Վրաստանի ԱԳ նախարարը Վարշավայում հանդիպել է Մայք Պոմպեոյի հետ" />

ԱՄՆ պետքարտուղար․ «Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և Ուկրաինա մարտահրավեր է մեր անվտանգության համար»

Վրաստանի ԱԳ նախարարը Վարշավայում հանդիպել է Մայք Պոմպեոյի հետ

Առաջին շարքում․ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեո, Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևա։ Երկրորդ շարքում՝ աջից առաջինը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանի։ Վարշավա, Լեհաստան, 2019թ-ի փետրվարի 13։ REUTERS/Kacper Pempel

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին Լեհաստանում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Հանդիպումը կարճ է տևել և ոչ պաշտոնական բնույթ է կրել։ Զալկալիանին և Պոմպեոն մասնակցում են Լեհաստանում անցկացվող «Խաղաղություն և անվտանգություն Մերձավոր Արևելքում» միջազգային կոնֆերանսին։

•ԱՄՆ պետքարտուղար․ «Անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը»

Կայացած հանդիպման մանրամասների մասին տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ Գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ Զալկալիանին ԱՄՆ պետքարտուղարին տեղեկություններ է տրամադրել «Վրաստանի  օկուպացված շրջաններում ստեղծված բարդ իրավիճակի և Ռուսաստանի ապօրինի գործողությունների մասին»։

Ինչպես ընդգծում է Վրաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Մայք Պոմպեոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը։ Պոմպեոյի խոսքով՝ վրացական հարցն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ինչպես երկկողմանի հարաբերություններում, այնպես էլ միջազգային ձևաչափում։

Պոմպեոն Վրաստանն անվանել է տարածաշրջանում ԱՄՆ հուսալի գործընկեր և դաշնակից և շնորհակալություն հայտնել պաշտոնական Թբիլիսիի կողմից Վենեսուելայի ժամանակավոր նախագահին ճանաչելու համար։

«Ռուսաստանը ներխուժել է Վրաստան և Ուկրաինա»

Լեհաստանում Պոմպեոն մի քանի կարևոր հայտարարություններ է արել Վրաստանի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համատեքստում։ Նա 2008թ-ի օգոստոսյան պատերազմն ավանել է «Ռուսաստանի ներխուժում Վրաստան, իսկ Կերչի նեղուցում ուկրաինական նավերի վրա չհիմնավորված հարձակումն անցյալ տարվա նոյեմբերին՝ հիբրիդային պատերազմ, և այս ամենը մարտահրավեր է ոչ միայն մեր դաշնակիցների, այլև մեր անվտանգության և կյանքի նորմայի դեմ», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Մայք Պոմպեոն ընդգծել է, որ «Ռուսաստանը Եվրոպայում գերակայելու մեծ պլաններ ունի»։

«Ռուսաստանը մեծ պլաններ ունի, այն ցանկանում է գերակայել Եվրոպայում և ուժեղացնել իր ազդեցությունը համաշխարհային հարթակում։ Վլադիմիր Պուտինը փորձում է պառակտում մտցնել ՆԱՏՕ-ի կազմում, թուլացնել ԱՄՆ-ն ու խաթարել արևմտյան ժողովրդավարությունը», – հայտարարել է նա։

«Ռուսաստանը երազում է փլուզել ՆԱՏՕ-ն»

Պոմպեոն քննադատել է Հյուսիսատլալնտյան դաշինքի նկատմամբ Կրեմլի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը Եվրոպայում վիթխարի պլաններ ունի, այն ձգտում է վերականգնել գերակայությունը համաշխարհային բեմում»։

«Պուտինը երազում է փլուզել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, ոչնչացնել արևմտյան ժողովրդավարությունը», – հայտարարել է Պոմպեոն։

Վրաստանի և Ուկրաինայի թեման արծարծելիս Պոմպեոն նշել է, որ Պուտինը երազում է թուլացնել ԱՄՆ և դաշնակիցների կապերը։

«Այդ պատճառով էլ մենք ուժեղացնում ենք մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ի արևելյան ֆլանգում», – հայտարարել է Պոմպեոն։

2008 թ-ի օգոստոսյան պետերազմից հետո Ռուսաստանը 2008թ-ի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի օրինակին հետևեցին Նաուրուն, Տուվալուն, Վենեսուելան, իսկ 2018թ-ի մայիսի 29-ին՝ Սիրիան։

Մնացած բոլոր երկրները՝ ՄԱԿ անդամներն, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածք են համարում։

Վրաստանի դիվանագիտական կորպուսի օրակարգում այդ տարածքներն ինքնիշխան պետություն ճանաչելու գործընթացը կասեցնելն է։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:

Կարդալ ավելին JAMnews-ում