Կան զոհեր և վիրավորներ" />

ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ

Կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ հրթիռային հարված է հասցրել Սիրիայի կառավարական ավիաբազայի ուղղությամբ: 59 Tomahawk թևավոր հրթիռները արձակվել են Հոմս նահանգի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավերից:

Այս բազայի վրա, ըստ ամերիկյան իշխանությունների, տեղակայված են Սիրիայի կառավարական ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցել են Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանը:

Տեղական ժամանակով 3:45-ին հասցված ավիահարվածի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և վիրավորներ:

Ինչպես հայտնում է  Associated Press-ը, սիրիական իշխանությունները, որոնք հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, ԱՄՆի հարվածը «ագրեսիա են» անվանել:

Կրեմլն արդեն արձագանքել է. «Վաշինգտոնի այս քայլը զգալի վնաս է հասցնում ռուսամերիկյան հարաբերություններին, որոնք առանց այդ էլ ողբալի վիճակում են գտնվում»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եվ ամենակարևորը, ինչպես կարծում է Պուտինը, այս քայլը մեզ չի մոտեցնում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերջնական նպատակին, այլ հակառակը՝ լուրջ խոչընդոտներ է ստեղծում դրա դեմ պայքարի նպատակով միջազգային կոալիցիայի ստեղծման և այս համաշխարհային չարիքին արդյունավետ հակազդեցության համար, ինչն, ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հռչակել էր որպես հիմնական խնդիրներից մեկը», – ընդգծել է նա:

– «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ հրթիռային հարվածը Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում ռազմական ուժի կիրառման առաջին դեպքն է սիրիական պատերազմի վերջին վեց տարվա ընթացքում:

– Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած ավիահարվածի արդյունքում մի քանի տասնյակ մարդ էր զոհվել: Զոհվածների  և բազմաթիվ  վիրավորների մոտ կային քիմիական թունավորման ախտանիշներ:

– Սիրիայի ընդդիմությունը և արևմտյան երկրների ներկայացուցիչները  Իդլիբում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Դամասկոսը կտրականապես մերժեց մեղադրանքները: Իսկ Ռուսաստանը, որն աջակցում է Ասադին, հայտարարեց, որ Սիրիայի օդային ուժերի կողմից հարվածը հասցվել է զինյալների պահեստի ուղղությամբ, որտեղ գտնվում էին թունավոր նյութեր:

– Ապրիլի 6-ին ամերիկյան ԶԼՄները, հղում անելով աղբյուրներին, հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Սիրիայում քիմիական հարձակմանը պատասխան հարվածի հնարավորությունը:  Պենտագոնը, ինչպես հայտնում էր CNN- ը, ներկայացրել է Սպիտակ տանը Սիրիայում կառավարական թիրախների ուղղությամբ հրթիռային հարվածների ծրագիր:


Կարդալ ավելին JAMnews-ում