Անգելա Մերկելը Բաքվում է․ սպասելիքները չարդարացան

Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Գերմանիայի կանցլերը հրապարակավ չի խոսել ո՛չ երկրի տարածքային ամբողջականությունից, ո՛չ խոսքի ազատությունից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 25-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Հարավային Կովկասի երկրներ կատարած իր այցի շրջանակում։

Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հանդիպման արդյունքներն ամփոփվել են մամուլի համատեղ ասուլիսով, որին թույլ չէին տվել  ներկա գտնվել անկախ լրագրողների։

Կանցլերը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և այցելել Շահիդների ծառուղի, որտեղ թաղված են Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհվածները։

Էներգետիկ համագործակցություն

«Քաղաքական և տնտեսական տեսակետից մենք Ադրբեջանը համարում ենք տարածաշրջանի ծանրքաշայինը», — նշել էին Գերմանիայի կառավարությունում շրջայցից առաջ։

Եվ Ադրբեջանում Մերկելի այցից շատ բան էին սպասում։

Կառավարությունը, մասնավորապես, ադրբեջանական գազը Գերմանիա, այնուհետև՝ Եվրամիության այլ երկրներ արտահանելու սկզբունքային համաձայնագրի հույս ուներ։ Այս հարցը Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ միասին օրակարգի գլխավոր թեման էր։

Համաձայնագիր չստորագրվեց, թեև, ինչպես հաղորդում է Deutsche Well-ը, Մերկելը հասկացնել տվեց, որ Եվրոպան կցանկանար դիվերսիֆիկացնել էներգառեսուրսների իր շուկան ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։

Սպասվում է, որ տարեկան 10 միլիարդ կուբամետր ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպային կսկսվի 2020թ-ին հարավային գազային միջանցքով։ Այն կազմված է երեք գազատարներից, ենթադրվում է, որ ադրբեջանական Շահ-Դենիզ-2 հանքավայրից գազը կհասնի Թուրքիա, այնուհետև այն պետք է անցնի 800 կմ երկարությամբ հատվածով, որը կձգվի Վրաստանի հյուսիսային հատվածում գտնվող թուրք-վրացական սահմանով, կհատի Ալբանիան և Ադրիատիկ ծովն ու կհասնի Իտալիայի ափեր։

Ղարաբաղյան կարգավորում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մերկելը միայն ասել է, որ Գերմանիան նպաստելու է դրա խաղաղ կարգավորմանը։

Խոսքի ազատություն և մարդու իրավունքներ

Ադրբեջանի ոչ միայն կառավարությունն, այլ նաև ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունն այդ այցին առանձնահատուկ հուզմունքով էին սպասում։ Ենթադրվում էր, որ դրա ընթացքում խոսք է գնալու քաղբանտարկյալների մասին (որոնց առկայությունն ադրբեջանական կառավարությունը հերքում է)։

Շրջայցի նախօրեին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մերկելին կոչ էր արել Իլհամ Ալիևից պահանջել ազատ արձակել դատապարտված լրագրողներին և երկրում խոսքի ազատության հարցը բարձրացնել։

 «Ադրբեջանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ կալանքի տակ են գտնվում լրատվական ոլորտի ամենաշատ աշխատակիցներն․ ութ լրագրող և երկու բլոգեր այժմ այնտեղ բանտում են իրենց աշխատանքի պատճառով», – հայտարարել էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն օգոստոսի 22-ին։

Սակայն սպասումները չարդարացան․ Անգելա Մերկելը ոչ միայն չպահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին, այլև ընդհանրապես չբարձրացրեց այս թեման։

Ճիշտ է, դրան անդրադարձ եղավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնց թվում էր նաև հետաքննող անկախ լրագրող և նախկին քաղբանտարկյալ Խադիջա Իսմայիլը։

Այդ հանդիպումից հետո Իսմայիլը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն ամենայն մանրամասնությամբ կանցլերին ներկայացրել է Ադրբեջանում կոռուպցիայի, ժողովրդավարության և խոսքի ազատության հետ կապված իրավիճակն ու բաց տեքստով հարցեր է տվել։

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ կանցլեր Մերկելը հասկանում է ավտոկրատական հասարակության դժվարություններն ու մեխանիզմները։ Նա ասել է, որ մեր խնդիրները կարևոր են, և դրանցից որոշները քննարկվել են նախագահ Ալիևի հետ հանդիպմանը։ Ես հույս ունեի նրանից ավելի շատ բան լսել», – ամփոփում է Խադիջա Իսմայիլը։

Ընդհանուր առմամբ, Անգելա Մերկելը Բաքվում անցկացրել է ընդամենը վեց ժամ։

Մերկելի այցը Բաքու սկանդալ է առաջացրել դեռևս դրանից առաջ։ Ի սկզբանե Մերկելին Բաքվում այլոց թվում պետք է ուղեկցեր նաև Բունդեսթագի Մերկելի կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերը (Albert Weiler)։ Սակայն Ադրբեջանը նրան թույլ չի տվել մուտք գործել երկիր, քանի որ 2014 և 2016թթ-ին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանի դիրքորոշումն ափսոսանք է առաջացնում, այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի թեմայով երկխոսության առաջընթացին», – այդ կապակցությամբ ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը (Steffen Seibert)։

Սակայն արդյունքում Գերմանիան, այնուամենայնիվ, Ալբերտ Վայլերին չէր ներառել պատվիրակության կազմում, քանի որ, ըստ Մերկելի, բանակցությունները Բաքվում ավելի կարևոր էին։

 

 


Կարդալ ավելին JAMnews-ում