Թուրքիան, բարկացած Գերմանիայի և Եվրամության վրա, պատրաստ է վճռական քայլ կատարել դեպի Ռուսաստան" />

Անկարայից ավելի մոտ է Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը

Թուրքիան, բարկացած Գերմանիայի և Եվրամության վրա, պատրաստ է վճռական քայլ կատարել դեպի Ռուսաստան

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական էջից
 

Թուրքական մամուլը Թուրքիայի նոր արտաքին քաղաքական միտումների մասին

Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում նոր շրջադարձ կա: Թուրքիայի և Գերմանիայի միջև երկարատև քաղաքական հակամարտության և Եվրամիության հետ հարաբերություններում որոշակի անորոշության ֆոնին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է միանալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը:

Եվրասիական տնտեսական միությունը հիմնվել է 2015թ. Ռուսաստանի գլխավորությամբ: Այսօր, Ռուսաստանից բացի, դրա կազմի մեջ մտնում է ևս 4 երկիր՝ Հայաստան, Բելառուս, Ղազախսան և Ղրղզստան: Միության հայտարարված նպատակն է՝ ապահովել տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը: Միության անդամ-երկրների տարածությունում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն: Միավորման մեջ մտնող պետությունները նաև պարտավորվում են միմյանց հետ համակարգել իրենց ներքին տնտեսական քաղաքականությունը:

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը վերջերս հանդես եկավ Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման գաղափարով: 2016թ. հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Պուտինն առաջարկեց ստեղծել մեծ գործընկերություն Եվրասիայի տարածությունում, որում միությունից բացի կարող են մտնել Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և այլ պետություններ: Միջազգային վերլուծաբաններն այդ ժամանակ եզրակացրին, որ Եվրասիական տնտեսական միությունը սկսում է իրեն դիրքորոշել որպես մայրցամաքային ինտեգրման միջուկ:

Նիհաթ Զեյբեքչին այդ ժամանակ հավելեց, որ Թուրքիան, միաժամանակ, չի պատրաստվում հրաժարվել Եվրասիական տնտեսական ընկերակցությանն անդամակցելու իր այսօրվա մտադրությունից և պարտադիր կերպով այս տարի կդիմի համապատասխան հայցով:

Եվրասիական տնտեսական ընկերակցությունը (EEA) ապահովում է ազատ առևտուր և մարդկանց ազատ տեղաշրաժ ընկերկացության մեջ մտնող երկրների տարածքում: Դրանք բոլոր այն երկրներն են, որոնք մտնում են Եվրամիության մեջ, գումարած՝ Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը:

Միջազգային վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի հայտարարությունը՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ այսինքն հետխորհրդային երկրների տնտեսական միավորում շրջադարձ կատարելու վերաբերյալ, պատասխանն էր նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարության, որ Եվրոպական տնտեսական ընկերակցություն այլևս ոչ մեկ չի ընդունվի:

Թուրքիա-Գերմանիա. որն է հակամարտության պատճառը

Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների վատթարացումը վերջերս նոր թափ ստացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դիմեց թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացիներին՝ կոչ անելով առաջիկա ընտրություններում «հրաժարվել աջակցել Թուրքիայի թշնամի Անգելա Մերկելին»:

Գերմանիաի արձագանքն իրեն սպասել չտվեց: Գերմանիայի Հերֆորդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Անգելը Մերկելը հայտարարեց, որ «մենք չենք հանդուրժի նման միջամտություն մեր երկրի ներքին գործերին»: Այդ ժամանակ, ակնարկելով Թուրքիային, նա կտրուկ հայտարարեց, որ Եվրոպական տնտեսական ընկերակցության ընդլայնում չի սպասվում:

Հաջորդ քայլը Թուրքիայինն էր. Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը պատասխանեց, որ Գերմանիան չի կարող ամբողջ Եվրամիության անունից որոշում կայացնել Եվրոպական տնտեսական ընկերակցության ընդլայնման վերաբերյալ:

 

«Գերմանիան փորձում է թելադրել իր կանոնները՝ կարծես հայտարարելով՝ «ես պատասխանում եմ ամբողջ Եվրամիության անունից:» Դա ճիշտ չէ»,- լրագրողներին ասել է Թուրքիայի վարչապետը:

 

 

Թուրքիայի և Գերմանիայի միջև ես մեկ լարված իրավիճակ կապվում է Գերմանիայում ապրող այն կազմակերպությունների անդամների արտահանձնման հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական (ՖԵՏՕ, PYD/YPG, PKK):

«Մենք Գերմանիայից պահանջում ենք թույլ չտալ իր տարածքում մնալ ՖԵՏՕ-ի անդամներին, որոնք մասնակցություն են ունեցել պետական հեղաշրջմանը, այդ մարդկանց հանձնել Թուրքիային, որտեղ նրանց սպասվում է արդար պատիժ: Թուրքիան նույնչափ իրավական պետություն է, որքան Գերմանիան: Այդ մարդիկ իրենց գործողությունների համար պատասխան կտան օրենքի առաջ»,- ասել է Բինալի Յըլդըրըմը՝ ըստ CNN Türk-ի:

Գերմանիան հրաժարվել է արտահանձնել մարդկանց, իսկ Թուրքիայում, ի պատասխան, ձերբակալել են Գերմանիայի ավելի քան 10 քաղաքացիների, որոնց թվում կան լրագրողներ և մարդու իրավունքների ակտիվիստներ:

Ի պատասխան՝ Գերմանիան 2017թ. հուլիսին ավելի է խստացրել քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Թուրքիա-Եվրամիություն

Գերմանիան ակտիվորեն քարոզում է այն նախաձեռնությունը, որ Եվրամիությունը ֆինանսական պատժամիջոցներ սկսի Թուրքիայի դեմ:

Համաձայն CNN Türk-ի դիվանագիտական աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ Եվրամիությունն արդյունքում պատարստվում է կրճատել Թուրքիայի ֆինանսական օգնությունը: 2014-2020թթ. համար նախատեսված օգնության ծավալը պետք է կազմեր մոտավորապես 4 մլրդ 450 մլն եվրո: Թե որքանով կկրճատվի այդ ֆինանսական օգնությունը՝ հայտնի կդառնա Եվրամիության գնահատականից հետո, որի մասին հաշվետվությունը սպասվում է 2017թ. սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին:

Թուրքիայի հույսերը՝ կարգավորել հարաբերությունները Գերմանիայի և Եվրամիության հետ

Այնուամենայնիվ, Թուրքիայի պաշտոնատար անձինք նախկինի պես խոսում են Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների կարևորության մասին և հույս ունեն կարգավորել դրանք:

Նույն էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ չի կարելի Անգելա Մերկելի մեկնաբանությունը դիտարկել որպես Գերմանիայի դիրքորոշում, և Թուրքիայի՝ Եվրոպական տնտեսական ընկերակցությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

«Մինչ այդ բանակցությունները շարունակվում են, կարծում եմ, որ նման հայտարարությունները չեն արտահայտում Գերմանիայի դիրքորոշումը: Այս պահին բանակցությունները շարունակվում են բնականոն հունով: Բայց կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է և լռել: Ես դա խորհուրդ եմ տալիս և մեր գերմանացի ընկերներին: Մեզ էլ է պետք լռել նման իրավիճակներում»,- Զեյբեքչիի խոսքերն է մեջբերում Hürriyet-ը:

Գերմանիան շարունակում է մնալ Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերը, և դրա փոփոխությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Թուրքիայի համար: Զեյբեքչին ասել է, որ առևտրաշրջանառության ծավալը Գերմանիայի և Թուրքիայի միջև 2017թ. կազմել է մոտ 40 մլրդ դոլար:

«Ինչ վերաբերում է Թուրքիայում գերմանական ընկերությունների և Գերմանիայում թուրքական ընկերությունների շահույթին, ապա այստեղ խոսքը 100 միլիարդավոր դոլարների մասին է: Եվրոպական տնտեսական ընկերակցությանն անդամակցությունը կենսական կարևոր հարց չէ Թուրքիայի համար… Բայց դրա ընդլայնումը, այնուամենայնիվ, ձեռնտու է ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրամիությանը»:

Թուրքիա-Ռուսաստան

Այսպես, Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածության ֆոնին նկատվում է մերձեցում Թուրքիայի և Ռուսաստանի միջև:

Օրերս Էգեյան ծովի թուրքական ափին տեղի ունեցած Izmir International Fair հերթական միջազգային առևտրային ցուցահանդեսին Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձիք լիակատար լավատեսություն հայտնեցին երկու երկրների համագործակցության հեռանկարների մասին: Ցուցահանդեսին մասնակցելու համար Ռուսաստանից ժամանել էր ամենամեծ պատվիրակությունը՝ 300 մարդ, ինչը վկայում է այդ հայտարարությունների լրջության մասին:

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, լրագրողների հետ խոսելով Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների մասին, ասել է, որ երկու երկրների միջև «գոյություն ունեն որոշ մանր խնդիրներ, բայց դրանց վերջ կտրվի մինչև հոկտեմբերի 20-ը», երբ նախատեսվում է թուրք-ռուսական տնտեսական հանձնաժողովի միջկառավարական նիստը:

Ա ռայժմ հասկանալի չէ՝ որքանով է լուրջ Թուրքիայի մտադրությունը՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը: Բայց այս երկու պետությունները, ըստ ամենայնի, վճռական են տրամադրված վերանայելու իրենց առևտրային հարաբերությունները:

Դրա ակնայտ արտացոլումը կարող է լինել Ռուսաստանի և Թուրքիայի միջև «լոլիկային պատերազմի» ավարտը: Նիհաթ Զեյբեքչին ասել է, որ 2015թ. երկու երկրների միջև հարաբերությունների սրացումից հետո սահմանված Թուրքիայից Ռուսաստան բանջարեղենի արտահանման արգելքը կարող է չեղարկվել, և թուրքական լոլիկները, որոնք դարձել են ռուս-թուրքական հարաբերությունների խորհրդանիշ, կարող են վերադառնալ ռուսական շուկա:

Արդեն հիշատակված Izmir International Fair ցուցահանդեսին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը լրագրողներին ասել է, որ թուրքական և ռուսական կողմերը ծանր ժամանակներ են ապրել գործնական գործընկերության մեջ, «բայց այդ ժամանակները մնացել են անցյալում»:

Իսկ Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն նույն ցուցահանդեսին հայտարարել է, որ երկու երկրները պատրաստվում են կտրուկ ավելացնել արտաքին ապրանքաշրջանառությունը: Նա բերել է հետևյալ թվերը.

  • Վերջին 10 տարիների ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության մոտավոր ծավալը կազմել է 30 մլրդ դոլար:
  • 2016թ. այդ թիվը նվազել է մինչև 17 մլրդ դոլար:
  • Առաջիկա տարիներին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կավելանա մինչև 100 մլրդ դոլար

Բերելով այս թվերը՝ Ֆարուք Օզլուն ասել է.

«Երկրների միջև երբեմն լինում են քաղաքական ճգնաժամեր, դա նորմալ է… Բայց Անկարայի և Մոսկվայի միջև տարածությունն այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան՝ Անկարայի և Բրյուսելի միջև»:


Կարդալ ավելին JAMnews-ում