Փորձագետը բացատրում է, թե ինչու ներմուծման փոխարինման հետ կապված կրկին ոչինչ չստացվեց" />

Անասնապահությունն Ադրբեջանում. ավանակները գտնվեցին, իսկ խնդիրը մնաց

Փորձագետը բացատրում է, թե ինչու ներմուծման փոխարինման հետ կապված կրկին ոչինչ չստացվեց

Եթե խոսենք խոհարարության մասին, ապա ադրբեջանցիների մեծ մասի շրջանում այն կարծիքը կա, որ բոլոր ուտեստներում պետք է միս լինի: Պատահական չէ, որ հյուրերին առաջին հերթին քյաբաբով են հյուրասիրում կամ ծայրահեղ դեպքում՝ գոնե տոլմայով: Այդ պատճառով էլ անասնապահությունը վաղնջական ժամանակներից գործունեության ավանդական ոլորտ է համարվում: Անգամ պատմականորեն, լինելով քոչվոր, նախապապերը զբաղվել են անասնաբուծությամբ:

Տեղի ռելիեֆը նույնպես նպաստում է անասնապահության զարգացմանը, քանի որ տարածքի ավելի քան 70%-ը գյուղատնտեսության համար պիտանի չէ ամենատարբեր պատճառներով. դա լեռներն են, կիսաանապատների հատվածը, էրոզիայի ենթարկված հողերը:

Արդյունքում, ողջ երկրում նորմար կարելի է օգտագործել 1,3մլն հեկտար հող, որին բաժին է ընկնում ողջ գյուղատնտեսական արտադրանքի 85%-ը: Այդ պատճառով էլ բոլորը համարում են, որ անասնապահության հետ մեզ մոտ հաստատ ամեն ինչ կարգին է: Այդ մասին են խոսում նախարարների կաբինետի նիստերին, շրջանների ղեկավարների ժողովներին: Անգամ ներմուծման փոխարինման առումով իբր անասնապահությունը մյուս ճյուղերից առաջ է անցնում: Սակայն արդյո՞ք դա այդպես է:

Ինչպես ցույց են տալիս պաշտոնական տվյալները, իրականությունը տարբերվում է կառավարության պաշտոնական հայտարարություններից: Ընթացիկ տարվա առաջիկ կիսամյակում Ադրբեջանը ներմուծել է 2,3մլն կենդանի՝ հավ, այծ, կով և անգամ միջատներ: Իսկ երկրում այդ կենդանիները պակասել են:

Անասունների ներկրումն Ադրբեջան (գլխաքանակ), 2016թ-ի առաջին կիսամյակի համեմատությունը 2017թ-ի առաջին կիսամյակի հետ

Թռչունների ներկրումն Ադրբեջան (գլխաքանակ),  2016թ-ի առաջին կիսամյակի համեմատությունը 2017թ-ի առաջին կիսամյակի հետ

Այլ կենդանիների ներկրումն Ադրբեջան (գլխաքանակ),  2016թ-ի առաջին կիսամյակի համեմատությունը 2017թ-ի առաջին կիսամյակի հետ

Սակայն հասարակությունը նախևառաջ ուշադրություն է դարձրել էշերի գլխաքանակի կրճատման վրա: 2016թ-ի պաշտոնական վիճակագրության հրապարակումից հետո պարզվել է, որ ավանակների թիվը 2 հազարով պակասել է, լրագրողներին դա հետաքրքիր է թվացել, և սոցցանցերը լցվել են կորած երկարականջների թեմայով ժողովրդական ֆոլկլորով:

Այնուհետև գյուղատնտեսության նախարարությունն անհանգստություն հայտնեց խոզերի գլխաքանակի կրճատմամբ, չնայած որ խոզաբուծությունը երբեք տեղական անասնապահության կարևոր բաղկացուցիչ չի եղել ինչպես ավանդույթների պատճառով, այնպես էլ այլ գործոնների: Նման իրավիճակում գյուղատնտեսության նախարարությունը պետք է ավելի շուտ անհանգստանա ոչ թե խոզերի և էշերի, այլ ընդհանրապես անասնապահության վիճակով:

