Ճգնաժամային իրավիճակ Ճապոնիայի Յոկոհամա ջրային տարածքում գտնվող զբոսանավի վրա։ Այն կարանտինով արգելափակվել է, և կորոնավիրուսով վարակվածների թիվը 20–ից 61–ի է հասել" />

Բժիշկը, որը կանխատեսել էր կորոնավիրուսի համաճարակը, մահացել է։ Վիճակագրություն, թարմացում

Ճգնաժամային իրավիճակ Ճապոնիայի Յոկոհամա ջրային տարածքում գտնվող զբոսանավի վրա։ Այն կարանտինով արգելափակվել է, և կորոնավիրուսով վարակվածների թիվը 20–ից 61–ի է հասել

2020 թ–ի փետրվարի 7

Կորոնավիրուսը, որի համաճարակը բռնկվել է չինական Ուհան քաղաքում, այս պահին գրանցվել է աշխարհի 25 շրջաններում։ Հիվանդության տարածմանը կարելի է հետևել այս առցանց քարտեզի միջոցով։

Հիվանդներն ավելի քան 30 000 հազար են, զոհերն՝ ավելի քան 600։ Սակայն առողջացել է ավելի շատ մարդ՝ շուրջ 800։

Լարված պահերից մեկը «Դայմոնդ փրինսես» զբոսանավի հետ կապված իրավիճակն է, որը կարանտինի մեջ է Ճապոնիայի Յոկոհամայի ջրային ափամերձ տարածքում։ Այստեղ  երկու օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 20–ից 61–ի է հասել։

Բժիշկը, որը հայտնաբերել էր մահաբեր սպառնալիքը, սակայն նրան չէին լսել

Չինական լրատվամիջոցները հաստատել են բժիշկ Լի Վենլիանի մահվան մասին լուրը, որն առաջինն էր զգուշացրել կորոնավիրուսի բռնկման մասին և հենց ինքն էլ վարակվել էր։ Այն բանից հետո, երբ 2019 թ–ի դեկտեմբերին նա իշխանություններին հաղորդել էր իր կասկածների մասին, նրան պատժել էին։

Ինչպես գրում է Բի–Բի–Սին, այն բանից հետո, երբ բժշկի մահը սկսել են ակտիվորեն քննարկել չինական սոցցանցերում, պաշտոնյաները հրահանգել են նրա մարմինը միացնել կենսաապահովման համակարգին և հեռացնել լուրերն այն մասին, որ նա մահացել է։ Նրա մահը հաստատվել է միայն մեկ օր անց։

Աշխարհում ուժեղանում է չինական իշխանությունների վերաբերյալ քննադատությունը, որ նրանք, երկրի հեղինակության մասին հոգալով, թաքցրել են սկսված հիվանդության մասին տեղեկությունն ու այդպիսով նպաստել դրա տարածմանը։

Գիտնականները շարունակում են նոր վարակի դեմ պատվաստանյութի որոնումը։ Դեռևս հայտնի է, որ մի քանի տարի առաջ բռնկված ատիպիկ թոքաբորբի դեմ պատվաստանյութը կարող է կիրառվել նաև այս դեպքում։

Հարյուր տոկոսանոց արդյունավետությամբ պատվաստանյութի ստեղծման համար, ենթադրաբար, երկու ամիս է անհրաժեշտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրավիճակը գլոբալ սպառնալիք է անվանում, սակայն չի կիրառում «գլոբալ համաճարակ» եզրը։

Պաշտպանիչ հագուստով հատուկ ստորաբաժանումը բարձրանում է Diamond Princess նավ, որտեղ կորոնավիրուսով 60 վարակված կա։ Յոկոհամա, Ճաապոնիա, 2020 թ–ի փետրվարի 7։ REUTERS/Kim Kyung-Hoon

2020 թ–ի հունվարի 31

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 31–ին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հայտարարել է «գլոբալ արտակարգ դրություն»։

Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 10 հազարի, մահացածների թիվը 200–ից ավելի է։

Չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է վարակի տարածումը, չորս օրում հատուկ բուժկենտրոն է կառուցվել, ուր տեղափոխում են հիվանդներին։

Շատ երկրներ դադարել են Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը, կասեցվում են նաև Չինաստանից ապրանքի և նյութերի ներկրումը։ Մասնագետներն ասում են, որ դա համաշխարհային տնտեսության համար արտակարգ լուրջ հետևանքներով է հղի։

Ի՞նչ է նշանակում «գլոբալ արտակարգ դրության» հայտարարումը

Այս ձևակերպումն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունքն ընդունվել է 2005 թ–ին, որոշումը համաձայնեցվել է աշխարհի 196 երկրների կողմից։

Սակայն գործնականում այն գրեթե ոչինչ չի նշանակում։

Խորհուրդները, որոնք տրվում են «գլոբալ արտակարգ դրության» հայտարարման դեպքում, պարտադիր չեն։ Չկա նաև ստուգման համակարգ, որ պետությունները հետևեն այդ խորհուրդներին, ինչպես նաև նախատեսված չէ պատիժ կամ պատժամիջոց դրանց չհետևելու համար։

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ «գլոբալ արտակարգ դրության» հայտարարումը հաճախ քաղաքականության ազդեցության տակ է լինում, այլ ոչ թե խստորեն գիտական տվալների վերլուծության, հաղորդում է CNN–ը՝ վկայակոչելով The Lancet բժշկական իրավունքի մասնագիտացված ամսագրի հրապարակումը։

Չինացի զբոսաշրջիկները Բանգկոկում աղոթում են Erawan Shrine–ում։ Մահացու կորոնավիրուսը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում․ 200-ից ավելի մարդ է մահացել, ավելի քան 10 հազարը վարակված են։ Թաիլանդ, հունվարի 30, 2020։ REUTERS/Athit Perawongmetha

Thai Airways ավիաընկերության աշխատակիցները վնասազերծում են ինքնաթիռի սրահը։ Դա վտանգավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն է։ Բանգկոկ, Թաիլանդ։ Հունվարի 28, 2020. REUTERS/Athit Perawongmetha

2020 թ–ի հունվարի 30

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 172–ի։

Չինաստանում վարակվածների թիվը մոտենում է 6,000–ի։

Վարակվելուց հետո ապաքինվել է 102 մարդ։

«2019-nCoV» անվանումը ստացած վարակի շտամը հայտնաբերվել է ևս 17 երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ–ում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Թաիլանդում, ԱՄԷ–ում և Հարավային Կորեայում։

Ըստ չինացի մասնագետների՝ վարակի տարածման գագաթնակետը կլինի 7-10 օր անց։

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ հանդիպում կանցկացնի՝ որոշելու համար, թե արդյոք վարակը գլոբալ սպառնալիք է ներկայացնում։

Դպրոցականները Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի չինական դպրոցում։ 2020 թ–ի հունվարի 28։ REUTERS/Eloisa Lopez

Հունվարի 26, 2020

2019-nCoV վարակը Չինաստանում հանգեցրել է արդեն 56 մարդու մահվան, ավելի քան երկու հազար վարակված հիվանդներ կան։ Ուհան քաղաքը, որտեղ ենթադրաբար սկսվել է տարածվել հիվանդությունն, ամբողջությամբ մեկուսացված է արտաքին աշխարհից։

Սակայն վարակը տարածվել է Չինաստանի այլ քաղաքներում ևս՝ հասնելով Պեկին ու Շանհայ։ Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում և Կանադայում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրավիճակը գլոբալ սպառնալիք չի հայտարարել։ Մյուս երկրները դեռևս սահմանափակվում են Չինաստանից ժամանող ուղևորների բուժզննմամբ։

Ինչպես հաղորդում է Reuters–ն, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ տարհանում է Ուհանում իր հյուպատոսության անձնակազմը։ Հայտարարվել է նաև, որ դեպի Սան Ֆրանցիսկո նույն չվերթում, որը պլանավորված է փետրվարի 28–ին, սահմանափակ քանակությամբ տեղեր կտրամադրվեն ամերիկյան այլ քաղաքացիների։

Վտանգավոր իրավիճակի առնչությամբ Չինաստանի իշխանությունները որոշ քաղաքներում ամբողջությամբ չեղարկել են, իսկ մյուսներում՝ զգալիորեն կրճատել չինական Նոր տարվա սովորաբար շքեղ տոնակատարությունները։ Այն այս տարի հունվարի 25–ին էր։

Հունվարի 23, 2020

Ուհանի բնակչությունը 11 միլիոն է։ Բնակիչներին խնդրել են առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ։

Արտակարգ միջոցների պատճառը մինչ այժմ անհայտ վարակն է։ Հաստատվել է, որ վարակվածների թիվը գերազանցել է 500-ը։ 49–89 տարեկան 17 մարդ արդեն դարձել է վարակի զոհ։

2019-nCoV վարակը, որն առաջացնում է շնչառական ուղիների սուր հիվանդություն, նման է Sars վարակին, որից այս դարասկզբին աշխարհում ավելի քան 800 մարդ էր մահացել։

Գիտնկանները ենթադրում են, որ վարակի աղբյուրը օձերն են, սակայն այս վարկածը հաստատման կարիք ունի։ Համաճարակը սկսվել է Ուհանի շուկայում, որտեղ վայրի կենդանիների ապօրինի վաճառք էր կատարվում։

Վարակի մասին հաղորդագրությունների առնչությամբ Եվրոպայի և ԱՄՆ-ի շատ օդանավակայաններում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ բժշկական վերահսկողություն է սահմանվել։

Հիվանդների տարհանում չինական Ուհան քաղաքում։ REUTERS


Կարդալ ավելին JAMnews-ում