Փաշինյանը հայտարարել է, որ հավասարապես հաշվի է նստում հանքի շահագործման հակառակորդների և երկրի միջազգային իմիջի մասին անհանգստացող տնտեսագետների կարծիքների հետ " />

Ամուլսարի հանքի շահագործման արգելքի համար հիմքեր չկան․ Հայաստանի վարչապետ

Փաշինյանը հայտարարել է, որ հավասարապես հաշվի է նստում հանքի շահագործման հակառակորդների և երկրի միջազգային իմիջի մասին անհանգստացող տնտեսագետների կարծիքների հետ

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման արգելքի համար իրավական հիմքեր տվյալ պահին չկան։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ։

Դեռ օգոստոսի կեսերին Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակեց համալիր փորձաքննության արդյունքներն այն մասին, որ հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին։ Վարչապետն ավելի քան մեկ ժամ ելույթ ունեցավ այն ժամանակ՝ վստահեցնելով, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական չափանիշներով։

Սակայն բնապահպաններն ու հարակից բնակավայրերի բնակիչները շարունակում են պայքարը հանքի շահագործումից հրաժարվելու համար։ Բանն այն է, որ ոսկու արդյունահանման համար այստեղ տարեկան շուրջ 100 տոննա նատրիումի ցիանիդ է օգտագործվելու։ Հանքի շահագործման հակառակորդները կարծում են, որ գործն ակնհայտ քաղաքական համատեքստ ունի։ Նրանք ենթադրում են, որ կառավարությունն աչք է փակում բնապահպանական խնդիրների վրա՝ հանքի շահագործման թույլտվություն ստացած ընկերության հետ դատավարական գործընթացներից խուսափելու համար։

Սեպտեմբերի 9-ին վարչապետը Հայաստանի այդ շրջանի բնակիչներին կրկին հանգստության կոչ է արել։ Նա խնդրել է նրանց բոլորին, մասնավորապես, Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչներին, ապաարգելափակել Ամուլսար տանող ճանապարհները։ Նա իր դիրքորոշումն այսպես է բացատրել․ հանքի շահագործման լիցենզիա ստացած «Լիդիան» ընկերությունը կվերսկսի շինարարական աշխատանքները 2020-ից ոչ շուտ, հետևաբար, հանքի տարածք տանող ճանապարհները փակելու անհրաժեշտություն չկա։ Իսկ շահագործումը կարող է սկսվել միայն 2020թ-ի վերջին կամ 2021թ-ի սկզբին։

Բացի այդ, հանքի շահագործման լիցենզիա տրամադրելով «Լիդիան» ընկերությանը, երկիրն իր վրա պարտավորություն է վերցրել, և այժմ չի կարող չկատարել այն՝ չվնասելով իր հեղինակությանը։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաշվի է նստում երկրի համար անհանգստացող բնակիչների կարծիքի, բայց նաև հավասար չափով՝ տնտեսագետների կարծիքի հետ, որոնք պնդում են, որ անհրաժեշտ է պահպանել երկրի դրական իմիջը միջազգային տնտեսական կազմակերպություններում։

Բացի այդ, վարչապետը պնդում է,որ բողոքի ակցիաներ կազմակերպելու կարիք չկա, քանի որ իր կառավարությունը ոչ մի կոռուպցիոն գործարքի չի գնում և մտահոգ է երկրի և դրա բնակիչների ապագայի համար։

Մեկնաբանություն․ «Սեր ո՞ւմ հանդեպ», «համերաշխություն ո՞ւմ հետ»․ Հայաստանի ոսկու մասին

Էլ ի՞նչ է ասել վարչապետը

Հիմնական միտքն այն էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը կառավարությունը չի կարող արգելել։

«Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել  մեր հանրության շրջանում առկա անհանագստությունները», – ընդգծել է Փաշինյանը։

Այդ առնչությամբ, ըստ վարչապետի, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է սիստեմատիկ կերպով մշտադիտարկման ենթարկել Ամուլսարի հանքի տարածքում կատարվող բոլոր աշխատանքները։ Այդ նպատակով բնապահպանության նախարարությունը պատրաստվում է 2020թ-ի մայիսին համապատասխան սարքավորումներ ձեռք բերել, որոնք թույլ կտան հայտնաբերել հանքի շահագործման ժամանակ թույլ տրված խախտումները։ Եվ, քանի որ «Լիդիան» ընկերությունը մինչև այդ ժամկետը հանքի տարածքում չի շարունակելու աշխատանքն, ապա կառավարությունը շտապելու կարիք չունի։

Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է պատմել «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպումից, որը կայացել է սեպտեմբերի վեցին։

Նրա խոսքով՝ ընկերությունն իր վրա է վերցրել հանքի հարյուր տոկոս անվտանգ շահագործման պարտավորություն․

«Սա նշանակում է, որ ոչ մի լիտր աղտոտված ջուր չի մտնի գետեր, օդը չի աղտոտվի, ստորերկրյա ջրերը չեն աղտոտվի, բուսականության կամ կենդանիների հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ շրջակա միջավայրի վրա բացասական փոփոխություններ չեն լինի»։

Եվ ամենագլխավորը․ որևէ խախտման հայտնաբերման դեպքում հանքը փակվելու է 90 օրվա ընթացքում։

Ի՞նչ է առաջարկել Փաշինյանը

Հայաստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել՝ ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ հանգուցալուծելու համար։

Նախևառաջ, նա խնդրել է Ջերմուկի բնակիչներին ապաարգելափակել Ամուլսար տանող ճանապարհները։ Նրանք փակել են դրանք 2018-ի հեղափոխությունից հետո՝ հույս ունենալով, որ երկրի նոր կառավարությունը կաջակցի իրենց և կարգելի հանքի շահագործումը։

«Ուզում եմ մեր Ջերմուկի բնակիչներին խնդրել, որ ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները», – այս կոչը մի քանի անգամ է հնչել վարչապետի ուղերձում։

Այնուհետև Փաշինյանը հաղորդել է, որ տեսչական մարմնին հանձնարարվել է Ամուլսարում ստուգումներ անցկացնել մի շարք խնդիրների ուղղությամբ, որոնք հնչել են վերջերս տեղի ունեցած հանքի շահագործման անվտանգության համալիր փորձաքննությունն իրականացրած ELARD ընկերության հետ տեսակոնֆերանսի ժամանակ․

«Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում, և՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի»։

Հայաստանում չեն կարողանում լուծել ոսկեբեր սարի ապագան․ Անհեթեթ զարգացումներ՝ Ամուլսարի փորձաքննության շուրջ

Ինչպե՞ս են արձագանքել բնապահպանները

Փաշինյանի փաստարկները բնապահպանների և SaveAmulsar շարժման ակտիվիստների համար կրկին համոզիչ չէին։

Բնապահպան Շիրակ Բունիաթյանն արդեն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ Ամուլսարի ճանապարհը բացվելու է միայն երկու դեպքում․

• Կա՛մ կառավարությունը կլեգիտիմացնի հայ ժողովրդի մեկ տարի առաջ կայացրած անբեկանելի որոշումը [խոսքն այն մասին է, որ հանքը չի շահագործվելու – JAMnews],

• կամ էլ սեռժիկների մեթոդին պիտի դիմեն, որին ուզում եմ դեռ չհավատալ [նկատի ունի ուժի կիրառումը – JAMnews]։

«Բայց եթե դիմեն այդ արատավոր մեթոդին, ողջ հայության մեջ կսպանեն հեղափոխության վարկանիշը։ Ամուլսարը հայրենիք է, և վերջ», – գրել է Բունիաթյանը։

Կառավարության անդամների արձագանքը

Փաշինյանի հայտարարություններին առաջիններից մեկն արձագանքել է Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Ամուլսարի հանքի ճակատագիրը պետք է ժողովուրդը որոշի։ Ավելին, նա պատրաստ է հանքի շահագործման բողոքի ակցիային մասնակցել և միանալ մարդկանց․

«Պետք է լսել ժողովրդին։ Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել»։

Խորհրդարանական «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը համաձայն է այն կարծիքին, որ տվյալ պահին Ամուլսարի հանքի շահագործման արգելքի համար ոչ մի իրավական հիմք չկա։

«Այս պահին որոշումը հետևյալն է՝ հանքի շինարարական աշխատանքներին պետք չէ խոչընդոտել։ Ես ի սկզբանե այդ տեսակետին եմ եղել․․․ Եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ արդեն նշանակում է որոշակի գործողություններ կլինեն»։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ամուլսարի հանքի շահագործման թեման Ֆեյսբուքի հայկական տիրույթում երկար ժամանակ է՝ ամենաքննարկվողներից մեկն է։

Սոցցանցերի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել․ մի մասը կտրականապես դեմ է Ամուլսարի շահագործմանը, մյուսներն ամբողջովին վստահում են Փաշինյանի կարծիքին և կարծում, որ «նա ավելի լավ գիտի, ինչ անել»։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Վստահում ենք մեր վարչապետին»

«Պարոն վարչապետ դուք մեր երկրի առաջնորդն եք, և մենք՝ քո ժողովուրդն, առանց առարկության վստահում ենք Ձեզ»

«Մենք բողոքելու ենք և մինչև վերջ գնալու ենք։ Անգամ մեր կյանքերի գնով»

«Դադարեցրե՛ք Ձեր մանիպուլյացիաները։ Զբոսաշրջության ոլորտը մեզ կարող է ավելի շատ գումար բերել, քան Լիդիանի այդ 10%-ը»

«Բնակչության մեծ մասը դեմ է դրան»

«Մենք այսպես անցնում ենք հեղափոխության երկրորդ փո՞ւլ»։

 Հանքի մասին

Ամուլսարի հանքը Հայաստանի ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է։ Հանքը մոտ 31 տոննա հանքանյութ և 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում։

«Lydian»-ը ոսկու հանքը հայտնաբերել է դեռ 2005թ-ին։

Մինչև 2012թ-ն ընկերությունը ներդրողներ էր փնտրում և մշակում հանքի շահագործման ծրագիրը։ Նույն 2012թ-ին «Lydian»-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել հանքի շահագործման մասին, ընկերությունը իրավունք է ստացել շահագործել այն։

Հանքի շահագործման դեմ բողոքը սկսվել է դեռ 2011թ-ին։ Դրան մասնակցում էին հարակից տեղայնքի բնակիչներն ու բնապահպանները։ Նրանք կարծում են, որ ոսկու արդյունահանումը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկ քաղաքի, Սևանա լճի և որոշ գետերի վրա։ Այդ ժամանակ ստեղծվեց «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը։ Այն հայտարարում էր․

 «Թույլ չենք տա փչացնել Ջերմուկն ու Ջերմուկի երիտասարդության ապագան»։

2012թ-ին հանքի շահագործման դեմ արդեն ստորագրահավաք սկսվեց։ Ակտիվիստները բազմիցս փակել են հանքի ճանապարհները ու խոչընդոտել ծանր տեխնիկայի աշխատանքին։ Իսկ 2018թ-ին նրանք հասան հանքում աշխատանքների կասեցմանը։

Այդ նույն տարում Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ դրական եզրակացության դեպքում Ամուլսարի հանքը շահագործվելու է․

«Եթե փորձաքննությունը հիմնավորի, որ շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, նախագիծը կիրականացվի։ Սակայն, եթե սպառնալիք կա, ես որպես վարչապետ չեմ կարող թույլ տալ դրա շահագործումն՝ անկախ ամեն ինչից»։

  Ինչո՞ւ է Ամուլսարի հանքն այդքան կարևոր

Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացել է «Lydian» ընկերությունը, որի ներդրումային փաթեթն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորներից մեկն էր։ Կառույցը հայտարարել է 325 մլն դոլարի մասին։ Ենթադրվում էր, որ նախնական փուլում՝ շինաշխատանքներում, կներգրավվի 1300 մարդ, իսկ շահագործման փուլում՝ 770 աշխատակից։

Հանքի շահագործումն, ընկերության հաշվարկով, պետք է ապահովի Հայաստանի ՀՆԱ տարեկան 1,4%, կամ 185 մլն դոլարի աճ։

«Lydian» ընկերությունը հավակնում է լինել Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում՝ պետբյուջե վճարվող 50 մլն դոլար հարկի ցուցանիշով։ Իսկ արտահանման ցուցանիշներն, ըստ նախնական հաշվարկի, կարող են հասնել տարեկան 286 մլն դոլարի։


Կարդալ ավելին JAMnews-ում