Ռուսական Շիխանի ավանում խորհրդային քիմիական զենք են մշակել " />

Այստեղ է մշակվել «Նովիչոկը», որով փորձել են Բրիտաիայում թունավորել ռուս նախկին հետախույզին

Ռուսական Շիխանի ավանում խորհրդային քիմիական զենք են մշակել

Շիխանի ավանը։ Լուսանկարը՝ «Ազատ նորություններ» տեղեկատվական գործակալություն

Ըստ «Նովայա գազետայի» նյութի

Սարատովի մարզի Շիխանի ավանը, որում, ինչպես հայտարարել են բրիտանական հատուկ գործակալությունների ներկայացուցիչները, մշակվել է «Նովիչոկ» թունավոր նյութը [դրանով, ըստ բրիտանական իշխանությունների, փորձել են թունավորել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյային, որոնք բնակվում են Մեծ Բրիտանիայում  — JAMnews] այս տարվա սկզբից կորցրել է փակ վարչատարածքային կազմավորման կարգավիճակը։ Աշխարհում ամենահայտնի սարատովյան բրենդի հայրենիք այսուհետ կարող է այցելել ցանկացած մարդ։ Շիխանիի բնակիչները մտավախություն ունեն, որ այժմ նրանց ֆինանսավորումը կտրուկ կնվազի, կրճատումներ կսկսվեն և կփակվի մասնագիտացված կլինիկան։

•Մեծ Բրիտանիա և Ռուսաստան․ ամենակոշտ կոնֆլիկտը՝ սառը պատերզմի ժամանակներից ի վեր

•Ի՞նչ նյութով է Անգլիայում թունավորվել ռուս նախկին հետախույզը։ Եվ ո՞վ է նրան թունավորել

Աղքատությունը քիմիայից ավելի սարսափելի է

«Ինստիտուտն այստեղից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա էր։ Ես աշխատում եմ այնտեղ չգնալ։ Շատ իմանաս, շուտ կծերանաս», — ասում է Շիխանիիի բնակիչ Սերգեյ Իզվեկովը։ Օրգանական սինթեզի տեխնոլոգիաների պետական ինստիտուտը, որը խորհրդային տարիներին քիմիական զենք էր մշակում, սնանկացել է և պաշտոնապես դադարել գոյություն ունենալ տասը տարի առաջ։

«Մենք չէինք մտածում այն մասին, թե ինչով են զբաղվում քիմիկոսները, թեև հարևան բնակարաններում էինք ապրում։ Վտանգավոր էր հարցնելը», – ուսերն է թոթվում Սերգեյը։

Շիխանի ավանը։ Լուսանկարը՝ «Ազատ նորություններ» տեղեկատվական գործակալություն

Երբ ավանը դեռ փակ էր, գրեթե բոլոր կազմակերպություններն ուղղակիորեն ենթարկվում էին մոսկովյան ղեկավարությանը։ «Մայրաքաղաքի հանձնաժողովները վախենում էին այստեղ գալ։ Անգամ ձեռքերը ծորակի տակ վախենում էին լվալ։ Ասում էին, թե մեզ համար Վոլսկից (հարևան քաղաք) ջուր բերեք», – պատմում է Իզվեկովը։ Նա ինքը տարածքի էկոլոգիական մաքրության համար, չգիտես ինչու, չէր անհանգստանում։

«Մեզ համար ողբերգություն կլինի, եթե բուժսանիտարական մասը փակեն։ Գինեկոլոգիական և վիրաբուժական բաժանմունքները կրճատել են։ Ամանորյա տոներին ինձ մոտ կույրաղիքի բորբոքում կասկածեցին և տարան շրջանային հիվանդանոց։ Ջրով եփված խյուս էին ուտեցնում։ Իսկ մեր բուժսանիտարական մասում միշտ ճաշացանկ կար, ինչպես մանկապարտեզում»։

Մտահոգություն կա նաև ուժային կառույցներում կրճատումների կապակցությամբ․ չկա ռեժիմ, ուսադիրներով մարդիկ էլ պետք չեն։ Իսկ ավանի տղամարդիկ այլ աշխատանք չունեն։

Փակ ռեժիմի չեղարկումը ֆինանսավորման զգալի կրճատում է ենթադրում երկու տարուց ավանը ստիպված կլինի իր սեփական եկամտի և շրջանային դոտացիաների հաշվին գոյատևել, Մոսկվայից ստացվող ֆինանսավորումը կդադարի։

Շիխանի ավանը։ Լուսանկարը՝ «Ազատ նորություններ» տեղեկատվական գործակալություն

Փոխարինող ոչինչ չեն մտածել

Վլադիմիր Ֆեդոսովը Շիխանի ավանն առաջին անգամ տեսել է 1975թ-ին։

«Մեր ինստիտուտ էր եկել տեղի մի տնօրեն։ Ասաց՝ մեկնելու եք քաղաքային տիպի ավան, ձեր ինստիտուտը մի փոքր դրանից հեռու կլինի՝ անտառում, փոխարենը լրացուցիչ գումար կստանաք վնասակարության համար»։

Գաղտնի ինստիտուտում հավաքել էին Մոսկվայի և Լենինգրադի քիմիական-տեխնոլոգիական ինստիտուտների փայլուն շրջանավարտներին։ Գիտական կարիերաներն արագ էին զարգանում։ Երիտասարդ ընտանիքներին բնակարաններ էին տրամադրում այն ժամանակվա հարմարվետ հինգհարկանի շենքերում։

«Մատակարարումն առաջին կարգի էր, – Վլադիմիր Ֆեդոսովը դեֆիցիտային ապրանքն է թվարկում, – ձիթապտղի յուղ, մանդարին, բանան։ Իտալական ջինսեր ես առաջին անգամ այստեղ եմ տեսել։ Դրանք ներկրում և վաճառում էին խանութում առանց որևէ բաշխման։ Իմ բնակարանում ռումինական կահույք էր, ԳԴՀ-ից ներկրված ննջասենյակային կահույք, խոհանոցի լեհական կահույք, հարավսլավական փափուկ կահույք։ 1986թ-ին ես արհմիությունից «08» մեքենա ստացա այն դեպքում, երբ 1985թ-ին էին դրանք արտադրվել։ Այն, որ հայրենիքը գնահատում էր մեր աշխատանքը, հաստատ է»։

1990-ականներին՝ քիմիական զենքի ոչնչացման մասին կոնվենցիայի ստորագրումից հետո, ձեռնարկության հիմնական գործունեությունն արգելվեց։ Քիմիական զենքի ոչնչացման ծրագրում, որի համար բյուջեից միլիարդներ էին դուրս գրվում, շիխանցիներին չընդգրկեցին։ Գիտաշխատողները սկսեցին ցրվել։ Ֆեդոսովը ստիպված էր թողնել քիմիայի հետ կապված ցանկացած աշխատանք։ Այժմ նա աշխատում է հարևան Վոլսկ քաղաքի մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում։

«Նովիչոկի» շնորհիվ Շիխանիի անվանումը համաշխարհային ճանաչում է ստացել։ Սակայն ավանին դա ոչ մի օգուտ չի բերում։ Բնակիչների գրեթե կեսը թոշակառուներ են։ Ֆեդոսովի դուստրն, ինչպես Շիխանիում ծնված երիտասարդների մեծ մասն, աշխատում է Սարատովում, որդին՝ Աստրախանում։ «Ձեռնարկությանը փոխարինող ոչինչ չմտածեցին», – հոգոց է հանում Վլադիմիրը։


Կարդալ ավելին JAMnews-ում