Պատմում ենք, թե ինչով են մարդիկ փոխարինում գազն ու հոսանքը Հայաստանի ամենացուրտ՝ Շիրակի մարզում " />

Հայաստանի «Սիբիրի» բնակիչները ջեռուցման այլընտրանքային ձևերի են անցել

Պատմում ենք, թե ինչով են մարդիկ փոխարինում գազն ու հոսանքը Հայաստանի ամենացուրտ՝ Շիրակի մարզում

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի որոշ բնակավայրերում սկսել են օգտվել արևային էներգիայից: Այլընտրանքային էներգիան բոլորից շատ օգտագործող մարզը Հայաստանում Շիրակն է: Այն 300 պարզ օր ունի, չնայած Հայաստանի «Սիբիրն» է համարվում:

Արևը կտաքացնի ջուրն ու տունը

Տարիներ առաջ տան բակերում ամռանը կարելի էր տեսնել արևի ճառագայթների տակ տաքացող շշերով ու դույլերով ջուր: Մարդիկ այն օգտագործում էին լողանալու ու լվացքի համար: Գիտությունն առաջ գնաց՝ մարդիկ շշերը մոռացան: Դրանց փոխարինելու եկան արևային ջերմային կոլեկտորները (ջրատաքացուցիչները):

«Բասեն գյուղը չունի գազ, բայց տարբեր հիմնադրամների աջակցությամբ տեղադրեցինք առաջին ջրատաքացուցիչները: Դրանք դարձան փորձացուցադրական: Շատերն ասում էին. թանկ է, ինչ գործ ունես, մեր ավանդական վառելիքը լավ է: Բայց հիմա գյուղում 500 տնից 100-ը արևային ջրատաքացուցիչ ունի, դժգոհ չեն»,- ասում է Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը:

Բասենի համայնքային նշանակության շենքում, որտեղ գործում են մանկապարտեզը, գյուղապետարանը, բուժկետն ու սպորտդպրոցը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիկական հիմնադրամի ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:

Նորարարական փորձով «վարակվեցին» մանկապարտեզ հաճախող երեխաների ընտանիքները՝ ու մեկը մյուսին նայելով, իրար հետևից ջրատաքացուցիչներ տեղադրեցին իրենց տներում:

• Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին

• Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը: Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել

• Եվրամիությունը արևային վահանակներ է տեղադրել Երևանի կանգառներում

«Օրինակ, էսօր դրսում թիփի է, արևը շատ քիչ է երևում, բայց մեր ջրատաքացուցիչում ջրի ջերմաստիճանը հասնում է +40-ի, մեզի ըդիկ հերիք է մեր կենցաղի մեջ՝ աման լվանալ, լվացք անել, ճաշ եփել: Ամառը ջրի ջերմաստիճանը հասնում է +99-ի, ձմռանը միջինը +65 աստիճանի, արդեն քանի տարի է դրված է:

Լիզինգով  ենք գնել սարքը [վարկավորման ձև, երկարաժամկետ վարձակալում՝ ողջ գումարի մուծման դեպքում, գնման հնարավորությամբ – խմբ.]: Ամեն ամիս 5000 դրամ գումար ենք վճարում, էսպես թե էնպես մենք այդ գումարը տալու էինք, եթե էլեկտրաէներգիա օգտագործեինք: Բայց գիտենք, օր մե քանի տարի հետո սարքը մեզի կմնա ու տաք ջուրն էլ ձրի կեղնի: Մարդկանց համար դժվար է իրանց վարկերի հետ նաև սրա մուծումները անել, թե չէ ավելի շատ կօգտվեին», – ասում է Բասեն գյուղի բնակիչ Հայկազ Կարապետյանը:

«Բասեն համայնքի զարգացման հիմնադրամի» տնօրեն Գուրգեն Պետրոսյանի խոսքով, տեխնոլոգիաները զարգացել են, ջրատաքացուցիչների նոր մոդելներ են արտադրվել: Գներն իջել են՝ հասնելով 380,000- 480,000 դրամի: Բասենի բնակիչների համար, որպես առաջատար համայնքի, նաև զեղչեր են նախատեսված: Միևնույնն է այսպիսի ծախսերը ոչ բոլորի համար են հասանելի:  

Բայց ջրատաքացուցիչի արդյունավետության հաշվարկներից ոգևորված, ոմանք ցանկանում են նաև օգտվել ֆոտովոլտային համակարգերից: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ջուր տաքացնել, այլև էլեկտրաէներգիա ստանալ: Բայց սա կրկնակի ծախսեր է պահանջում:

Շիրակում և մյուս մարզերում կան արդեն խոշոր էներգիա արտադրողներ, ովքեր ամռանը ստանում են իրենց պահանջից ավելի շատ էներգիա, այն «ի պահ են տալիս» էլցանցին և ձմռանը հետ ստանում՝ օգտագործում:

«Արևային էներգիան փրկելու է մեր գետերը: Հիդրոէլեկտրակայանները փչացրեցին մեր գետերի էկոհամակարգը: Բայց նաև պետք է զգույշ լինել, որովհետև կարող են գյուղատնտեսական հողերը վերցնել ու արևային էներգիան փոխակերպող հսկայական սարքեր շարել: Էս դեպքում էլ գյուղատնտեսությունը կտուժի:

Ամենաճիշտ տարբերակը քաղաքացիների կտուրները, լեռներն ու ոչ բերքատու տարածքները օգտագործելն է: Բայց բիզնես ոլորտը կտուրներին չի դնում, բաց դաշտերում է դնում, պետք է զգույշ լինել»,- ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:

Ոչ միայն արևի էներգիա

Արևային էներգիայի հզորությամբ Բասեն գյուղում աշխատում է մի սարքավորում, որն արտադրում է յուրահատուկ վառելանյութ: Բերքահավաքից հետո մնացորդային կենսազանգվածը՝ ծղոտը, որը նախկինում գյուղացիներն ուղղակի այրում էին դաշտերում, այժմ մարդիկ հանձնում են Բասենի հիմնադրամ, որտեղ այն վերամշակվում է, խտացվում ու դառնում պելետ՝ վառելահատիկ:

Ծղոտի հիմքի վրա պելետի արտադրությունը նաև բնապահպանական նշանակություն ունի՝ կդադարեցվեն վարելահողերում բերքահավաքից հետո  մասսայական հրդեհները, որոնք հողի վերին շերտերի էրոզիա են առաջացնում:

«Շիրակի մարզում 6-7 ամիս ձմեռ է: Մեր նպատակը եղել է, եղած ռեսուրսներից ավելի էժանը գտնել: Տարի ու կես է այս մեքենան այստեղ է: Մեր հումքը ցորենի ու գարու ծղոտն էր, անցած տարի չորային տարի էր, ծղոտն ավելի թանկ էր, դաշտերի թեկուզ անորակ մասը դարձավ անասնակեր, դրա համար պատվերները քչացան:

Մեր այս սարքավորումը տեսնելու համար գյուղ մոտ 3000 մարդ է եկել, այս տարի քաղաքից անպետք փայտի թեփն են բերում, պելետ դարձնում ու օգտագործում», – ասում է Համլետ Պետրոսյանն ու հերթական դույլը դատարկում պարկի մեջ: Մեկ պարկը բավարար է ամբողջ օրվա ընթացքում տաքանալու համար:

Պելետները վառում են հատուկ էներգաարդյունավետ վառարաններում, որոնք նման են գազով աշխատող ջեռուցման սարքերին: Գյուղում հաշվարկ են կատարել. եթե փայտ գնելու համար ամեն ձմեռ գյուղացին պետք է ծախսի ամենաքիչը 80.000-100.000 դրամ, ապա պելետի դեպքում՝ ընդամենը 30.000 դրամ:

«Վերջին շրջանում ավելի լուրջ ուսումնասիրելով Շիրակի մարզի պոտենցիալը, տեսնում եմ, որ կենսազանգվածի օգտագործման մեծ պոտենցիալ կա, դրանք տարբեր տեսակի թափոններն են՝ տերև, ծղոտ, կենցաղային աղբ և այլն: Հայաստանում արտադրվում է այնքան կենսազանգված, ինչքան ծառ է հատվում: Եթե մենք կենսազանգվածի օգտագործման տեխնոլոգիաները բարելավենք, հասանելի դարձնենք ժողովրդի համար, առանց փայտ օգտագործելու մեր ջեռուցման խնդիրները կլուծենք:

Այս հարցում դեր կարող են ունենալ «խելառ» գործարարները, ովքեր ռիսկի կգնան ու ներդրում կկատարեն, որ ստեղծվեն ավելի էժան վառարաններ և նոր տեխնոլագիական սարքավորումներ արտադրվեն Հայաստանում: Սա հիմա ռիսկային է, բայց եթե մարդիկ համոզվեցին, շահույթը ապահովված կլինի», – վստահեցնում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:

Գյուղացիներից  ոմանք, այնուամենայնիվ, դեռ գերադասում են աթար ու փայտ վառել պելետի փոխարեն: Բայց ընդհանուր առմամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումն արդեն շատերին է հետաքրքրում, գործընթացը թափ է հավաքում:

Բասենում մտադիր են նաև գոմաղբից կենսագազ ստանալ: Հաջորդ քայլը քամու ուժն օգտագործելն է լինելու: Մարդկանց մտածելակերպը փոխվում է, բայց դրա հետ նաև ֆինանսական ներդրումներ են հարկավոր:


Կարդալ ավելին JAMnews-ում