Ովքե՞ր են նամակը ստորագրած կոնգրեսմենները, և ինչո՞ւ է նրանց կարծիքը կարևոր" />

Ամերիկացի կոնգրեսմենները նամակ են գրել Վրաստանի վարչապետին երկրի ութ գլխավոր խնդիրների մասին

Ովքե՞ր են նամակը ստորագրած կոնգրեսմենները, և ինչո՞ւ է նրանց կարծիքը կարևոր

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նամակ է ստացել ամերիկյան կոնգրեսմեններից, որում ասվում է․ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է խոստացված ժողովրդավարական բարեփոխումներից, հետապնդում է քաղաքական ընդդիմադիրներին, իսկ ներդրումային կլիման երկրում վատթարանում է։

Նամակը ստորագրել է չորս կոնգրեսմեն՝ «Վրաստանի ընկերների խմբի» համանախագահներ Ադամ Քինսինգերն ու Ջերալդ Քոնոլին, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելն ու Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Մայքլ Մաքքոլը։

Նամակը ստացվել է հունվարի 21–ին, սակայն վարչապետի վարչակազմն այն հրապարակել է հունվարի 22–ի երեկոյան։

Ընդդիմադիր գործիչներն ու փորձագետներն ասում են, որ դա ամենաքննադատական նամակներից մեկն է, որը ստացել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն, ու դրա իրական հասցեատերը վարչապետը չէ, այլ երկրի ոչ ֆորմալ ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։

Վրացական իշխանությունների արձագանքը․ նամակում արտահայտված կարծիքը պատկանում է միայն չորս կոնգրեսմենների և լուրջ քննարկման արժանի չէ։

•  Բողոքի 150 ակցիա Վրաստանում կես տարում։ Ովքե՞ր են դրանց առաջնորդները։ Տեսանյութ

Թբիլիսիում մեկ ու կես տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է հայտնվել

• Նա զրկվեց աչքից Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ, բայց կշարունակի գնալ հանրահավաքներին: Ինչո՞ւ։ Տեսանյութ

 Նամակում հիշատակված հստակ փաստեր․

1) Կոնգրեսմեններն ասում են, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է խոստացված ժողովրդավարական բարեփոխումներից

Այստեղ խոսքն ընտրությունների համամասնական համակարգին անցնելու խոստման մասին է, որն իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին տվել էր 2019 թ–ի ամռանը Թբիլիսիում զանգվածային ցույցերի ֆոնին։ Սակայն նոյեմբերին խորհրդարանում քվեարկելիս այդ որոշումը ձախողել էին «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները (կուսակցության առաջնորդը Բիձինա Իվանիշվիլին է)։

2) Վրաստանի իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ

Մեջբերում նամակից․

«Մենք անհանգստացած ենք խոստացված ժողովրդավարական բարեփոխումներից հրաժարվելու որոշմամբ և այդ առնչությամբ խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառմամբ»։

3) Վրաստանի իշխանությունները քաղաքական հետապնդման համար օգտագործել են երկրի համար ռազմավարական նշանակության նախագիծը՝ Անակլիայի խորջրյա նավահանգիստը

Մեջբերում նամակից․

««Վրացական երազանքը» քաղաքական հետապնդման նպատակի է վերածել ԱՄՆ աջակցությունն ունեցող Անակլիայի զարգացման կոնսորցիումը։ Ամերիկյան ընկերություններն արդեն դադարեցրել են իրենց ընթացիկ և ապագա ներդրումներն այդ կարևոր նախագծում։

Այս միտումները, կարծես, արտացոլում են ավելի ու ավելի անբարենպաստ գործարար միջավայրը, և այդ պատճառով ԱՄՆ ապագա ներդրումները Վրաստանում կարող են կասեցվել»։

4) Վրացական իշխանությունների գործողություններն ուժեղացնում են Ռուսաստանի և դրա նախագահ Պուտինի ազդեցությունը տարածաշրջանում։

Մեջբերում նամակից․

«Արտասահմանյան ներդրումների կրճատումը վնաս է հասցնում ոչ միայն վրացի ժողովրդին և արևմտյան ինստիտուտներին ավելի խորն ինտեգրման նրա հույսերին, այլև ուժեղացնում է Վլադիմիր Պուտինի ազդեցությունը տարածաշրջանում»։ 

5) 2020 թ–ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Վրացական երազանքը» ֆինանսավորում է ֆեյսբուքյան էջերի մեծ ցանց, որոնք հակաժողովրդական, հակաարևմտյան հայացքներ են տարածում և կասկածի տակ դնում բարձր մակարդակով ընտրություններն անցկացնելու հնարավորությունը

Մեջբերում նամակից․

«Քանի դեռ «Վրացական երազանքի» գլխավորած Վրաստանը մոտենում է 2020 թ–ի խորհրդարանական ընտրություններին, մենք ձեզ կրկին կոչ ենք անում պաշտպանել այդ ընտրությունների լեգիտիմությունն ու պաշտպանել դրանք ներքին և արտաքին միջամտությունից։

2019–ի դեկտեմերի 17–ի ձեր պատասխան նամակում դուք խոստացել էիք մեզ, որ 2020 թ–ի ընտրություններն անցկացվելու են ամենաբարձր չափանիշներով։ Սակայն, ըստ վերջին հաղորդագրությունների, Ֆեյսբուքը ստիպված է եղել փակել «Վրացական երազանքի» կողմից ֆինանսավորվող էջերի մի մեծ ցանց։ Այն, որ այդ էջերը հակաժողովրդավարական, հակաարևմտյան հայացքներ են տարածել, պարզապես անընդունելի է»։

6) «Վրացական երազանքը» հետապնդում է  իր ընդդիմադիրներին քաղաքական շարժառիթներով և դրա համար օգտագործում է իր կողմից կառավարվող դատախազությունը։ Այն նույն կերպ հետապնդում է զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Մեջբերում նամակից․

«Մենք անհանգստացած ենք հաղորդագրություններով այն մասին, որ «Վրացական երազանքի» նշանակած դատախազները վերսկսել են հին գործերն ընդդեմ կուսակցության հակառակորդների։ Այդ գործերից որոշներն․․․ ընկալվում են որպես ընդդիմության առաջատար լիդերների, լրագրողների, միջազգային կորպորացիաների և քաղաքացիական ակտիվիստների դեմ ուղղված»։ 

7) Վրաստանի դատական համակարգը կողմնակալ է

Մեջբերում նամակից․

«Օրենքի գերակայության պաշտպանությունն ու անաչառ դատական համակարգն անհրաժեշտ են առողջ ժողովրդավարության և ազատ ու արդար ընտրությունների համար, որոնք երաշխավորել է ձեր կուսակցությունը»։

8) Վրաստանում գործարար միջավայրը վատթարանում է, իսկ ամերիկյան և եվրոպական ընկերությունները հետապնդումների են ենթարկվում

Մեջբերում նամակից․

«Վրաստանի կողմից 1991 թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո մենք նկատում ենք վրացի ժողովրդի ուժեղ մղում դեպի ժողովրդավարությունն ու Արևմուտքի հետ խորացված գործընկերություն։ Սակայն․․․ վերջին ժողովրդավարական և տնտեսական միտումները բացասաբար են ազդում ԱՄՆ-ում Վրաստանի իմիջի վրա։

Ցավոք, տնտեսական ինդիկատորները ցույց են տալիս արտասահմանյան ուղիղի ներդրումների կտրուկ անկում Վրաստանում։ Որոշ ամերիկյան և եվրոպական ընկերություններ տուժել են ճնշումից։ Այդ պատճառով էլ շատերը վերանայել են իրենց բիզնես-պլանները»։

Ի՞նչ են կոնգրեսմենները խորհուրդ տալիս վրացական կառավարությանը

Կոնգրեսմենները կոչ են անում վրացի գործընկերներին թույլ չտալ, որ Վրաստանը կորցնի աջակցության մեծ մասը, որը նրան ցուցաբերում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները։

Մեջբերում նամակից․

«Հույս ունենք, որ ձեր կառավարությունը համագործակցելու է ԱՄՆ Կոնգրեսի, Քելլի Դեգնանի, Եվրամիության և հասարակական կազմակերպությունների հետ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և վրացի ժողովրդի տնտեսական բարեկեցության աճի նպատակով, որպեսզի Վրաստանը շարունակի երկար տարիներ ԱՄՆ ռազմավարական գործընկերը լինել»։

Ինչո՞ւ է նամակի հեղինակների կարծիքը կարևոր

Նախևառաջ, կարևոր է այն, որ նամակը ստորագրածների թվում են ամերիկյան երկու առաջատար կուսակցությունների ներկայացուցիչներ՝ հանրապետականներն ու դեմոկրատները։ Իսկ դա նշանակում է, որ Վրաստանի հարցով Կոնգրեսում լիակատար փոխհամաձայնություն կա։

«Վրացական կառավարությունը պետք է նամակին լուրջ վերաբերվի։ Այն երկկուսակցական նախազգուշացում է բացասական միտումների մասին, ․․․ և այն կազմվել է Վրաստանի ընկերների կողմից», – Թվիթերում կոնգրեսմենների նամակը մեկնաբանել է ամերիկացի փորձագետ, Ջո Բայդենի կենտրոնի կառավարիչ տնօրեն Մայքլ Քարփոնթերը։

Երկրորդ կարևոր պահն այն է, որ նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի «Վրաստանի ընկերներ» խմբի համանախագահները, որոնց հայացքը Վրաստանի խնդիրներին առանձնահատուկ կարևոր է։

Երրորդ կարևոր պահն այն է, որ նամակը ստորագրածների քաղաքական կշիռը Կոնգրեսում բավականին բարձր է։ Ստորագրածների թվում է Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Էլիոթ Էնգելը։ Իսկ Ջերալդ Քոնոլին, որը նույնպես ստորագրել է նամակը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱՄՆ պատվիրակության նախագահն է։

Այս կոնգրեսմենները հաճախ են ի աջակցություն Վրաստանի հայտարարություններ անում։ Օրինակ՝ հենց այդ կոնգրեսմենների աշխատանքի արդյունքում է 2019 թ-ի հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել ի աջակցություն Վրաստանի երկկուսակցական ակտը։

Վրաստանի իշխանություններն այն ժամանակ այդ կոնրեսմեններին «Վրաստանի ընկերներ» անվանեցին և ընդդիմադիրների հետ դեբատների ժամանակ հաճախ էին այդ ակտը ներկայացնում որպես ամերիկյան աջակցության օրինակ։

Իշխանության և ընդդիմության արձագանքը

Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ կոնգրեսմենները ոչ մի իրական տեղեկություն չունեն Վրաստանի ընթացիկ իրավիճակի մասին, քանի որ ընդդիմությունը կոնգրեսմեններին «սուտ տեղեկություններ» է տալիս։

Իրենց մեկնաբանություններում իշխանության ներկայացուցիչները փորձել են նվազեցնել այդ կոնգրեսմենների քաղաքական կշիռն ու ազդեցությունն՝ ընդգծելով, որ նամակը ստորագրվել է ընդամենը չորս օրենսդիրների կողմից։

Ընդդիմությունն ու փորձագետները նամակն ընկալում են որպես լուրջ նախազգուշացում և «կարմիր քարտ», որ «Վրացական երազանքի» իշխանությունները ստացել են ԱՄՆ-ից նախընտրական փուլում։

«Ցավոք, Արևմուտքում փոխվում է պատկերացումն այն մասին, թե կառավարման ինչպիսի համակարգ է ձևավորվել Վրաստանում։ Փաստացի, եթե արդյունքներն ամփոփենք, կտեսնենք, որ Արևմուտքը համոզվում է, որ Վրաստանում ինչ-որ ստվերային ավտորիտարիզմ է հաստատվել․․․

Իրականում նամակի հասցեատերը Բիձինա Իվանիշվիլին է։ (Վարչապետ) Գախարիան սովորական փոստատար է, որին նամակն ուղարկվել է փոխանցելու համար», – կարծում է քաղաքական մեկնաբան Գիա Խուխաշվիլին։


Կարդալ ավելին JAMnews-ում