Հայաստանի հավաքականի դժգույն մեկնարկն Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլում" />

Այս ու՞ր առանց Հենրիխ

Հայաստանի հավաքականի դժգույն մեկնարկն Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլում

2015 Սեպտեմբերի 7, Հայաստան – Դանիա խաղից

Մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ամեն գնով: Թերևս նման խնդիր էր դրված Հայաստանի ազգային հավաքականի առջև Մունդիալ 2018-ի որակավորման խմբային փուլից առաջ: Դժվար է գնահատել այդ ուղղությամբ արված քայլերը, սակայն, որ դրանք եղել են՝ փաստ է: Մարզչի փոփոխություն, կազմի փոփոխություն, հայտարարություններ և այլն:

Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության հնարավոր մասնակցության հույսերը էլ ավելի շատացան հայ ֆուտբոլասերի մոտ, երբ հայտնի դարձան խմբային փուլի հակառակորդները՝ Լեհաստան, Դանիա, Չեռնոգորիա, Ռումինիա, Ղազախստան: Մեծ հաշվով բացահայտ առաջատարներ չկան: Սակայն այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի պես համեստ ֆուտբոլային պետությունը հույսեր է փայփայում վերջապես որակավորվելու նման խոշոր միջազգային ստուգատեսում:

Եթե մոռանանք ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի անհաջողությունն, ապա դրան նախորդած երկու որակավորումներում Հայաստանի հավաքականն իրապես հավակնոտ է եղել: Նոր, երիտասարդ թիմ, որը թիկունքում ուներ փորձառու ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ պատրաստ օգնելու խորհուրդներով թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս:

ԵՎՐՈ-2016-ը սկանդալային ավարտ ունեցավ: Հնչեցին մեղադրանքներ ֆուտբոլիստներից ոմանց հասցեին, ոմանք պարզապես զրկվեցին հնարավորությունից միանալու ազգային ընտրանուն՝ Յուրա Մովսիսյան, Գևորգ Կասպարով, Ռոբերտ Արզումանյան:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավաքականի մի քանի ֆուտբոլիստների «դավաճանության» մեջ էր կասկածել: Խոսքը չարաբաստիկ Հայաստան-Ալբանիա խաղին է վերաբերում, երբ սեփական հարկի տակ հայ ֆուտբոլիստներն անփառունակ ավարտեցին ԵՎՐՈ-2016-ը: 

«Անհրաժեշտ է վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Պետք է մեղավորներին ջրի երես հանել, այլապես ոչնչի էլ չենք հասնի»,- զայրույթն այսպես արտահայտեց Հայրապետյանը: Մյուսներին տրվեց հնարավորություն «վերաիմաստավորելու սեփական գործունեությունն ազգային հավաքականում»:

Իհարկե, սա լավագույն մթնոլորտը չէ նոր մարտահրավերներ ընդունելու ու դրանք հաղթահարելու համար: Սակայն մարզչական ղեկը ստանձնած Վարուժան Սուքիասյանը հավատացնում էր, որ կարող է եղածից ինչ-որ «արդյունք» քաղել:

Թիմի նոր ավագ Հենրիխ Մխիթարյանի գործոնը հավաքականում գերագնահատել անհնար է: Ինչպես ընդունված է այժմ ասել համաշխարհային ֆուտբոլում, եթե դաշտում կան լավ և վատ ֆուտբոլիստներ, նրանց կողքին կան նաև այնպիսիներն, ովքեր կարող են ապահովել «դրական տարբերություն» հօգուտ սեփական ակումբի կամ ընտրանու: Հայաստանի հավաքականի համար այդպիսին է Հենրիխ Մխիթարյանը. նա պարզապես միայնակ կարող է «տարբերություն» ապահովել:

2016 մարտի 25, դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հենրիխ Մխիթարյանին է փոխանցում ավագի թևկապը

Ընթացիկ տարին այս ուղղությամբ որոշակի հույսեր պահպանում էր: Նախ ընկերական խաղերում Հայաստանի հավաքականը դեռևս չէր պարտվել, դեռ ավելին: Միացյալ նահանգներում երկարատև ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանը երկու խոշոր հաշվով հաղթանակներ էր տոնել նախ Գվատեմալայի նկատմամբ՝ 7:1, ապա 4:0 ընդդեմ Էլ Սալվադորի:

Սակայն, երբ արդեն եկավ պատասխանատու պահը սկսելու պայքարը, ամեն ինչ փլուզվեց: Ցնցումը տեղի ունեցավ ընկերական խաղում՝ Չեխիայի դեմ: Ավագի թևկապով Հենրիխը, թվում էր միակն էր դաշտում, ով հասկանում է, թե որ ուղղությամբ պետք է թիմը հարձակվի:

Փաստն ակնհայտ էր և հակառակորդ թիմի, և հանդիպումը սպասարկող գլխավոր մրցավարի համար, ով երկու դեղին քարտ ցույց տվեց չեխ ֆուբոլիստներին ընդդեմ Հենրիխի խախտումների համար: Եվ դա միայն առաջին 30 րոպեների ընթացքում:

Երկրորդ խախտումից քիչ անց հասկանալի դարձավ, որ Մխիթարյանը խնդիր ունի և շարունակել խաղը չի կարող: Նա լքեց խաղադաշտը, իսկ խաղը բեկելու հույսը լքեց Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին: Արդյունքում, ազգային թիմը որակավորման փուլը սկսելուց առաջ պարտվեց խոշոր 3:0 հաշվով, իսկ օրեր անց էլ պարզ դարձավ, որ Հենրիխը չի կարող օգնել խաղընկերներին Դանիայի դեմ արտագնա հանդիպման ժամանակ:

Իսկ թե ինչ եղավ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, բառերով նկարագրել դժվար է: Մարզիչն, ով իր հարցազրույցներում մշտապես կողմ է արտահայտվել հարձակվողական ֆուտբոլին, դաշտ է դուրս բերում նոմինալ 5 պաշտպանի: Ասել է թե դրված էր գերնպատակ՝ պահպանել 0:0 հաշիվը:

Սակայն երբ այդ մարտավարությամբ դաշտ դուրս եկած թիմը գոլ է ընդունում 16-րդ րոպեին, այն հաջող անվանել էլ չես կարող: Իսկ թե ինչպե՞ս պետք է նման դեպքում շարունակի խաղն ու փորձի գրոհել 5 պաշտպանով խաղը սկսած թիմը միայն ֆուտբոլային աստվածները գիտեն:

Խոշոր հաշվից Հայաստանի հավաքականը խուսափեց միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանի ջանքերով, ով մի շարք դրվագներում ուղղակի փրկեց դրությունն, իսկ 72-րդ րոպեին կարողացավ հետ մղել ոչ միայն Էրիկսենի կատարմամբ 11 մետրանոց հարվածն, այլև դրան անմիջապես հաջորդած Պոուլսենի հարվածը:

Ստացվում է, որ առանց Հենրիխ Մխիթարյանի, Հայաստանի հավաքականը դաշտում ընդհանրապես անելիք չունի: Ցավոք սրտի, անգամ նրա ներկայությունը միշտ չէ, որ մեզ փրկել է կամ փրկելու է: Որքան էլ բարձրակարգ լինի ֆուտբոլիստը, անգամ եթե դա Մեսսին է, նա չի կարող միայնակ խաղալ ու իր թիմակիցներին տանել առաջ: Չէ որ ֆուտբոլ են խաղում 11 հոգի…

Հրապարակվել է՝ 15.09.2016


Կարդալ ավելին JAMnews-ում