվ չի ատում իր հերոսներին, ցույյց է տալիս նրանց իրական դեմքը:

Ֆիլմի վերջում Ժենյան ու Բորիսն արդեն նոր կյանք ունեն: Նրանք ապրում են նոր բնակարաններում, նոր ընտանիքներում: Բորիսը նոր կնոջից նոր երեխա ունի: Երեխան հորը խանգարում է  հեռուստացույց նայել, հայրը երեխային «վերցնում» և դնում է քայլասայլակի մեջ: Այդ փոքր տղան այդ մարդկանց, հասարակության նոր «Ալյոշան» է, դա այլ սերունդ է, որը նույնպես ապրում է անսիրության մեջ:

Ռուսաստանը կանգնած է: Այն առաջ չի շարժվում, չի զարգանում: Դրա ուղիղ փոխաբերությունը ֆիլմի վերջին տեսարանն է. Ժենյան՝«վազքուղու» վրա սպորտային հագուստով՝ մեջքին խոշոր տառերով գրած «Ռուսաստան»: Նա ակտիվ վազում է՝ տեղում մնալով, սենյակում բարձր միացված է հեռուստացույցը Ուկրաինայի մասին մոդելավորված նորություններով:

Ռուսաստանի մասին Զվյագինցևի ֆիլմերը քննադատում են «լավ ռուսները»: Նրանք, որոնց մենք սիրում ենք անվանել «երկրորդ» կամ«այլ» Ռուսաստան: Նրանք Զվյագինցևին քննադատում են այն բանի համար, որ նա իր ֆիլմերում ելք չի թողնում:

«Զվյագինցևն իր ֆիլմերը նկարահանում է պետության համաձայնեցմամբ, – ասում են նրան քննադատողները: – Նա հասարակությունում էլ ավելի է ամրապնդում նիհիլիզմը, գիտակցություն  է մխրճում այն, որ ելք չկա: Որ մենք այսպիսին ենք, ողջ ժողովուրդը: Որ խնդիրը մեր մեջ է, ելք չկա և պայքարն անիմաստ է»:

Զվյագինցևի ֆիլմերում առաջին հայացքից իրոք ելք չկա: Չնայած որ այդ փակուղու, այդ հատակի գիտակցման մեջ է ելքը: Անհնար է, որ կենդանի մարդը համակերպվի խավարին, դատարկությանն, անհույս տոտալիլտարիզմին:

Հնարավոր չէ չզայրանալ, իսկ այն, ինչ ջղայնություն է առաջացնում, թույլ չի տալիս անհետանալ պայքարելու ունակությանը: Զվյագինցևի իրականությունն ապատիա չի ծնում, նա խոշոր բերգմանյան պլանով ցույց է տալիս մեզ և սթափեցնում է:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում