Հայաստանյան փորձագետները հորդորում են լուրջ վերաբերվել այս հայտարարությանը, իսկ ռուսաստանցիներն այն ճնշման փորձ են համարում " />

ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ «էական» ռազմական գործարքներ կնքելու դեպքում

Հայաստանյան փորձագետները հորդորում են լուրջ վերաբերվել այս հայտարարությանը, իսկ ռուսաստանցիներն այն ճնշման փորձ են համարում

ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը, որ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ էական ծավալի գործարքներ կնքելու պարագայում հնարավոր է սահմանվեն պատժամիջոցներ: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքով ԱՄՆ հունվարի 29-ից կարող է նոր պատժամիջոցներ սահմանել աշխարհի յուրաքանչյուր պետության, ֆիզիկական անձի, կազմակերպության նկատմամբ, որոնք «էական» ծավալի ռազմական գործարք կկնքեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ է տվել հնարավոր պատժամիջոցների մասին հարցն ուղղել արտաքին գործերի նախարարությանը: Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ խիստ դիվանագիտական մեկնաբանություն է տվել.

«Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը իր գործընկեր պետությունների հետ»:

Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը նկատել է, որ Հայաստանը, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, «էական ծավալների» զենք ՌԴ-ից ձեռք չի բերում, ուստի քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն այս պատժամիջոցների առաջին տասնյակում ընդգրկի Հայաստանը:

«ԱՄՆ-ն ուզում է վերահսկողություն ունենալ այս տարածաշրջանի վրա, այդ թվում՝ Հայաստանի: Բայց եթե նրանք պատժամիջոցներ սահմանեն Հայաստանի նկատմամբ, այդպիսով Հայաստանը կհեռանա նրանցից, ոչ թե կմոտենա, իսկ Միացյալ Նահանգները չի ուզում, որ Հայաստանը հեռանա իրենից: Սա պարզապես քաղաքական ճնշում գործադրելու փորձ է»,– ասել է Վլադիմիր Եվսեևը:

Սակայն հայաստանյան փորձագետները հորդորում են լուրջ ընդունել այս հայտարարությունը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է.

«Հայաստանը մեծամասամբ Ռուսաստանից է զենք գնում, գուցե այս ամենից հետո ինտենսիվ աշխատեն այլընտրանք գտնելու Ռուսաստանին: Լավ հաշվարկ է պետք անել. ինչ է գնվում ՌԴ-ից, ինչից հնարավոր է հրաժարվել, ինչից ոչ: Միաժամանակ ԱՄՆ հետ ինտենսիվ աշխատել է պետք: Պետք չէ մտածել, որ Պուտինը կա, ուրեմն ամեն ինչ լավ կլինի»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում