Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացին սփյուռքի հետ միասին ուզում է ոտքի կանգնեցնել Հայաստանի գյուղերը" />

Ամուսնանալ ու որդեգրել գյուղ

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացին սփյուռքի հետ միասին ուզում է ոտքի կանգնեցնել Հայաստանի գյուղերը

«Երբ որդեգրում ես մեկին, կապն ավելի հարազատական է դառնում, ավելի ցավում ես այդ մարդու համար, նրան քոնն ես համարում, նույնը կարող ենք ասել գյուղերի մասին»,- ասում է Արմինե Հակոբյանը:

«Որդեգրիր մեկ գյուղ» ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը Լեն Ուիքսն է, Արմինե Հակոբյանի ամուսինը: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ իրականացվում է և իրար է կապում Հայաստանի գյուղական համայնքները սփյուռքի համայնքների հետ: 

Հինգ տարի առաջ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի Լեն Ուիքսը, ամուսնանալով ազգությամբ հայ Արմինե Հակոբյանի հետ, իր համար բացահայտում է նաև հայկական բարձրավանդակը և սիրահարվում այնտեղ ծվարած գյուղերին ու մարդկանց, բնությանն ու պատմական հուշարձաններին:

«Այս ժողովդրի մեջ մեծ պոտենցիալ կա, կարծում եմ Հայաստանը  կարող է դառնալ աշխարհի տուրիստական կենտրոննեից  մեկը: Տեսնում եմ, թե հայերը ինչ աշխատասեր ժողովուրդ են, կարծում եմ երիտասարդները մեծ ապագա ունեն, բայց դրա համար պետք է գնան փոփոխությունների, ինչը կարող են անել հայկական սփյուռքի հետ համագործակցելով: Այն մեծ պոտենցիալ է Հայաստանի զարգացման համար»,- ասում է Լեն Ուիքսը:

Նա բացատրում է. «Այս ծրագիրն իր մեջ ներառում է միկրոծրագրեր, որոնք կյանքի են կոչվում Թայլանդի, Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի հայ համայնքների միջոցներով: Այդպիսով փորձում ենք մեր ներդրումն ունենալ հայկական գյուղերի զարգացման գործում: Ամուսնանալով Արմինեի հետ, ես Հայաստանից գանձ եմ տարել, և հիմա հասկանում եմ, որ ես էլ իմ հերթին պետք է ինչ որ բան անեմ այս հիասքանչ երկրի համար»:

«Որդեգրիր մեկ գյուղ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի հարավային Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ և Շատին գյուղերում: 

Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ տեղադրվել է «Կարաս» քարակերտ կոթողը, որն իր մեջ ներառում է 7 տարբեր չափերի կարասներ, որոնք միացված են իրար խաղողի ողկույզի տեսքով:

«Նշանակությունը մեկն է՝ գինու արահետը մետաքսի ճանապարհին, այն ներկայացնում է գինու մշակման հնագույն մշակույթը Հայաստանում, և այն այստեղ կբերի բազմաթիվ զբոսաշրջիկների»,- ասում է Լեն Ուիքսը:

1700 մարդ բնակչություն ունեցող, Նախիջևանի հետ սահմանամերձ Ռինդում ծրագրի միջոցներով բացվել է մանկապարտեզի խաղահրապարակը: Այս մանկապարտեզն այցելում է շուրջ 40 երեխա:

Ռինդ նշանակում է «դեղին ծաղիկ»: Այս գյուղը հայտնի է իր դեղձով, խաղողով ու ծիրանով: Գյուղի տարածքում գործող «Զորահ» գինեգործական ընկերության արտադրած Zorah Karasi Areni Noir գինին  2012 թվականին Բլումբերգի կողմից ճանաչվել է աշխարհի 10 լավագույն գինիներից մեկը: 

Ռինդի համայնքապետ Հուսիկ Սահակյանն ասում է. կուզեին այնքան հզորանալ, որ իրենք օգնեին ուրիշներին.

«Շնորհակալ ենք, ինչ արվում է՝ մեր երեխաների համար է, բայց մենք պետք է կարողանանք ինքներս մեզ ապահովել, մի տեսակ ընկճված եմ, մենք պետք է մերը ունենանք»:

«Որդեգրիր մեկ գյուղ» ծրագրի հաջորդ կանգառը Արենին է: Գյուղի մուտքի մոտ տեղադրվում է Արենի համայնքի տեղաշարժման վայրերը ներկայացնող ուղեցույց քարտեզը զբոսաշրջիկների համար: «Այստեղ երևում է գյուղի ամբողջ պատմական տարածքը՝ եկեղեցի, քարանձավներ, հուշարձաններ, ճանապարհներ…»- ցույց է տալիս Արմինեն:  

Երևանից  110 կմ հեռավորության վրա գտնվող Արենին գտնվում է Արփա գետի ափին: Գյուղում զբաղվում են հիմնականում խաղողագործությամբ, այգեգործությամբ և գինեգործությամբ, ինչի շնորհիվ  էլ արտագաղթն այստեղ նվազագույն աստիճանի է: Գյուղի երկու գինու գործարաններում արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինին։

2000 բնակչություն ունեցող Արենիի գյուղապետ Սերգեյ Սուքիասյանը ասում է. «Գյուղը  կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկների համար իր պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններով, իսկ «Որդեգրիր մեկ գյուղ» ծրագիրը խթան է տուրիզմի զարգացման համար: Դպրոցին անգլերենի դասագրքեր են նվիրել, գյուղում մեկ հեկտար տարածքի վրա պտղատու այգի են հիմնելու»:

Հաջորդ գյուղում՝ Շատինում ծրագրի շրջանակներում դարձյալ զբոսաշրջիկներին ուղղուրդող ցուցանակներ են տեղադրում, ծառատունկ կատարում, անգլերենի դասագրքեր նվիրաբերում:

2000 բնակիչ ունեցող Շատինը հայտնի է այս կողմերում գտնվող Շատիվանքով: Շատինի բնակիչ Աստղ Վարդանյանը նշում է. զբոսաշրջիկները սիրում են իրենց գյուղ այցելել.

«Գյուղը հարմար է հատկապես արկածային տուրիզմի համար, հեծանվորդներ են շատ գալիս, մենք էլ մեր հերթին ենք փորձում նպաստել այսպիսի ծրագրերին, որպեսզի համայնքը զարգանա, այս ամենից  փոխվում է գյուղացիների տրամադրվածությունը»:

Արդեն մի քանի տարի է Շատինում երեք հյուրատներ են գործում: Գյուղի բարձրադիր գոտիներից մեկում երեկոյան ժամերին հնարավոր է լինում տեսնել Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին, որոնք իջնում են Եղեգիս գետից ջուր խմելու:

«Այս ծրագիրը ուշադրություն է համայնքների նկատմամբ, այն աշխուժություն է առաջացնում տեղացիների շրջանում, հավատ ընծայում, որ մենակ չենք»,- ասում է Աստղ Վարդանյանը:

Հրապարակվել է՝ 12.10.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում