Ստեղծագործ երիտասարդությունն ընտրում է ապաքաղաքական լինելու և ընդվզման միջև " />

Անդերգրաունդ արվեստն Ադրբեջանում․ գրաքննություն՝ օգնության դիմաց

Ստեղծագործ երիտասարդությունն ընտրում է ապաքաղաքական լինելու և ընդվզման միջև

Մ

Մեծ դահլիճում «ռազմական խորհրդի նիստ» է։ Կիսամութ սենյակում հնամաշ տարբեր տեսակի աթոռներ են դրված, լուսավորված է միայն էկրանի դիմացի փոքր տարածքը։ Այդ լուսավոր կետում մոտ քսան մարդ է հավաքվել։ Լուսանկարիչներ, նկարիչներ, երաժիշտներ, ճարտարապետներ, ֆեմինիստներ, լրագրողներ Բաքվի ստեղծագործ երիտասարդությունը/նոր բոհեմը/անդերգրաունդը (հարկ եղածն ընդգծել)։ Ամենակրտսերը երկու տարեկան է։ Գանգրահեր տղան փորձում է հասնել հնամաշ դաշնամուրի ստեղններին, մինչ հայրը մյուսների հետ որոշում է, թե ինչպես փրկել շենքը քանդվելուց, որտեղ էլ ամեն ինչ տեղի է ունենում։

Երբ մենք այստեղ տեղափոխվեցինք, գիտեինք իհարկե,  որ շենքը հին է, և վաղ թե ուշ մեզ կխնդրեն լքել այն։ Բայց չէինք մտածում, որ դա այսքան շուտ տեղի կունենա», – բացատրում է Լեյլի Գաֆարովան։

Լեյլի Գաֆարովա։ Լուսանկարը՝ JAMnews

2018թ-ի վերջին Լեյլին, նրա ամուսին Իլկին Հուսեյնովն ու մի քանի «համախոհներ» վարձակալել են Բաքվի կենտրոնում երկհարկանի շենք և դրանում SalaamCinema անկախ կինոթատրոնը ստեղծել։

Շենքը կառուցվել է 1913թ-ին։ Այստեղ մոլոկանների աղոթատեղի էր։ Մոլոկանները քրիստոնեության ճյուղերից մեկի հետևորդներն են։ Նրանք արտաքսվել են ցարական Ռուսաստանից իրենց հավատքի համար 19-րդ դարում և հիմնավորվել Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանում։

Մի քանի ամսում բոհեմական երիտասարդությունը հիմնավորվել է այս վայրում․ այստեղ արդեն ոչ միայն ֆիլմեր են դիտում, այլ նաև ցուցահանդեսներ անցկացնում, երգում, խմում, վիճում, ծանոթանում «իրենց նմանների» հետ։

Սակայն մայիսի սկզբին SalaamCinema-ի շեմքին հայտնվեց շենքի տիրոջ ներկայացուցիչն ու հրահանգեց վարձակալներին «տարածքը մաքրել»։ Շենքը կքանդվի կամ կվերականգնվի, թեև նրանց դա չի վերաբերում, ասաց նա։

«Սալամցիները» մի փոքր կարողացան հետաձգել իրենց տեղափոխումն ու այժմ, կիսամութ դահլիճում նստած, ջղաձգորեն մտածում են, թե ինչ անել, որպեսզի հին շենքը չքանդեն, իրենց էլ փողոց չնետեն։ Եվ որոշեցին պարզապես չհեռանալ։

Այդպես սկսվեց «SalaamCinema-ի պաշտպանությունը»՝ վերջին երկար տարիներին Ադրբեջանի  ամենամասշտաբային (և ամենաուրախ) երիտասարդական ակցիան։

Սփոյլեր․ նրանք հաղթեցին։

Սաբինան SalaamCinema է գնում առաջին իսկ օրվանից։ Սաբինան ճարտարապետ է, նա ուզում է Բաքվում բարեհաճ քաղաքային միջավայր ստեղծել և սիրում է այն վայրերը, որոնք «ցուցադրում են այն, ինչ չես տեսնի ուրիշ պատկերասրահներում կամ կինոթատրոններում, որտեղ պաթոս, գինու ապակե բաժակներ չկան և կարելի է գալ ցանկացած հագուստով ու քեզ հարմարավետ զգալ»։

Ի՞նչ է անդերգրանունդն ու ի՞նչ կապ ունի SalaamCinema-ն

Անդերգրաունդն Ադրբեջանում «պրոգրեսիվ» ստեղծագործ երիտասարդության հանրություն է, որը զբաղվում է արվեստով և հատուկ նախագծերով՝ միաժամանակ չհիմնվելով պետության աջակցության վրա։

SalaamCinema-ի պատմությունն օգնեց այդ հանրությանը բարձրաձայնել իր մասին և նոր «համախոհների» ներգրավել։

Այստեղ բնավ խոսքը հենց ժամանակակից արվեստի մասին չէ։ Քանի որ Բաքվում կան նաև այլ ստեղծագործական միավորումներ, որոնք մասնագիտանում են ժամանակակից արվեստի վրա և գրավում երիտասարդությանը։ Սակայն դրանց հովանավորում է պետությունը՝ միաժամանակ որոշակի կանոններ թելադրելով։

Այժմ Ադրբեջանի այլընտրանքայինն ստեղծագործական համայնքը մի քանի խմբերից և անձանցից բաղկացած արշիպելագ է, որոնք փոխազդում են միմյանց վրա։

Նաթավան Վահաբովան լուսանկարիչ է, հաճախ է լինում «այլընտրանքային շրջանակներում», սակայն իրեն որևէ ուղղության չի դասում։
«Ինձ դուր է գալիս այսպիսի վայրերում լինել և շփվել ստեղծագործ մարդկանց հետ, որոնք այլ կերպ են մտածում, նրանց արվեստն էլ է այլ։ «Հարթ» չէ, ինչպես մյուս ժամանակակից նկարիչներինը։ Դրանում խորապես անդրադարձ է կատարվում սոցիալական թեմաներին», – ասում է Նաթավանը։
Նա ինքը հիմա աշխատում է հատուկ նախագծի վրա կանանց ապաստանից լուսանկարների շարք է անում։

Մշակութային շոկ մշակույթի նախարարության համար

«Մենք պետության հետ խնդիր չունենք։ Այդ նրանք խնդիրներ ունեն մեզ հետ», – ասում է ADO թատրոնի գեղարվեստական ղեկավար Էլմին Բադալովը։

АDО-ն Ադրբեջանի առաջին անկախ թատրոնն է։ Վեց տարվա գործունեության ընթացքում նրանք վեց տարածք են փոխել․ ստիպված էին տեղափոխվել մերթ ոստիկանության այցի, մերթ վարձի թանկության, կամ էլ այլ պատճառներով։

Լուսանկարը՝ Բաշիր Կիտաչաևի

Իրենց ներկայիս շենքը նրանք նույնպես քիչ էր մնացել կորցնեին և նույնիսկ օգնության էին դիմել մշակույթի նախարարություն։ Պաշտոնյաները եկել էին ներկայացումներից մեկին, տեսել տարօրինակ ցնցոտիներով մարդկանց, որոնց գազազած մակարոն էին ուտում, իսկ հետո ամեն տեսակի օգնություն էին առաջարկել խաղացանկի վերահսկողության դիմաց։ Դերասանները հրաժարվել էին։

Բացի այդ, մշակույթի նախարարությունն արդեն որերորդ տարին է՝ թատրոնին արգելում է Բաքվում փողոցային ներկայացում անել։ Էլմին Բադալովին, երբ նա երկրից մեկնում է և վերադառնում, շատ երկար ու մանրազնին ստուգում են մաքսատանը։

АDО-ի խաղացանկում մի փոքր «խելահեղ» ժամանակակից ներկայացումներ են, էքսպրեսիվ, խորհրդանշական և պահպանողական Ադրբեջանի չափանիշներով «այլասերված»։ Այստեղ բեմից կարող է հնչել «առնանդամ» բառը, արտիստները ներքնազգեստով են ման գալիս և թասից ջուր լցնում իրենց վրա, մանկական հեքիաթները վերածվում են ցնորքի։

Ոչ միայն Բաքու

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ողջ անդերգրաունդն այսպես թե այնպես դրանով է զբաղվում՝ բորբոքում է պահպանողական հասարակությունը կամ ձգտում է այն փոխակերպել արվեստի միջոցով։ Այսպիսի նպատակ է հետապնդում, օրինակ, Մուրադ Նադիևը։

Մուրադը իրեն գցում է SalaamCinema-ի բակ՝ ուսապարկը մեջքին, հիանալի տրամադրություն ունի։ Նա աշխուժորեն ողջունում է բոլորին այնպես, որ վեր են թռչում սեղանի վրա խաղաղ շրջող կատուները։

Մուրադ Նաբիև․ Լուսանկարը՝  Facebook, Murad Nabiyev

Երեսնամյա Մուրադն արդեն մի քանի ամիս է, ինչ երկու քաղաքներում է ապրում։ Նախկինում նա ընկերների հետ Բաքվում «Çıxış» («Ելք») անվանումով հաստատություն ուներ, որտեղ ամեն ինչ էր անցկացվում՝ ռոք-համերգներից մինչև ընտանեկան կյանքում մարքսիզմի դերի մասին դասախոսություններ։ 

Այնուհետև հաստատությունը ստիպված էին փակել, քանի որ վարձը չէին կարողանում վճարել։ Դրանից հետո Մուրադը մեկնեց Ադրբեջանի արևմուտքում գտնվող հայրենի Գյանջա քաղաք և այնտեղ նման մի բան բացեց Art Garden անվանումով։ Ճիշտ է, Գյանջայում բարքերն ավելի խիստ են, քան մայրաքաղաքում, ժամանակակից արվեստին այստեղ կասկածանքով են մոտենում, սակայն Մուրադին այնուամենայնիվ հաջողվեց երիտասարդությանը գրավել նկարչության դասերով, կինեմատոգրաֆի մասին վորքշոփերով և անգամ ռեյվ-համերգներով։

«Այն, ինչով զբաղվում ենք ես ու ընկերներս, սոցիալական մաս ունի։ Արվեստի միջոցով մենք պայքարում ենք գենդերային կարծրատիպերի, հոմոֆոբիայի, կենդանիների հանդեպ դաժանության և անտարբերության դեմ։ Ուզում ենք, որ ադրբեջանական հասարակությունն ամեն առումով առողջ լինի», – ասում է Մուրադը։ Նա ինքը բուսակեր է և պլաստիկից հրաժարվելու կողմնակից։ «Çıxış»-ում, Ադրբեջանում թերևս առաջին անգամ կոկտեյլների ձողիկների փոխարեն օգտագործում էին ներսը ծակ մակարոններ։ Անհարմար են, բայց էկոլոգիապես մաքուր։

Այլընտրանքային սուրճ

Coffee-Moffee սրճարանը կեսօրին արդեն բազմամարդ է։ Ֆրիլանսերներն այստեղ նստած են նոութբուքերով, ուսանողներն ինչ-որ բան են անգիր անում, իսկ սոցիալական ակտիվիստներն աշխարհի վերափոխման հերթական պլանն են մտածում։

Այս սրճարանն «անդերգրաունդ ենթակառուցվածքի» տարրերից մեկն է։ Նման հաստատությունները, որպես կանոն, բացվում են այդ շրջանակի մարդկանց կողմից համախոհների համար։ Բաքվում դրանք մոտ հինգն են՝ երեք միլիոնանոց քաղաքի հաշվարկով՝ ներառյալ ամբողջությամբ ծխահարված բարերը, որտեղ ելույթ են ունենում տեղի ռոք-խմբերն ու «թափառական» գիշերային ակումբը, որը ստիպված էր հրաժարվել իր մշտական հարթակից հաճախորդների սակավության պատճառով։

Boho սրճարան։ Լուսանկարը՝ Բաշիր Կիտաչաևի

Coffee-Moffee-ում Արազ Հաջիևը գալիս է բողոքելու, որ նրա շունը՝ կաղ և գզգզված Ռաստան, կրկին կորել է, նա նույնպես անդերգրաունդ հասարակության անդամ է։ Այստեղ է գալիս կրկին մի քանի ժամ անց՝ հայտնելու, որ Ռաստան գտնվել է։ Արազը քաղաքացիների համար դեպի բնություն էքսկուրսիաներ է անցկացնում, պարում է էլեկտրոնային երաժշտության տակ լողափի խարույկի մոտ, իր թիմն անվանում ընտանիք։ «Իվենթների» կազմակերպումն ադրբեջանցի արտ-ակտիվիստների մոտ շատ ավելի պոպուլյար է, քան երկարաժամկետ նախագծերը։

Ռաստա։ Լուսանկարը՝ Facebook

Անդերգրաունդն ու քաղաքականությունը

«SalaamCinema-ի պաշտպանությունը» շարունակվում էր մոտ մեկ շաբաթ, և այդ ընթացքում դրան հասցրել էր միանալ մոտ երկու հարյուր մարդ։ Նրանցից շատերը, որոնք այն օրերին այստեղ էին եկել, «մնացել էին» և այժմ գրեթե դուրս չեն գալիս այստեղից։

Օրինակ՝ 23-ամյա Ալեքսանդրը։ Նա աշխատում է հյուրանոցում, էլեկտրոնային երաժշտություն գրում, և վերջին ժամանակներս SalaamCinema-ն դարձել է նրա երկրորդ տունը։

«Այս վայրը հիանալի աուրա ունի։ Այն Ադրբեջանի համար անարխակոմունաի լավ օրինակ է, թեկուզև՝ քաղաքականությունից հեռու»։ Լուսանկարը՝ Բաշիր Կիտաչաևի

Ալեքսանդրն այստեղ է բերել իր ողջ երաժշտական զինանոցը՝ բաս-կիթառից մինչև անատոլիական պարկապզուկ և աֆրիկյան թմբուկներ, և այժմ մյուսների հետ իմպրովիզացիա է անում։ Լավ է, որ SalaamCinema-ի հարևանները կամ շատ բարի են, կամ էլ՝ խուլ։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքականությանն, ապա սկզբից այդ հարցով ոչ ոք չէր զբաղվում․ արդյո՞ք ադրբեջանական անդերգրաունդը մոտ է դրան, թե հեռու։ Սակայն երբ շենքի պահպանման արշավը լուրջ թափ ստացավ, պահը հասունացավ կողմնորոշվելու ի՞նչ է դա՝ մշակութայի՞ն ակցիա, թե՞ քաղաքական։

Ձգտելով նրան, որ շենքին պատմական հուշարձանի կարգավիճակ շնորհվի՝ SalaamCinema-ի «կազմկոմիտեն» նամակներ ուղարկեց տարբեր «ատյաններ»։ Այդ թվում՝ անձամբ երկրի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։ Ադրբեջանում դա հուսալի մեթոդ է, երբ անհապաղ օգնություն է պետք։

Շենքն արդյունքում պահպանեցին։ Սակայն շատերին ջղայնացրեց այն, որ «սալամցիները» դիմեցին նախագահի տիկնոջ օգնությանը, «խնդրագիր գրեցին», «վարկաբեկեցին» ցույցի և անկախ արվեստի գաղափարը։

Նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովը SalaamCinema-ի պաշտպաններին անվանեց «անսկզբունքային քաղաքական տգետներ», որոնց սեփական բոհեմային ժամանցից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։

«Հալածյաների պայքարում տեղ չունեն օպորտունիստները, կոնֆորմիստները, «հասարակ քաղաքացիները», չքաղաքականացված կեղծ ինտելեկտուալները։ Դուք միայն մեր ոտքերի տակ եք ընկնում։ Այս երկիրը դուք չեք փոխելու, այնպես որ վազն անցեք և մեր ուշադրությունը մի գրավեք», – գրել էր Գիասը ֆեյսբուքյան իր էջում։

Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին տասը տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հոր հուշարձանին գրաֆիտի էր հայտնվել։

Բայրամ Մամեդովը՝ Գիասի ընկերն ու նույնպես նախկին քաղբանտարկյալն, այսպես էր մեկնաբանել այդ դեպքը

«Իհարկե, անդերգրաունդ արվեստն, ըստ էության, չի կարող ապաքաղաքական լինել։ Չի կարող ապաքաղաքական լինել այն մարդկանց մտածողությունը, որոնք ստիպված են թաքնվել «հողի տակ» ռեպրեսիվ պետական ապարատից։ Ցավոք, մեր հասարակությունը գաղափարական ճգնաժամ է ապրում, և այստեղ գոյություն ունեցող շատ գաղափարախոսություններ ոչ թե գաղափարախոսություն են, այլ դրանց աղավաղված նմանակումը»։

Բայրամ Մամեդով։ Լուսանկարը՝ Facebook, Ulviyya Ali

«Սալամցիներն», իրենց հերթին, ասում են, որ բնավ չէին ուզում հեղափոխություն անել։

«Չէ՞ որ մենք միայն նրան չենք գրել, այլ բոլոր ատյաններին անխտիր»։ Մեր նպատակը մեկն էր՝ պահպանել շենքը։ Քաղաքական ակցիաներ մենք չէինք պատրաստվում անել։ Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, որ արվեստի մարդիկ պետք է արտահայտեն իրենց քաղաքացիական դիրքորոշումը, սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է ընդդիմադիր լինեն»,ասում է Լեյլի Գաֆարովան։

Փիլիսոփայության դոկտոր Ռահման Բադալովը ոչ մի սարսափելի բան չի տեսնում նրանում, որ ադրբեջանական անդերգրաունդը քաղաքականությունում ներքաշված չէ․

«Ադրբեջանում անկախ այլընտրանքային արվեստն անշեղորեն աճելու է։ Դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ յուրահատուկ բան են ստեղծելու, որն արժեքավոր է լինելու համաշխարհային համատեքստում։ Ադրբեջանում լուրջ մշակութային գործողությունների համար հարմար հող չկա։ Բայց մի բան անում են, թեկուզև ներքին օգտագործման համար։ Եթե երիտասարդության կյանքն ավելի հետաքրքիր դառնա, պահպանողական հիմքերը գոնե մի քիչ սասանվեն, դա քիչ չէ»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում