ԱՄՆ խաղաղության կորպուսն այսօր նշեց Հայաստանում գործունեության 25-ամյակը" />

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած 42 կամավորները կդասավանդեն դպրոցներում ու համալսարաններում

ԱՄՆ խաղաղության կորպուսն այսօր նշեց Հայաստանում գործունեության 25-ամյակը

Լուսանկարը՝ Արմենպրես գործակալության

ԱՄՆ խաղաղության կորպուսն այսօր նշեց Հայաստանում գործունեության 25-ամյակը: Տեղի ունեցավ նաև կամավորների նոր խմբի երդմնակալության հանդիսավոր արարողությունը և Հայաստան ժամանած 1000-րդ կամավորի հանդիսավոր ընդունելությունը:

Այս տարի 42 ամերիկացի կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր համայնքներ՝ գյուղական վայրերում, քաղաքներում դասավանդելու տեղի դպրոցներում, համալսարաններում, աշխատելու հասարակական կազմակերպություններում:

Իսկ գործող կամավորները, որոնց աշխատանաքային ժամկետը դեռ չի լրացել, լրագրողներին և նոր ժամանածներին Հայաստանում ապրելու և աշխատելու իրենց փորձառության մասին էին պատմում:

28-ամյա Դադզի Մորենոն պատմում է, որ շուրջ երկու տարի է, ինչ բնակվում է Քարակերտ գյուղում և անգելեն է դասավանդում տեղի դպրոցի աշակերտներին:

Սեպտեմբերին նրա կամավորական առաքելությունն ավարտվում է: «Շատ կկարոտեմ դպրոցը, երեխաներին, իմ ընատնիքին, որոնց հետ ես այստեղ ապրում եմ», – ասում է Դադզին:

Այս ընթացքում նա հայերեն է սովորել՝ ինչպես և մյուս բոլոր կամավորները: Պատմում է, որ իր հայկական ընտանիքում այլ լեզուներով չեն խոսում, ինչի շնորհիվ ինքն ավելի հեշտ և արագ է սովորել հայերենը, քան իր ընկերները:

«Ես շատ սիրեցի Հայաստանը: Ինձ դուր եկավ, որ հայկական ընտանիքները մտերիմ են, ես շատ սիրեցի հայկական ուտելիքները, պարերը: Ամենից շատ տոլման եմ սիրում: Անցած տարի, երբ մի քանի օրով մեկնեցի ԱՄՆ, ես այնտեղ իմ ընտանիքի համար տոլմա պատրաստեցի»,-  պատմել է կամավորը:

Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել1992թ.-ին: Այս ընթացքում 1000 երիտասարդ է կամավորություն արել այստեղ, իսկ 110-ը այս պահին դեռ բնակվում ու աշխատում են երկրի տարբեր համայնքներում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, 25 տարի առաջ նա իր անձնական ներդրումն է ունեցել կամավորների առաջին խմբի այստեղ գալու գործում:

«Խաղաղության կորպուսի ծրագրով Հայաստան են ժամանում տարբեր տարիքի կամավորներ, ովքեր ծանոթանում են ՀՀ կյանքին, մշակույթին, առանձնահատկություններին և, վերադառնալով ԱՄՆ, նրանք ձևավորում են մի շրջանակ, որը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դիրքերից է հանդես գալիս», – ասել է դիվանագետը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր գործակալության

 

Կարդալ ավելին JAMnews-ում