Սիրանույշն իր բնակարանը վերածել է արվեստանոցի՝ հաճույք է ստանում իր աշխատանքից և գումար վաստակում " />

Ամանորյա նվերների շքերթ նկարչուհու արվեստանոցում

Սիրանույշն իր բնակարանը վերածել է արվեստանոցի՝ հաճույք է ստանում իր աշխատանքից և գումար վաստակում

Սիրանույշ Նազանյանի վրձնի ճկուն շարժումների արդյունքում մետաքսից կտորի վրա հայտնվում են մանրանկարչության զարդանախշերը։ Նա վարպետորեն կտորին է հանձնում մտքում գծագրած էսքիզը։ Այս անգամ ճերմակ հրեշատկն է, որն ավետում է Ամանորի գալուստը։

«Պարտադիր չէ, որ լինի մոմ, զանգակ, եղևնի կամ ձմեռ պապի։ Ինձ ու նաև իմ հաճախորդներից շատերի համար ավելի հոգեհարազատ խորհրդանիշներ գոյություն ունեն, ինչպիսիք են նուռը, խնձորը, կենաց ծառը: Դրանք խորհրդանշում են բերքատվություն, հաջողություն, առատություն։ Զանգակները, փայլփլուն խաղալիքները, մոմերը՝ իհարկե դրանք էլ իրենց տեղն ունեն: Բայց ես առաջնորդվում եմ հայկական ազգային խորհրդանիշներով:

Այս տարի իմ աշխատանքներում փորձել եմ ցույց տալ հայկական ամանորը։ Նկարել եմ Ամանորին, ով հին հայերի մոտ Նոր տարվա աստվածն էր, Վանատուրին, ով հյուրընկալության աստվածն էր։ Գրեթե բոլոր զգեստներիս վրա, նկարել եմ կենաց ծառը, զարդարված խնձորներով, նռով։ Վաճառելուց էլ բացատրում եմ գնորդներին գաղափարները, որոնք մեր Ամանորի հիմքում են»,– ասում է Սիրանույշը։

Սեփական բնակարանը վերածել է արվեստանոցի, որտեղ գույների տոնական շքերթ է։ Մի կողմում խնամքով դասավորված մետաքսե շարֆերն են, մյուս կողմում՝ պատկերազարդ զգեստները, բամբակից ու քաթանից նուրբ կանացի բաճկոնները, ձմեռ պապիկներով պայուսակները, տոնածառի փայտե խաղալիքները։

Ասում է, որ տոներին սկսում է պատրաստվել ամիսներ առաջ, վերդասավորում է մտքերը, թեմաները, գաղափարները և անցում աշխատանքի.

«Տոների նախօրեին տարբեր ցուցասրահներում կազմակերպվում են Christmas market-ներ, որտեղ ինձ նման շատ կանայք են ներկայացնում իրենց ձեռքի աշխատանքները՝ սկսած թխվածքներից մինչև տոնական զարդարանքներ, հագուստ։

Սա այն տոներից մեկն է, որն առիթ է դառնում որպեսզի մեր վաճառքն ավելանա։ Այս աշխատանքով լուծում ենք մեր սոցիալական խնդիրները։ Շատ կանայք հենց այս ճանապարհով են իրենց ընտանիքի հացը վաստակում»։

Մասնագիտությամբ Սիրանույշը պատմաբան է: Բայց դպրոցում ուսուցչի աշխատավարձն անհամեմատ ցածր է նկարչությամբ վաստակած գումարից։ Մեկ տասնամյակ է, ինչ նկարում է կտորի վրա: Այս տեխնիկան ու հմտությունները ուսումնասիրել է Սանկտ Պետերբուրգում։

«Սա կոչվում է բատիկ, ինչը նշանակում է ջրի կաթիլ կտորի վրա: Բատիկի հայրենիքը Ինդոնեզիան է։ Բայց նախաքրիստոնեական շրջանում ու դրանից հետո էլ հայերն ունեին կտորի վրա նկարչությունը։ Քրմերի, ավելի ուշ քահանաների հագուստների վրա նկարչություն էր արվում, դաջվածքներ։ Բատիկն իմ աշխատանքն է, ես սրանով եմ ապրում»,- ասում է Սիրանույշը։

Սկզբում նկարել է մետաքսի վրա ու նվիրել ընկերներին, հարազատներին: Ավելի ուշ սկսել է համագործակցությունը եկեղեցու, պատվերներ է ստացել տարբեր ցուցասրահներից ու խանութներից, որոնք հավանել են իր աշխատանքները: Հիմա նկարչուհին մասնակցում է տարբեր ցուցահանդեսների, փառատոնների, Երիտասարդ կանանց ասոցիացիայի և Կին ձեռներցների միության անդամ է։ Նրա գործերը վաճառվում են Հայաստանում հեղինակություն վայելող Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնում։

Սիրանույշը խնամքով դասավորում է Ամանորյա թեմաներով նկարազարդված զգեստներն ու բաճկոնները, պատրաստվում է հերթական ցուցահանդես-վաճառքին: Մեկ զգեստը նկարազարդելու համար նրան անհրաժեշտ է երեսուն րոպե: Մեկ ամսում նկարում է երեսուն զգեստ, ինչպես նաև բազմաթիվ պայուսակներ, շարֆեր, տոնածառի նկարազարդ խաղալիքներ.

«Արագ եմ աշխատում, միայն հաճախ ստիպված եմ սպասել, որ ներկը չորանա ու անցնեմ հաջորդ շերտին: Տեսնում եմ մտովի, պատկերացնում եմ ու նկարում։ Ես ոչ մի էսքիզ չեմ անում նախապես: Փորձում եմ բավարարել բոլոր հաճախորդների պահանջները: Սա բիզնես է, ու ինձ լավ եմ զգում, երբ մարդիկ գոհ են հեռանում։ Իսկ եթե հանկարծ փողոցում տեսնում եմ ինչ որ մեկին, ով իմ նկարազարդած շորերից է կրում, քիչ է մնում ուրախությունից բարձր բղավեմ. վա~յ, իմ շորն է»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում