Բարաք և Միշել Օբամաները Netflix-ի հետ երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել" />

ԱՄՆ նակին նախագահն ու առաջին տիկինը կինոպրոդյուսերներ կդառնան

Բարաք և Միշել Օբամաները Netflix-ի հետ երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել

Հայտնի է դարձել այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ու նրա տիկին Միշելը Netflix ընկերության հետ պայմանագիր են ստորագրել, որի համաձայն՝ նրանք ընկերության համար ֆիլմերի և սերիալների պրոդյուսինգ են անելու: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Netflix-ը միջազգային ընկերություն է, որը զբաղվում է ֆիլմերի, սերիալների, շոուների և այլ վիդեոկոնտենտի արտադրությամբ: Netflix-ի մշտական բաժանորդների թիվն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 100մլն օգտատեր:

Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր չէ Netflix-ն օգտագործել քաղաքական նպատակների հասնելու համար: Մասնավորապես, Օբաման չի պատրաստվում ընկերության միջոցով պոլեմիկայի մեջ մտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Netflix-ում հաղորդել են, որ Բարաք և Միշել Օբամաները գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, սերիալներ և շոուներ կարտադրեն, որոնցում շատ ուշադրություն կդարձվի այն թեմաներին, որոնք նախկին նախագահը բարձրաձայնում էր 8-ամյա իր նախագահության ժամանակ:

Վերջին մեկուկես տարիներին, ինչ Օբաման նախագահական աթոռը զիջել է Թրամփին, նա աշխատել է երկրի քաղաքական կյանքից մի կողմ քաշվել: Շատերը նրանից սպասում էին ներկա նախագահի հետ ակտիվ պայքար, որը ձգտում է շատ բան ոչնչացնել նրանից, ինչ իրենից հետո թողել է Օբաման: Սակայն նախկին նախագահը հազվադեպ է մեկնաբանում Թրամփի գործողություններն ու զերծ է մնում աղմկահարույց քաղաքական հայտարարություններից:

Netflix-ի հետ Բարաք և Միշել Օբամաների պայմանագրի ֆինանսական մանրամասներն, ինչպես նաև տևողությունը չեն բարձրաձայնվում:

Netflix-ի կոնտենտի տնօրեն Թեդ Սարանդոսը հայտարարել է. “Բարաք և Միշել Օբամաները աշխարհի ամենահարգված և ընդունված անձանցից են: Այժմ նրանք բացառիկ հնարավորություններ ունեն մարդկանց պատմությունները լուսաբանելու համար”:

Մենք անասելի հպարտ ենք, որ հենց Netflix-ն է դարձել այն պլատֆորմը, որտեղ Բարաք և Միշել Օբամաները կարող են կիսվել այդ պատմություններով”, — ընդգծել է Սարանդոսը:


Կարդալ ավելին JAMnews-ում