Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները Գերմանիայի կանցլերից «կորզել են» «օկուպացիա» բառը" />

Անգելա Մերկել․ «Այո, դա օկուպացիա է։ Վրաստանի 20 տոկոսն օկուպացված է»

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները Գերմանիայի կանցլերից «կորզել են» «օկուպացիա» բառը

Լուսանկարը՝ Վրաստանի կառավարության վարչակազմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, երրորդ անգամ պատասխանելով հարցին, օգտագործեց «օկուպացիա» եզրը։

Շարունակվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։ Նախօրեին կանցլերը հանդիպել էր նախագահին և վարչապետին։ Այսօր նա զրուցել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հանդիպել Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներին։ Եվ հենց այս վերջին հանդիպումը դարձավ Մերկելի այցի ամենահետաքրքիր և նշանակալից մասերից մեկը։ 

Ուսանող Կոնստանտին Շուբիթիձեն կանցլերին հարցրեց

Արդյո՞ք որևէ խնդիր կա «օկուպացիա» եզրի հետ, կամ ինչո՞ւ Ցխինվալիի և Աբխազիայի իրադարձությունները որպես օկուպացիա չեք գնահատում և ինչո՞ւ եք օգտագործում միայն «անարդարություն» եզրը։

Այո, դա օկուպացիա է, օկուպացված տարածք։ Սա տիկին կանցլերի պատասխանն է։ Ես ասացի, որ դա օկուպացիա է, գրավված տարածք, 20 տոկոս, և, չնայած դրան, դա շարունակում է հսկայական անարդարություն մնալ, – պատասխանեց Մերկելն ուսանողի հարցին։

Գերմանիայի կանցլերի այդ պատասխանը լսարանը ծափողջույններով ընդունեց։

Մինչ այդ ևս երկու ուսանող էր Մերկելին Վրաստանի տարածքի օկուպացիայի թեմայով հարց ուղղել, սակայն Գերմանիայի կանցլերը պատասխանելիս չէր օգտագործել «օկուպացիա» բառը և Ռուսաստանի գործողությունները գնահատել էր որպես «անարդարություն»։ Շուբիթիձեի հարցը հետևեց հենց այս հարցերին։

•  Մերկելն «օկուպացիա» բառը չէր օգտագործել նաև նախօրեին՝ Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին, ինչը երկրում քննադատության ալիք բարձրացրեց ոչ միայն կանցլերի, այլև վարչապետի հասցեին։

Եվրատլանտյան ինտեգրացիա

Գերմանիայի կանցլերը նշեց, որ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է եվրաինտեգրման առումով։ Ըստ նրա՝ «Վրաստանը և Ուկրաինան եվրոպական  ամենամեծ հեռանկարներն ունեն»։

«Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, սակայն Վրաստանը հաստատ այն երկիրն է, որն Ուկրաինայի հետ միասին ամենամեծ եվրոպական հեռանկարներն ունի։ Մոտակա տասը տարում մենք քայլեր կնախանշենք, որոնք պետք է ձեռնարկվեն ապագայում», – հայտարարել է Մերկելը։

ԹՊՀ ուսանողներից մեկը Մերկելին հարց ուղղեց ուլտրաաջ քաղաքական կուսակցությունների մասին և հարցրեց, թե որքանով կարող է այդ կուսակցությունների թերահավատությունը խանգարել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրացիային։

Ըստ Մերկելի՝ Եվրամիության ընդլայնման հակառակորդները փորձում են Վրաստանն, Ուկրաինան և Բալկանյան երկրներն այնպես ներկայացնել, իբր նրանք ԵՄ-ին անդամակցելու դեպքում խնդիրներ կստեղծեն։

«Ինչպե՞ս կարելի է եվրոպացիներին վախեցնել Վրաստանով, ինչպե՞ս կարելի է այդ իրավիճակը ներկայացնել որպես հրեշավոր, ի՞նչ խնդիրներ կարող է ստեղծել Վրաստանի անդամակցումը Եվրամիությանը։ Դրանք մարդկային հույզեր են և դրանք հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել, այդ պատճառով էլ մեծ զգուշություն է անհրաժեշտ», – հայտարարել է Մերկելը։

Ռուսաստանի հետ հարաբերությունները

«Կարծում եմ, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չեն։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն թշնամիներ չեն», – պատասխանել է Մերկելն ուսանողների հետ հանդիպմանը։

Ըստ Մերկելի՝ Գերմանիան ուզում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ այնպես, ինչպես և Վրաստանի հետ։

«Գերմանիան ուզում է շատ լավ հարաբերություններ ունենալ ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի կամ Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն աշխարհում շատ կարևոր երկիր է․․․ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն իր թշնամիները չեն։ Ռուսաստանը, բնականաբար, բարդացնում է իրավիճակը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, օրինակ, Վրաստանի համար ի դեմս Հարավային Օսիայի և Աբխազիայի։ Օրինակ, Մոլդովան խնդիր ունի, Ադրբեջանը նույն խնդիրն ունի, ինչ Ուկրաինան», – հայտարարել է Մերկելը։

Մենք չենք կարող հրաժարվել նավթի և գազի ուղղությամբ Ռուսաստանի հետ համագործակցությունից այսպես է Մերկելը պատասխանել Ռուսաստանից Գերմանիայի և Եվրոպայի էներգետիկ կախվածության մասին ուսանողի հարցին։

Ըստ Մերկելի՝ գլխավոր ճշմարտությունն այն է, որ ռուսական գազ ստանալը Եվրոպայի համար այսօր ավելի էժան է, քան այլ երկրներից։

«Սառը պատերազմի ժամանակ էլ Եվրոպան ու Ռուսաստանն՝ այն ժամանակ Խորհրդային Միությունը, սերտ կապեր ունեին էներգետիկ ուղղությամբ։ Մենք չենք կարող հրաժարվել Ռուսաստանի հետ նավթի և գազի ուղղությամբ համագործակցությունից։ Բնականաբար, Ադրբեջանը  նույնպես այն երկիրն է, որից մենք կարող ենք գազ ստանալ, սակայն ճշմարտությունն այն է, որ այդ գազը մենք չենք կարող ստանալ նույն գնով, ինչ ռուսականը։ Ես դեմ չեմ Ռուսաստանի հետ առևտրային կապեր ունենալուն, միգուցե մենք լուծենք Ուկրաինայի և Վրաստանի հետ կապված խնդիրը, և դա մարդկանց համար շահեկան կլիներ», – հայտարարել է Մերկելը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում