Օսական լեզուն անհետանում է, ասում է UNESCO-ն: Սակայն այդ խնդիրը հուզում է միայն հասարակությանը" />

Անպետք լեզո՞ւ

Օսական լեզուն անհետանում է, ասում է UNESCO-ն: Սակայն այդ խնդիրը հուզում է միայն հասարակությանը

Հյուսիսային Օսիա-Ալանիա

Օսերենը Հյուսիսային Օսիայի երկրորդ պետական պաշտոնական լեզուն է (ռուսերենից հետո): Այդուհանդերձ, այդ լեզուն արագ անհետանում է: Համենայնդեպս, դեռևս 2009թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն օսերենը մեռնող լեզու է ճանաչել: 

Հաջորդած 7 տարիների ընթացքում հանրապետությունում մայրենի լեզվի պաշտպանության որևէ ծրագիր չի մշակվել : Լեզվի մասին օրենք նույնպես չի ընդունվել: Իշխանությունները դրա վրա աշխատում են 2007թ-ից, իսկ 2013թ-ին բանը հասավ նրան, որ օրինագիծն արդեն պետք էր խորհրդարանին ներկայացնել: Սակայն պատգամավորներն արդյունքում մերժեցին այն:

Նրանց խանգարեց համաձայնության գալ բարբառների խնդիրը: Օսերենում երկու բարբառ կա՝ իրոնական և դիգորական: Պատգամավորների մեծ մասը ցանկանում էր օրենքը հաստատել այն տեսքով, որ երկու բարբառներն էլ պետական օսական լեզվի հավասարազոր տարրեր լինեին: Ընդ որում, նրանք վկայակոչում էին սահմանադրությունը, որում ամեն ինչ հենց այդպես էլ գրանցված է:

Սակայն պատգամավորների մի փոքր մասը վստահ է, որ միայն դիգորական բարբառը կարող է ճանաչվել լեզու և պետականի կարգավիճակ ստանալ:

Միաժամանակ հասարակությունում գերակշռում է այն կարծիքը, որ բանավեճերն ընդամենը քողարկում և պատճառ են օրենքի ընդունումը տապալելու համար, քանի որ դրա իրականացման համար անհրաժեշտ գումար պետական բյուջեում չկա:

Պետական իշխանության մարմիններում ողջ բյուրոկրատիան վարվում է ռուսերենով: Պետական կառույցների պաշտոնական կայքերից ոչ բոլորն ունեն օսերեն տարբերակ: Ճիշտ է, պետական շենքերի վրա երկու լեզվով է գրված՝ օսերեն և ռուսերեն:

«Չկա ազգային հեռուստատեսություն, օսական ռադիո: Եվ կենցակաղային մակարդակում օսերենը զիջում է դիրքերը. միայն գյուղերում և լեռնային շրջաններում են դեռ մշտապես օսերենով խոսում», – խոստովանում է Հյուսիսային Օսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցության , Ազգային քաղաքականության և երիտասարդության հարցերով կոմիտեի անդամ Վիտալի Չելդիևը:

Նրա խոսքով, երբ հարկ է լինում խմբակցությունների միջև համաձայնության գալ կամ տարբեր դիրքորոշումները միավորել, նա սկսում է խոսել օսերենով, և սովորաբար դա աշխատում է:

«Երիտասարդները չեն խոսում օսերենով, որովհետև կամ չեն կարողանում, կամ ամաչում են, – ասում է ուսանող Ազանբեկ Մարամուկաևը: – Ինձ մոտ նույն բանն է»:

Ազանբեկը մեծացել է Վլադիկավկազում՝ օսական բայց ռուսախոս ընտանիքում: Ծնողները մանուկ հասակից նրա հետ ռուսերեն են խոսել, մանկապարտեզում և դպրոցում նույնպես ռուսերեն են օգտագործել:

Շատերն են ասում, որ 10 տարի առաջ հասարակությունում օսերեն խոսելն համարվել է անգրագիտության նշան: Եվ միայն վերջին տարիներին է այդ տենդենցը սկսել փոխվել, և օսերենը կարծես նորաձև է դառնում:

Բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Սոկաևան ընդունում է խնդիրը, սակայն համաձայն չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ և կարծում է, որ օսերենին դեռևս ոչինչ չի սպառնում.

«Օսերը երկլեզու ազգ են, և օսերեն լեզուն նախկինի պես ուժեղ դիրքեր ունի գյուղերում, այնտեղ բնակչությունը լավ է խոսում թե ռուսերեն, թե օսերեն: Ընդ որում, նրանք տիրապետում են երկու բարբառներին էլ»:

Մեկ այլ բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր Թամերլան Կամբոլովը օսերենի դասավանդման նոր մեթոդիկա է մշակում միջնակարգ դպրոցների և մանկաապրտեզների համար: Նա այլ դիրքորոշում ունի. կարծում է, որ լեզուն մահանում է, և այն հնարավոր է փրկել միայն հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ:

Այնուամենայնիվ, միակն, ով Հյուսիսային Օսիայում փորձում է ինչ-որ բան անել սեփական լեզվի հանդեպ օսերի հետաքրքրությունը վերադարձնելու համար, մի քանի փոքր հասարակական կազմակերպություններ են:

Օրինակ, Սպորտի, խաղերի ազգային տեսակի և մշակույթի ֆեդերացիան պատրաստվում է օսերենով կրկնօրինակել «Սոյուզմուլտֆիլմ» և «Դիսնեյ» ստուդիաների  մուլտֆիլմերը: Անհրաժեշտ գումարը հավաքելու համար ակտիվիստները կարմիր, սպիտակ և դեղին գույների սիլիկոնային թևնոցներ են վաճառում՝ օսական դրոշի գույներով:

 

 

Դրանց վրա գրված է. «Եթե դու օս ես, իմացի՛ր սեփական լեզուն»: Նրանք պետք է 10 հազար թևնոց վաճառեն, որպեսզի հարկ եղած գումարը հավաքեն:

Ակցիայի կամավոր Ալբերտ Ուրուսովը Վլադիկավկազի այն սակավաթիվ երիտասարդներից է, ովքեր ազատ տիրապետում են գրական օսերենին: Նա ասում է, որ պատճառն այն է, որ իր ընտանիքում միշտ խոսում են օսերենով:

«Մենք ընկերներով այժմ դիտմամբ աշխատում ենք օսերեն խոսել», – ասում է նա:

 

 

Մայրենի լեզուն դպրոցականները սկսում են ուսումնասիրել առաջին դասարանից մինչև 11րդ: Սակայն դրա համար հատկացվում է շաբաթական ընդամենը երկու ժամ: Եվս երկու ժամ՝ օսական գրականության վրա: Շատ ուսուցիչների կարծիքով, մայրենի լեզվի դասագրքերի որակը բավականին ցածր է:

Վլադիկավկազում միայն մի դպրոց կա՝ Կոստա Խեթագուրովի անվան, որտեղ բոլոր առարկաները դասավանդվում են օսերենով:

Օսերենը դասավանդվում է նույնպես առաջին կուրսի ուսանողներին առաջին կիսամյակում:

Մայիսի 15-ից Վլադիկավկազում շարունակվում է օսերենի աջակցման ակցիան: Դրա պաշտոնական մեկնարկը տրվել է Թատերական հրապարակում: Թատրոնի շենքում տեղակայված բարձրախոսներից հնչում էր ազգային օսական երաժշտություն: Ներս բերեցին հսկա մի տորթ, որի վրա գրված էր «Օպերացիա Æ», և ավանդական օսական կարկանդակներ:

Շատ երիտասարդներ ակցիային եկել էին ազգային հագուստներով, արծաթյա սրերով, մյուսները՝ օսական դրոշներով:

Գեորգի Բեստաևը 27 տարեկան է, պարում է «Արթխուրոն» ֆոլկլորային համույթում: Չնայած ուժեղ շոգին՝ նա չուխա էր հագել, փափախ դրել և մինչև ծնկները երկարաճիտ կոշիկներ հագել: Նա թևնոցներ չի վաճառում, այլ կերպ է մասնակցում ակցիային. գնում է մեծ քանակությամբ թևնոցներ, աշխատելով նման կերպ լցնել ակցիայի բյուջեն:

Գեորգին հարցերս է լսում, հետո ասում. «Նկատեք, ես և դուք օսեր ենք, սակայն օսերենին աջակցող ակցիայի մասին խոսում ենք ռուսերեն»: 

 Հարավային Օսիա

Մայրենի լեզվի հետ կապված իրավիճակը Հարավային Օսիայում ավելի լավը չէ:

Այստեղ օսերենով երկու թերթ է լույս տեսնում՝ «Խուրզարինը» (շաբաթական երեք անգամ) և «Ֆիդիուագ» ամսագիրը (տարին 6 անգամ): Տեղական հեռուստաալիքների եթերի 60 տոկոսն օսերեն է, մնացած 40-ը՝ ռուսերեն:

Դպրոցներում դասավանդումը տեղի է ունենում բացառապես ռուսերենով, օսական դպրոցներ չկան: Նույն պատկերն է Ցխինվալի համալսարանում՝ բացառությամբ օսական բանասիրության ամբիոնում:

Դատավարությունն ու գործնական նամակագրությունը վարվում է միայն ռուսերենով: Խորհրդարանի նիստերին երկու լեզու է օգտագործվում:

Զգալի հասարակական նախաձեռնություններ ի պաշտպանություն Հարավային Օսիայի մայրենի լեզվին չկար և այժմ էլ չկա: Սակայն 2012թ-ին հանրապետության կառավարությանն առընթեր հիմնվեց Օսական լեզվի պահպանման  և զարգացման հանձնաժողով, որին առաջարկներ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները:

«Վերջերս օսերենով անիմացիոն ֆիլմի ստեղծման նախագիծ էի ուսումնասիրում: Բյուջեն կազմում էր մեկ մլն ռուբլի (մոտ 15 հազ. դոլար), – պատմում է Հարավային Օսիայի կառավարության փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Էրիկ Պուխաևը: – Մենք մերժեցինք հեղինակին, քանի որ համարեցինք, որ այդ գումարով օսերեն կարելի է թարգմանել արդեն գոյություն ունեցող մուլտֆիլմեր»:

Հանձնաժողովին հիմնականում առաջարկներ են արվում դասագրքերի և գիտական աշխատությունների թողարկման վերաբերյալ, և հրատարակչային գործունեության վրա է ծախսվում ծրագրի բյուջեի մոտ 85 տոկոսը, ասում է Պուխաևը:

«Մենք հասկանում ենք, որ նման ձևով լուծում ենք դասագրքերի հարցը: Դա բավարար չէ, պետք է ավելին անել, որ օսերենն ամրապնդի իր դիրքերը»:

  • Աշխարհում օսերենով, ըստ տարբեր տվյալների, խոսում է 500-700 հազար մարդ: Այն օս ժողովրդի մայրենի լեզուն է, որն ապրում է Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում: Օսերենով են խոսում նաև Վրաստանի և Թուրքիայի մի քանի շրջաններում, որտեղ ապրում են 19-րդ դարի երկրորդ կեսում պատմական հայրենիքը լքած օս մուհաջիրների հետնորդները

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 26.07.2016


Կարդալ ավելին JAMnews-ում