Տղամարդիկ առավոտից շնորհավորում են կանանց՝ ծանոթ և անծանոթ, տեղացիներին և երկրի հյուրերին" />

Այսօր Հայաստանում նշում են Մայրության և գեղեցկության տոնը

Տղամարդիկ առավոտից շնորհավորում են կանանց՝ ծանոթ և անծանոթ, տեղացիներին և երկրի հյուրերին

Մայրության և գեղեցկության տոնով Հայաստանում ավարտվում է «Կանանց միամսյակը», որը սկսվում է Կանանց միջազգային օրից՝ մարտի 8-ից. այսպես են թե կատակով, թե լուրջ անվանում այն երկրի բոլոր բնակիչները:

1995 թվականից այս կրոնական տոնը ներառված է ազգային տոների շարքում: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է  Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (Գաբրիել հրեշտակապետը բերեց Մարիամ Աստվածածնին Հիսուս Քրիստոսի ծննդյան լուրը), բոլոր հայկական եկեղեցիներում կատարվում է մայրերի օրհնության արարողություն:

Երևանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, անակնկալներ է պատրաստել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Անակնկալներ են սպասվում նաև մայրաքաղաք ժամանող կանանց և աղջիկներին. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են ծաղիկներով և շնորհավորական բացիկներով:

Օրվա ընթացքում Երևանի փողոցներում և մայրաքաղաքի մետրոպոլիտենում կանանց  տարբեր անակնկալներ են սպասվում: Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, կազմակերպվել է ավտոմոտո շոու, իսկ Հյուսիսային պողոտայում երեկոյան տեղի կունենա համերգ սիրելի աստղերի մասնակցությամբ, Շառլ Ազնավուրի հրապարակում տոնի առթիվ տեղի կունենա գալահամերգ:

Հենց այսօր երեկոյան Երևանի գլխավոր հրապարակում տեղի կունենա երգող շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք դարձել են մայրաքաղաքի սիրված տեսարժան վայրերից մեկը:

Մայրության և գեղեցկության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվում նաև բոլոր մարզերում:


Կարդալ ավելին JAMnews-ում