Ամերիկյան կողմն իր որոշումը բացատրում է նրանով, որ նրանք համագործակցել են Իրանի հետ։ Հայկական ընկերությունների ղեկավարությունը հերքում է այդ տեղեկատվությունը " />

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում հայկական երկու ընկերությունների նկատմամբ

Ամերիկյան կողմն իր որոշումը բացատրում է նրանով, որ նրանք համագործակցել են Իրանի հետ։ Հայկական ընկերությունների ղեկավարությունը հերքում է այդ տեղեկատվությունը

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն» ու «Մարկել» ընկերությունն ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում են հայտնվել։ Այդ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։

Հայաստանն Իրանից ավելի քան 500 ապրանքի համար մաքսային արտոնություններ է ստանում

Իրանացիներին ինչի՞ համար է պետք Հայաստանը

Ինչի՞ մեջ են մեղադրվում հայկական ընկերությունները

ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով՝ երկու միմյանց հետ կապված հայկական կառույցներ առևտուր են արել Իրանի հետ։ Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն» ապրանք է ստացել և վերաարտահանել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցանկից» առանց անհրաժեշտ լիցենզիաների։ Եթե ապրանքի անվանումը գտնվում է «Առևտրային վերահսկողության ցանկում», այն պետք է համապատասխան լիցենզիա ունենա։ Այդ ապրանքի ներկրումն ու արտահանումը վերահսկվում է պետության կողմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ երկու ընկերությունները ղեկավարող անձը բիզնես է վարում իրանական ընկերության հետ, որն ԱՄՆ սև ցուցակում է։ ԱՄՆ-ն սև ցուցակում է ներառում այն ընկերությունները, որոնք, ըստ իշխանությունների, հակասում են կամ սպառնում երկրի ազգային անվտանգությանը։

Իրանի հետ համագործակցող ընկերությունների դեմ պատժամիջոցներ սկսեցին կիրառվել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։ Թրամփը միակողմանի կերպով դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի սահմափակման համաձայնագրից, ինչը կրկին լարվածության հանգեցրեց երկու երկրների միջև։

Ի՞նչ են այս մասին մտածում ընկերությունները

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Մարկել» ՓԲԸ-ն միմյանց հետ կապված կառույցներ են։ Դրանք ղեկավարում է Մհեր Մարկոսյանը, որը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես թյուրիմացություն։

Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խոսքով, կառույցներից ոչ մեկն առևտուր չի արել իրանական ընկերությունների հետ․

 «Ինստիտուտը երբեք առևտրային կապեր չի ունեցել այս կամ այն իրանական ընկերության հետ։ Մենք Իրանին ոչինչ չենք վաճառել։ Պատժամիջոցների տակ ընկած կառույցները տարբեր ուղղվածություն ունեն։ Հույս ունենք, որ ամեն ինչ շուտով կլուծվի»։

Ինստիտուտը զբաղվում է ռադիոտեխնիկական սարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ։ Արտադրանքն արտահանվում է եվրոպական երկրներ, Չինաստան և ԱՄՆ։ Պատժամիջոցների կիրառումից հետո այդ երկու ընկերությունները ոչ միայն չեն կարող առևտուր անել ԱՄՆ հետ, այլ նաև այնտեղից դետալներ գնել արտադրության համար։ Մհեր Մարկոսյանը խոստովանում է, որ դա բարդացնում է իրենց կյանքը, սակայն ընկերությունները շարունակելու են աշխատել․

«Դետալները կսկսենք գնել այլ երկրներից։ Հնարավոր է, որ ավելի թանկ, բայց սարսափելի բան չկա։ Արտադրանքը կիրացնենք այլ երկրներում»։

Այնուամենայնիվ, ընկերության ղեկավարը պատրաստվում է դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն իրավիճակը պարզելու խնդրանքով։

Սա պատժամիջոցների առաջին դեպքը չէ

Հայկական ընկերություններն առաջին անգամ չէ, որ պատժամիջոցների տակ են հայտնվում։ Մինչ այս երկու առևտրային կազմակերպություն էր հայտնվել պատժամիջոցների կիրառման ցանկում իրանական կառույցների հետ համագործակցության համար։ Ինչպես JAMews-ին պարզաբանել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, հայկական կապիտալի համար կարող են «գաղտնի» սպառնալիք լինել ոչ միայն իրանական, այլ նաև ռուսական ընկերությունները․

«Ամերիկյան պատժամիջոցցների տակ են հայտնվել հարյուրավոր ռուսական ընկերություններ և մասնավոր անձինք։ Եթե հայկական ընկերությունները գնան նրանց հետ համագործակցության, նրանք նույնպես սև ցուցակում կհայտնվեն։ Նույնը վերաբերում է Իրանին»։

Փորձագետն ասում է, որ պատժամիջոցները կարող են բերել այդ ընկերությունների բանկային հաշիվների սառեցման և միջազգային գործարքներ կատարելու արգելքի։


Կարդալ ավելին JAMnews-ում