Արդարադատություն, ընտրություններ, Անակլիայի նավահանգիստ․ այս հարցերն են Թբիլիսիում առավել մեծ ուշադրություն գրավել" />

ԱՄՆ պետքարտուղարի մեսիջները վրացական իշխանություններին

Արդարադատություն, ընտրություններ, Անակլիայի նավահանգիստ․ այս հարցերն են Թբիլիսիում առավել մեծ ուշադրություն գրավել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 11-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Հանդիպման ավարտին Պոմպեոն աջակցություն է հայտնել Վրաստանին և մի քանի կարևոր հայտարարություն արել, որոնք վերաբերում են Վրաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաև Անակլիայի նավահանգստի նախագծին։ Ներկայացնում ենք Մայք Պոմպեոյի գլխավոր մեսիջները Վրաստանի իշխանություններին և թե ինչպես են դրանց արձագանքել Թբիլիսիում։

ՆԱՏՕ, Ռուսաստան, ռազմական աջակցություն

– «ՆԱՏՕ-ին ձեր անդամակցության ճանապարհին դուք միշտ կունենաք ԱՄՆ աջակցությունը»։

– «Վրաստանը պայքարել է ռուսական ագրեսիայի դեմ հանուն իր տարածքային ամբողջականության, Ռուսաստանի կողմից իր տարածքների ապօրինի օկուպացիայի դեմ՝ հրադադարի մասին պայմանավորվածության խախտման ֆոնին»։

— «Ռուսաստանի թշնամական վերաբերմունքը ևս մեկ պատճառ է այն բանի, որ մենք հպարտանում ենք Վրաստանի պաշտպանունակության ծրագրին մեր ռազմական աջակցությամբ»; «Ամերիկան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Վրաստանին կենդանի ուժի նախապատրաստման և վերազինման հարցում, ինչը Վրաստանին կօգնի իր տարածքների պաշտպանության հարցում»։

— «Վրաստանի՝ որպես անկախ պետության ներկայիս զարգացումը, որը գրեթե մեկ դար խորհրդային օկուպացիայի պայմաններում էր գտնվում, ցույց է տալիս, որ երկիրը ճիշտ ուղու վրա է»։

Արդարադատություն, ընտրություններ և Անակլիայի նավահանգստի նախագիծ

Ահա Պոմպեոյի հայտարարության այն հատվածը, որը Վրաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել.

– «Մենք սատարում ենք Վրաստանում արդարադատության համակարգի կատարելագործմանն ու արդար և ազատ ընտրությունների ապահովման գործընթացին»։

— «Վարչապետի հետ մենք քննարկել ենք Վրաստանի խորհրդարանի կողմից օրենքի գերակայության և կառավարական կառույցների կողմից բնակչությանը տրված խոստումների կատարման ապահովման հարցեր»։

— «Ես հույս եմ հայտնել, որ Վրաստանը կավարտի նախագծի [Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցման մասին] իրականացումը։ Դրա իրականացումը թույլ կտա ամրապնդել Վրաստանի կապերն ազատ տնտեսությունների հետ և Վրաստանին թույլ չի տա Ռուսաստանի կամ Չինաստանի տնտեսական ազդեցության տակ հայտնվել։ Այդ թվացյալ ընկերների շարժառիթները լավագույնը չեն»։

Վրացական իշխանությունների արձագանքը

—  «Հանդիպմանը պետքարտուղարը միայն դրական տոնով է խոսել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համար վրացական իշխանությունների կողմից անցկացվող բարեփոխումների մասին», — հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

— «Իշխանության դատական ճյուղում մարտահրավերներ կան, և հենց այդ պատճառով մենք անցել ենք բարեփոխումների չորրորդ ալիքի կատարմանը, և բարեփոխման այդ հատվածը մենք բարեհաջող ավարտել ենքՄենք պատրաստ ենք հաշվի առնել մեր գործընկերների բոլոր խորհորդները», — հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

— «Մենք լիովին աջակցում ենք Անակլիայի նավահանգստի նախագծին։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորություններն, ավելին՝ օգնում ենք կոնսորցիումի անդամներին կատարել իրենց պարտավորությունները», — հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Վրաստանի առաջին խորջրյա Անակլիա նավահանգստի կառուցման նախագիծն իրականացնում է «Անակլիայի զարգացման կոնսորցիումը»։

Նախագծի իրականացումը դժվարությունների է բախվել այն բանից հետո, երբ գործարար Մամուկա Խազարաձեի՝ ТВС group-ի ղեկավարի ու կոնսորցիումի համահիմնադրի մոտ խնդիրներ են առաջացել իշխանությունների հետ։ Այդ պատճառով էլ մինչ այսօր Վրաստանի կառավարության հետ համաձայնագիր ձևակերպված չէ, ինչը 400 մլն դոլարի նախագծում ներդրումներ կատարելու համար ներդրողների գլխավոր նախապայմանն է։

Փորձագետների կարծիքով՝ Անակլիայի նավահանգստի նախագիծը կարևորագույնն է  Վրաստանի բոլոր նախագծերից։ Ոմանք այդ նախագիծը կարևորության առումով նույն շարքին են դասում, ինչ Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումն էր։

Նախագծի հաջող իրականացման հարցում, որին ներգրավված են բազմաթիվ ամերիկյան մասնավոր ներդրողներ, հետաքրքրված է ԱՄՆ-ն։

Վրաստանի համար այն կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ է, որը հնարավորություն է բացում Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար։ Անակլիայի նավահանգիստը կարող է հաջող մրցակցություն կազմել Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների նավահանգիստներին։

Ընդհանուր առմամբ նախագծի ներդրումները կկազմեն 2,5 մլրդ դոլար։

Ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները

– «Մեսիջները շատ տագնապալի են։ Այն, որ պետքարտուղարը որոշել է դրանք հանրային կերպով արտահայտել, նշանակում է միայն այն, որ այդ մեսիջներին Վրաստանի իշխանությունները մինչև վերջերս չեն արձագանքել», — կարծում է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

– «Հայտարարությունները ծայրահեղ տագնապալի են։ Հատկապես նրանք, որոնք վերաբերում են արդարադատությանն ու ժողովրդավարությանը։ Ինչ վերաբերում է ողջ երկրի գործառնությանն, ապա դա այն բանի մատնանշում է, որ Իվանիշվիլիի իշխանությունը 2020թ-ին պատավոր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել», — հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան։

– «Մենք անպայման պետք է սկսենք բարեփոխել արդարադատության համակարգը։ Պետք է ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնենք։ Մենք պետք է կառուցենք Անակլիայի նավահանգիստն ու այնտեղ խնդիրներ չստեղծենք… Բնականաբար, պետքարտուղարի բոլոր նկատառումները մենք պետք է հաշվի առնենք և հասնենք նրան, որ պետությունը դրանց ուշադրություն դարձնի, որպեսզի այդ ոլորտում ոչ մի հարց չմնա», — հայտարարել է «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում