Վրաստանի ամենահարուստ մարդն ու երկրի ոչ ֆորմալ ղեկավարը որոշել է մի ամբողջ քաղաք գնել" />

Անշահախնդիր բարեգործությո՞ւն, թե՞ շորթում։ Բիձինա Իվանիշվիլին գնում է Ցխալտուբո առողջարանային քաղաքի բոլոր հյուրանոցները

Վրաստանի ամենահարուստ մարդն ու երկրի ոչ ֆորմալ ղեկավարը որոշել է մի ամբողջ քաղաք գնել

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պլանավորում է գնել Ցխալտուբո առողջարանային քաղաքի բոլոր հյուրանոցները, հանքաբուժական բաղնիքներն ու հին առողջարանները։

«Պետությանն աջակցություն է պետք, և, քանի որ ես ունեմ և ցանկություն, և հնարավորություն, ապա աշխատում եմ թեթևացնել այն ծանր բեռը, որը տանում է վրացական պետությունը», – ասված է Բիձինա Իվանիշվիլիի հրապարակած նամակում։

Իվանիշվիլին գրում է, «քանի որ պետությունը տվյալ պահին Ցխալտուբոյի լիամասշտաբ վերականգնման համար միլիոնավոր ներդրումների համար ռեսուրսներ չունի», ինքը որոշել է իր ուժերով իրականացնել Ցխալտուբոյի զարգացման նախագիծը։

«Ես որոշել եմ գործը սկսել անձնական միջոցներով և առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել ոչ միայն ամորտիզացված զբոսաշրջային և բուժական ենթակառուցվածքների վերականգնում, այլ նաև ժամանակակից միջազգային չափանիշների պահպանմամբ ապահովել Ցխալտուբոյի զարգացումը», – գրել է Իվանիշվիլին։

Նա հստակ թվեր է նշում։ Ասում է, որ պլանավորում է գնել Ցխալտուբոյի բոլոր հյուրանոցները (22 միավոր), բաղնիքները (9 միավոր)․ այդպիսով ապահովել զարգացում՝ միասնական պլանի համաձայն և մեկ հայեցակարգի շրջանակում։ 

• Դարավոր ծառեր․ միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը։ Թե ինչպես է փոխում լանդշաֆտը Բիձինա Իվանիշվիլին։ Ռեպորտաժ Սևծովյան ափամերձ տարածքից

• Ցխալտուբո՝ լքված դրախտ։ JAMnews-ի ռեպորտաժը նախկինում ժողովրդականություն վայելող առողջարաններից մեկից

• Թե ինչպես է փոխվում Սվանեթին։ Վրաստանի իշխանությունները պլանավորել են Սվանեթին կովկասյան Շվեյցարիայի վերածել։ Ի՞նչ է ստացվել

• Ինչո՞ւ են դատարկվում լեռները։ Ռեպորտաժ Շատիլիից

Հայտարարությունում ասվում է, որ նախագծի իրականացման ցանկացած փուլում Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է թույլ տալ ցանկացած ներդրողի մասնակցել նախագծին, եթե նման մեկը հայտնվի։

«Բնականաբար, խոսքն ինձ հասնող ինչ-որ շահույթի մասին չէ, օբյեկտները կզիջվեն ներդրողին ինքնարժեքով, իսկ բիզնեսին հետաքրքրելու համար ես հիմա արդեն ասում եմ, որ օբյեկտները վաճառվելու են զեղչով, ավելին՝ զգալի զեղչով», – գրել է Իվանիշվիլին։

Նրա խոսքով՝ Ցխալտուբոյի զարգացման պլանն արդեն մշակվել է, դրանով զբաղվել է շվեյցարական KohL&Partners ընկերությունը։

«Այդ պլանի համաձայն՝ Ցխալտուբոյում լրացուցիչ խաղահրապարակներ, ակվապարկ, տրոպիկական այգի, գոլֆի և թենիսի դաշտեր, առևտրի կենտրոն, ժայռամագլցման այգի, սրճարան-բարեր և ռեստորաններ կհայտնվեն։ Պլանավորվում է նաև գիտահետազոտական կենտրոնի բացում մեր քաղաքացիների վերապատրաստման համար․ մի քանի հարյուր աշխատատեղ, որոնք մոտ ժամանակներս ստեղծվելու են Ցխալտուբոյում, կզբաղեցնեն որակավորված կադրեր, և մենք պետք է ապահովենք նրանց վերապատրաստումը», – ասված է Իվանիշվիլիի նամակում։

Նրա հաշվարկներով՝ նախագծի իրականացումից հետո Իմերեթիի շրջանում 15-20 հազար մարդ աշխատանքի կտեղավորվի։

Խորհրդային տարիներին Ցխլտուբոն պոպուլյար հանքաբուժական առողջարան էր, որը հայտնի էր իր բացառիկ բուժիչ ջրերով, ինչպես նաև ստալինյան կայսրությանը բնորոշ հսկայական և պերճաշուք ճարտարապետական կառույցներով։ Այսօր պատկերը մտահոգիչ է։

 

Առողջարանային քաղաքի ամենակենտրոնում 80 հեկտար մակերեսով այգի է, որտեղ ավելի քան 150 տեսակի բույսեր են աճում։ Քաղաքն ամֆիթատրոնի ձև ունի․ այգու շուրջ 22 հանգստյան տուն կա, իսկ այգում՝ 9 բաղնիք։

1 լարիո՞վ

Չի բացառվում, որ պետության հաշվեկշռում գտնվող Ցխալտուբոյի գույքը Բիձինա Իվանիշվիլիին փոխանցվի խորհրդանշական 1 լարի գնով։

Էկոնոմիկայի զարգացման նախարար Նաթիա Տուրնավան լրագրողներին հայտարարել է, որ պետությունը պատրաստ էր այդ ողջ տնտեսությունը ցանկացած ներդրողի փոխանցել մեկ լարիով, որն ուզում է Ցխալտուբոյի մեջ գումար ներդնել։ Միաժամանակ նախարարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իվանիշվիլին պատրաստ է գնել այդ ողջ գույքը, որը պետության հաշվեկշռում է գտնվում։ Նրա խոսքով՝ ինքը դա նկատի չուներ, թեև Տուրնավան նման սցենարի հավանականությունն էլ չի հերքել։

Անշահախնդիր բարեգործությո՞ւն, թե՞ շորթում

Իշխանությունների ներկայացուցիչներն Իվանիշվիլիի նախաձեռնությունն անվանում են չտեսնված օգտակարության նախագիծ և աննախադեպ բարեգործության ակտ։

Խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսավորման դեպքում Ցխալտուբոն մոտակա տարիներին կարող է դառնալ ողջ Արևելյան Եվրոպայի զբոսաշրջության և առողջության կարևորագույն կենտրոն»։

Վարչապետ Գիորգի Գախարիան նշել է, որ Ցխալտուբոյի վերականգնումը բացառիկ նախագիծ է, որի իրականացումը չի կարողացել ապահովել երկար տարիների ընթացքում ոչ պետությունը, ոչ մասնավոր հատվածը։

«Բիձինա Իվանիշվիլին միշտ գործով է գալիս այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է մեր երկրին և ժողովրդին», – հայտարարել է Գախարիան։

Այլ կերպ է կատարվածին վերաբերվում ընդդիմությունը։ «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն հերթական սուտ է անվանում այն, որ Իվանիշվիլին Ցխալտուբոն կվերականգնի սեփական փողերով՝ առանց եկամուտ ստանալու նպատակի։

«Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնությունը հերթական սուտն է, նախընտրական հերթական խոստումը, որն այսօր ոչ ոք էլ «չի ուտում․․․»։ Նա կոպեկներով կգնի Ցխալտուբոն և դրանով բանը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Թերապիայի կենտրոնի նախագիծը, որի վրա նա պատրաստվում էր 600 մլն եվրո ծախսել։ Այդ նույն կերպ ավարտվեց գյուղի ինտերնետացման ծրագիրը, որի համար 120 միլիոն էր խոստացվել։ Քութայիսիի տեխնոլոգիական համալսարանում այսօր արդեն պետք է 300 հազար ուսանող սովորեր, ո՞ւր է այդ ամենը», — հարցնում էԳոցիրիձեն։

«Լելո» քաղաքական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն ասում է, որ Ցխալտուբոյի բոլոր օբյեկտները գնելու Իվանիշվիլիի ցանկությունը «վայելուչ քայլի տեսքով ներկայացվող հանրային հայտարարություն է՝ ռեկետի նշաններով այն դեպքում, երբ դրա հեղինակը ողջ երկրի միանձնյա ղեկավարն է»։

Խազարաձեն կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի կողմից ողջ երկրի յուրացման գործընթացը շարունակվում է այնպես, ինչպես ժամանակին «Իվանիշվիլին արել է դատախազությունում, դատարաններում, պետական ինստիտուտներում»․

«Բիձինա Իվանիշվիլիի կառավարման ոճը պետության թուլությունն է․ էկոնոմիկայի թուլություն, անառողջ ներդրումային միջավայր, ոչ հեռավոր ապագայում դրանից կարելի է սպասել մեծ ողբերգություն՝ ծայրահեղ աղքատություն և համատարած գործազրկություն»։

Խազարաձեի խոսքով՝ Իվանիշվիլին երկրում մի միջավայր է ստեղծում, որ ներդրողները սկսում են փախչել, իսկ նա միակ մարդն է դառնում, որն ունակ է այս երկրում գնել այն ամենն, ինչ ցանկանա։

«Միգուցե արժե՞ նրան վաճառել Վրաստանի ողջ ընդերքը, երկաթուղին, լճերը, գետերն, անտառները, Սև ծովի ավազանը, բացարձակ ամեն ինչ, ինչ որ կա, որպեսզի նա հաջողությամբ ավարտի ողջ երկրի յուրացման-առևանգման գործընթացը», – ասում է Խազարաձեն։

Ցխալտուբոյի վերականգնման վերաբերյալ Իվանիշվիլիի պլաններն ակտիվորեն քննարկում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Գրող Լաշա Բուգաձեն Ազատություն ռադիոկայանի իր բլոգում գրում է, որ Իվանիշվիլիի կառավարման ոճն արժեզրկում է «պետություն» հասկացությունը։ Ըստ Բուգաձեի՝ Իվանիշվիլիի գործողություններն ընդգծում են պետության աղքատությունը, բնակչության շրջանում վատատեսություն ծնում պետության հնարավորությունների նկատմամբ, Իվանիշվիլիի գործողությունները կարծես մարդկանց ասում են․ հույս մի՛ դրեք պետության վրա, պետությունը ձեր ժամանակը չունի, հույսներդ դրեք միայն ինձ վրա։

•  Ըստ Bloomberg-ի գնահատականի՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 5.37 մլրդ դոլար է։ Նույն աղբյուրի տվյալներով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 20 մլն դոլարով։

 


Կարդալ ավելին JAMnews-ում