Անհարմար հարց Լավրովին. լրագրողն ազատվել է աշխատանքից

Ադրբեջանում փորձում են հասկանալ, թե որտեղ ում «ներքին գործն» է

Lider հեռուստաալիքից լրագրող Անար Հասանովի հեռանալը սկանդալ է առաջացրել. տեղական լրատվամիջոցները գրել են, որ այդ ազատումը «պատվիրել է» Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին՝ ցանկանալով պատժել լրագրողին Սերգեյ Լավրովին տված «սադրիչ հարցի» համար:

Ռուսաստանի ԱԳ նախարարի վերջերս կայացած մամուլի ասուլիսին ադրբեջանական Lider հեռուստաալիքի մոսկովյան թղթակից Անար Հասանովը Սերգեյ Լավրովին հարցրեց. «Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե օկուպացված տարածքներում հակաահաբեկչական գործողություններ իրականացվեն և տարածքը մաքրվի օկուպացիոն ուժերից, արդյո՞ք Մոսկվան դրա վրա աչք կփակի, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Նախարարի պատասխանը, թե «դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ» և դրան հետևած իրադարձությունները լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման են դարձել:

Առաջին պաշտոնական արձագանքը Լավրովի հայտարարությանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն էր.

«Ողջ միջազգային հանրությունը ճանաչում և սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցային գործընթացը հարցի կարգավորման միջազգային հարթակ է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքնրի հիման վրա: Հակամարտության կարգավորման հետ կապված միջազգային կազմակերպությունների բազմաթիվ որոշումներ և բանաձևեր կան, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»:

Սակայն Մամեդյարովի այդ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին լրատվամիջոցները գրեցին, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի պատվերով Լավրովին հարց տված Անար Հասանովին հեռացրել են աշխատանքից. «Դեսպանը կարծում է, որ լրագրողի հարցն ու նախարարի պատասխանը վնաս են հասցրել երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Դեսպանը լրագրողի հարցը «սադրիչ» է որակում և նույնիսկ վիրավորել է լրագրողին դրա համար»:

Անար Հասանովը պատասխանեց մեր զանգին, ասաց, որ զբաղված է և ավելի ուշ կազատվի, սակայն հետո դադարեց պատասխանել զանգերին: Ավելի վաղ նա հաստատել էր իր ազատման մասին լուրը. «Այո, ինձ ազատել են աշխատանքից: Ես այլևս չեմ աշխատում Lider հեռուստաալիքում: Դրա հետ կապված տեղեկատվությունն արժանահավատ է: Այլևս ոչինչ չեմ ուզում ասել»:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը «Ölkə.Az» կայքին հաղորդել են. «Դեսպանատունն իր աշխատանքով, դիվանագիտական գործունեությամբ է զբաղվում: Իսկ Lider TV-ին անկախ հեռուստաալիք է, ավելի լավ գիտի, թե ում աշխատանքից ազատի կամ ընդունի»:

Lider TV-ի լրատվական դեպարտամենտի ղեկավար Անար Շուքյուրովը JAMnews-ին հայտնել է, որ Անար Հասանովի ազատումը կապված չէ նրա տված հարցի հետ:

«Անար Հասանովին աշխատանքից ազատելը հեռուստաալիքի ներքին գործն է: Մի քանի օր առաջ ևս մի աշխատակից է ազատվել: Ցանկացած հաստատությունում ժամանակ առ ժամանակ մարդկանց աշխատանքից ազատում և ընդունում են: Պարզապես համընկել է: Ինչ վերաբերում է Փոլադ Բյուլբյուլօղլիի պատվերին, ապա ես որպես դեպարտամենտի ղեկավար չեմ լսել այն մասին, որ նա խառնվի մեր հեռուստաալիքի գործերին»:

Անար Շուքյուրովը չնշեց Հասանովին հեռացնելու պատճառները և նշեց, որ նրա տված հարցը չի արտահայտում հեռուստաալիքի դիրքորոշումը:

Արդյո՞ք Lider TV իշխանամետ համարվող հեռուստաալիքի թղթակիցը Լավրովին հարց է ուղղել՝ նախապես չխորհրդակցելով խմբագրության հետ:

Քաղաքական մեկնաբան Ազեր Ռաշիդօղլու. «Չեմ կարծում, թե Lider TV-ի լրագրողը կարողանար այդ հարցը Լավրովին տալ առանց հեռուստաալիքի ղեկավարության հետ նախապես խորհրդակցելու: Իսկ նրան աշխատանքից ազատելը Ռուսաստանի անմիջական պահանջը չի եղել: Պարզապես ինչ-որ մի պաշտոնյա, հավատարիմ մնալով «ապրե՛ս, շո՛ւն» ավանդույթին որոշել է պատժել լրագրողին: Սակայն չի մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ նման որոշումները»:

Ադրբեջանում Ռուսաստանի կամ Թուրքիայի կողմից ճնշման վախից լրագրողների են կալանավորում (օրինակ, Ռաուֆ Միրքադիրովին), հեռուստաալիք (ANS) և բուհ են փակում («Կովկաս» համալսարանը), լրագրողի են ազատում աշխատանքից, ինչը խոսում է պետության ներքին գործերին ուղղակի արտաքին միջամտության մասին: Դա խայտառակություն է: Մեդիակառույցի ղեկավարը, որն աշխատանքից լրագրողի է ազատում կամ վերևների, կամ այլ երկրի հրահանգով, ոչ պատիվ ունի, ոչ էլ արժանապատվություն: Երբ ես էի աշխատում «Զերկալո» թերթում, գլխավոր խմբագիր Էլչին Շիհլինսկուց անընդհատ պահանջում էին ինձ հեռացնել աշխատանքից: Ինչին նա կարճ ու կոնկրետ էր պատասխանում»:

Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի անունից տարածված հայտարարությունում լրագրողի հարցը գնահատվում է որպես երկու երկրների բարեկամական հարաբերություններին վնաս հասցնող «սադրիչ հարց»: Արդյո՞ք լրագրողը պարտավոր է հարցեր տալիս մտածել երկու երկրների պետական շահերի մասին: Արդյո՞ք նա իրավունք ունի այդպիսի կոնֆերանսներին հարցեր տալ առանց նախապես խմբագրության հետ խորհրդակցելու:

Մեդիափորձագետ, Median.cafe խմբագիր Ռովշան Ալիևն ասում է, որ խմբագրության հետ հարցը համաձայնեցնելը սկզբունքային չէ. «Այսպիսի զուգահեռ անցկացնենք: Վարորդը նստեց ղեկին և քշեց մեքենան, արդյո՞ք նա պարտավոր է ամեն րոպե զանգահարել և խմբագրից հարցնել, թե որտեղ նա պետք է կանգ առնի, կարո՞ղ է արդյոք արագություն հավաքել, թե ավելի դանդաղ է պետք ընթանալ, զիջե՞լ արդյոք այլ մեքենայի:

Խմբագրությունը թեման է պլանավորում: Իսկ լրագրողը պետք է հարցեր ձևակերպի, որոնք նպաստում են այդ թեմայի լուսաբանմանը: Ի՞նչ տարբերություն՝ այդ հարցը տրվելու է Լավրովին, թե տեղի փորձագետի: Լրագրողի համար բոլորը հավասար են՝ և բարձրաստիճան պաշտոնյաները, և ցածր օղակները, և միջադեպերի շարքային մասնակիցները, և փորձագետը, որին նա ամեն րոպե զանգահարում և կարծիք է հարցնում:

Այն փաստն ինքնին, որ լրագրողը կարող է երկու երկրների միջև կապեր հաստատել կամ փչացնել, լուրջ կասկածներ է առաջացնում: Այստեղ կամ «պետություն» հասկացությունն է խեղաթյուրված, կամ «լրագրող»: Պարզապես ինչ-որ մեկը քավության նոխազ է փնտրում իր քաղաքական անհաջողություններն արդարացնելու համար կամ էլ ինչ-որ մեկն իր գործով չի զբաղվում: Այս դեպքում լրագրողն իր գործն էր անում: Նա հարց է տվել: Եթե քաղաքական հայտարարությամբ հանդես գար, նրա պատիժը հասկանալի կլիներ:

Պատկերացրեք, թե 2003թ.-ն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներն Իրաքի տարածք զորք է պատրաստվում մտցնել: Եթե այդ պահին Իրաքի հեռուստատեսության աշխատակիցն ասեր՝ «բարձրաձայնենք ԱՄՆ դիրքորոշումն», ի՞նչ կկատարվեր նրա հետ:

Երբ 2003թ-ի աշնանն ԱՄՆ և Մեծ Բրիտանիան զորք մտցրին Իրաք, CBS հեռուստաալիքի հաղորդավար Դեն Ռեդերն ու պրոդյուսեր Ջիմ Մերֆին հարցազրույց էին վերցնում Սադամ Հուսեյնից:

Սադամ Հուսեյնը համաձայնել էր հարցազրույց տալ, սակայն մի շարք պայմաններով: Պետք է նկարահանեին միայն իր օպերատորները, նրա խոսքը կարող էր թարգմանել միայն իր թարգմանիչը և այլն: Հարցազրույցը ցույց տվեցին և Իրաքում, և ԱՄՆ-ում: Այդպիսով միջազգային հանրությունն իմացավ նաև Սադամ Հուսեյնի դիրքորոշումը:
Բուշի և Բլերի դիրքորոշումները պարզ էին: Այնուամենայնիվ, Բուշի կառավարությունը CBS հեռուստաալիքից ժամանակ խլեց այդ հարցազրույցին պատասխանելու համար: Սակայն քանի որ կառավարությունն առաջարկում էր ուղիղ եթերում ցույց տալ ոչ թե բարձրաստիճան անձանց, այլ մամուլի քարտուղարին, հեռուստաալիքի հետ չհաջողվեց պայմանավորվել:

Այսինքն, ինչպես տեսնում եք, ոչ ոք լրագրողին ազգային շահերը դավաճանելու համար չմեղադրեց կամ հեռուստաալիքը դավաճան չանվանեց: Հարցեր տալը, կարծիք իմանալը, ինչո՞ւ պետք է այս ամենը պետությունների միջև հարաբերություններ փչացնի»:

Լրագրողի ազատման հարցը մեկնաբանեց նաև Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ, պատգամավոր Աֆլաթուն Ամաշևը.

«Ադրբեջանցի լրագրող, Lider TV-ի թղթակից Անար Հասանովի հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ռուս-ադրբեջանական հարաբերությունների այս փուլում, հնարավոր է, անհաջող էր: Ցանկացած դեպքում, կրկնեմ, որ աշխատակցին աշխատանքից ազատելը կամ պահելը Lider TV-ի իրավասության տակ է»:

Հրապարակվել է 24.01.2017


Կարդալ ավելին JAMnews-ում