Գյուղական շրջանների համար ավանդական անասնապահության ոլորտը՝ ոչխարաբուծությունը, նույնպես ճգնաժամ է ապրում: 2003թ-ից ի վեր առաջին անգամ ոչխարի գլխաքանակը կրճատվել է: Եթե նախկինում դրանց քանակը տարեկան աճում էր 15-70 հազար գլխով, ապա 2016թ-ին այն կրճատվել է 62,2 հազարով: Հավանաբար, կրճատումն ավելի մեծ էր, քան նշվում է պաշտոնական վիճակագրությունում, քանի որ Ադրբեջանը 2016թ-ին ավելացրել է կենդանի ոչխարների ներկրումը երկուսուկես անգամ՝ մինչև 60 հազար: Այսինքն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ոչխարների քանակի կրճատումը նախորդ տարի հասել է 100 հազար գլխի: Ընդ որում, եթե խոզերի քանակն այդպես անփոփոխ անկում է ապրել ողջ հետխորհրդային ժամանակահատվածում, ապա ձիերի, խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների քանակն անընդհատ աճել է: Սակայն 2016թ-ին մենք տեսնում ենք խոշոր եղջերավոր անասունների կրճատում (գրեթե 10 հազարով), ոչխարների (62 հազարով) և ձիերի (2 հազարով) կրճատում: Իսկ դա արդեն վերաբերում է անասնապահության հիմնական ուղղություններին:

Անասունների ներկրումն Ադրբեջան (գլխաքանակ), 2013-2016

Դիտարկենք իրավիճակն առանձին շրջանի օրինակով: Անասունների կրճատման առումով առաջատար է Գեդաբեքի շրջանը, որտեղ խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների գլխաքանակը կրճատվել է 10%-ով: Նույն փուլում այդ նույն շրջանում հացաբույսերի ցանքն ավելացել է 500 հեկտարով, իսկ գարու արտադրությունն՝ աճել 5 անգամ:

Եվ ահա այդպիսի պայմաններում կառավարությունն այնպիսի տեխնիկական կուլտուրաների արտադրության ավելացման լայնամասշտաբ արշավ է սկսել, ինչպիսիք են բամբակը, ծխախոտը, թեյը, շաքարի ճակնդեղը և այլն: Հողագործներին արտոնություններ տրամադրեցին արտադրությունը բարձրացնելու և ներմուծումը փոխարինելու հույսով: Հացաբույսերի և լոբազգիների ցանքն աճեց 43 հազար հեկտարով՝ զբաղեցնելով այն հողը, որն այժմ չի կարելի օգտագործել որպես անասունների արոտավայր: Հաճախ հողը դեռևս ոչ ռացիոնալ է օգտագործվում, կոպիտ ասած, այն «չի հանգստանում»՝ դրանով իսկ նվազեցնելով բերքատվությունը:

Թռչունների ներկրումն Ադրբեջան (գլխաքանակ), 2013-2016

Հարց է առաջանում, թե ինչպես չվնասել կարտոֆիլի, հացահատկի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների արտադրությունը: Ըստ էության, փչացած հողերի բերքատվության վերականգնման, աղտոտված հողերի մաքրման (միայն Ապշերոնում նավթով և գազով աղտոտված է համարվում 21 հազար հեկտար հող, գումարած այն հողերը, որոնք աղտոտվել են այլ գործոնների ազդեցության տակ) բազմամյա ծրագիր է անհրաժեշտ: Ցավոք, կառավարությունը զարթնել է միայն հիմա, և նրան պետք են արագ արդյունքներ՝ չնայած որ գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որտեղ դրանք կարելի է միանգամից ստանալ:

Այդ ամենը բերել է այդ նույն տեխնիկական կուլտուրաների բերքատվության անկման (բամբակը 1,8-2տոննա/հա-ից նվազել է մինչև 1,4-1,6 տոննա/հա) և զուգահեռ՝ մեզ համար սովորական կուլտուրաների՝ կարտոֆիլի և հացահատկի բերքատվության և արտադրության անկման: Սակայն ամենատհաճն այնուամենայնիվ արոտավայրերը պլանտացիաների վերածելն է, ինչն էլ հարվածեց անասնապահությանը՝ հանգեցնելով ավանակների, խոզերի և ոչխարների անհետացմանը:

Հետո շղթայական սկզբունքով տուժեց ներմուծման փոխարինումը: Այսպես, եթե 2016թ-ին երկրում արտադրվել է 523,7 հազար տոննա միս, ապա մսի ներկրումը կազմել է 31 հազար տոննա: Ինքն իրենով ներկրումից 5-6% կախվածությունն աննշան է, սակայն սարսափեցնում են աճի տեմպերը: Այսպես, թռչնամսի ներկրումը 2016թ-ին, ի տարբերություն 2015թ-ի, աճել է 3,3 անգամ և շարունակում է աճել: Միայն 2017թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ մսի ներկրումն աճել է 2 անգամ: Եթե խոշոր եղջերավոր անասունների մսի ներմուծումը 2016թ-ին կազմել է ընդամենը 3%, ապա 2017թ-ի առաջին կիսամյակում՝ արդեն ավելի քան 100%:

Մսի ներկրումն Ադրբեջան (տոննա),  2016թ-ի առաջին կիսամյակի համեմատությունը 2017թ-ի առաջին կիսամյակի հետ

Մսի ներկրումն Ադրբեջան (տոննա), 2013-2016

Խնդիրներ կան անգամ այնպիսի ավանդական ոլորտում, ինչպիսին է ձվի արտադրությունը: Ադրբեջանում գրեթե բոլոր հավերը հայտնվել են ներկրված ձվերից: Եվ եթե 2016թ-ին ինչ-որ կերպ տարբեր միջոցների արդյունքում հաջողվել է կրճատել ներկրումը (գրեթե 2 անգամ, մինչև 28,6մլն-ի), ապա 2017թ-ին ներմուծման աճը վերսկսվել է և արդեն հասել 26,6մլն-ի առաջին կիսամյակում:

Ինկուբատորների հավկիթների ներկրումն Ադրբեջան (հազար հատ),  2013-2016

Ինկուբատորների հավկիթների ներկրումն Ադրբեջան (հազար հատ),  2016թ-ի առաջին կիսամյակի համեմատությունը 2017թ-ի առաջին կիսամյակի հետ

Հենց այս խնդիրները պետք է հուզեն հանրությանն ու գյուղատնտեսության նախարարությանը: Քանի դեռ հողը շարունակվելու է սխալ բաշխվել գյուղատնտեսության ոլորտների միջև, մենք կվերածվենք բամբակ ունեցող, սակայն ներմուծված մսով երկրի: Չնայած որ վերջին մի քանի տարում հենց այդ ոլորտում էին պարծենում, որ մենք ցածր կախվածություն ունենք ներկրումից: Իսկ 2017թ-ի արդյունքներով՝ արժե ենթադրել, որ մսի ներկրումից կախվածությունը կհասնի 10-12%-ի, իսկ դա արդեն զգալի թիվ է: Եվ դա կանխարգելել ներկրման բարձր տուրքերով, ինչպես դա աշխատեցին անել հավերի և ձվերի հետ (արդյունքում չստացվեց), չի ստացվում:

Հոդվածում բերված բոլոր տվյալները վերցված են Ադրբեջանի Հանրապետության Վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական կայքից

 


Կարդալ ավելին JAMnews-ում