Հասարակությունն իշխանություններին մեղադրում է, որ իսթեբլիշմենթին պատկանող հանցագործներն անպատիժ են մնում" />

Աղջկա բռնաբարությունն ու նրա քրոջ սպանությունն Աբխազիայում բողոքի ալիք է բարձրացրել

Հասարակությունն իշխանություններին մեղադրում է, որ իսթեբլիշմենթին պատկանող հանցագործներն անպատիժ են մնում

Անչափահաս աղջկա բռնաբարությունը, որի մեջ կասկածվում է Աբխազիայի հայտնի ընտանիքներից մեկի ներկայացուցիչը, և դրան հաջորդած աղջկա քրոջ սպանությունը շոկի մեջ է գցել աբխազական հասարակությանը: Այս իրադարձությունները քրեական հանցագործությունների անպատժելիության դեմ հանրային բողոքի ալիք են բարձրացրել:

Բռնաբարության մեղադրանք է առաջադրվել Աստամուր Ջոպուայի դեմ, որը նախագահական պաշտպանության ծառայության աշխատակից է: Ըստ նախնական տեղեկատվության՝ նա Ջագմազիա ընտանիքի տուն է եկել շատ խմած և, զենքով սպառնալով, բռնությամբ տարել 14-ամյա Լիաննային, ում մոտ աուտիզմ է ախտորոշվել: Նա աղջկան Էշերա գյուղ է տարել՝ լքված մարզաբազայի տարածք, այնտեղ վախեցրել կրակոցներով և բռնաբարել:

Դրանից հետո Սուխումի ծայրամասում գնդակահարվել է Լիաննայի քույրը՝ քսաներկուամյա Անժելա Ջագմազիան, որը ծանոթ էր Աստամուր Ջոպուայի հետ: Սպանության համար կասկածվում է աղջիկների հայրը՝ Ռուսլան Ջագմազիան: Նրա հանդեպ հետախուզում է հայտարարվել:

Այս ողջ սարսափելի պատմությունը մեկ այլ համատեքստ էլ ունի: Աստամուր Ջոպուան Աբխազիայի բարձրագույն իսթեբլիշմենթի ընտանիքի անդամ է. նրա եղբայրը՝ Ալմասը, խորհրդարանի պատգամավոր է, «Այնար» կուսակցության առաջնորդը: Նրա հորաքույրը՝ Տալի Ջոպուան, գլխավորում է պետական հեռուստառադիոընկերությունը: Տալիի ամուսինը ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան է:

Աստամուր Ջոպուան ինքն է հանձնվել իշխանություններին, սակայն հրաժարվում է խոստովանել իր մեղքը: Հրաժարվում է նաև ցուցմունք տալ: Իսկ հասարակությունում ավելի ու ավելի բարձրաձայն են խոսում այն մասին, որ իշխանական կառույցները գլուխ չեն հանում քրեական իրավիճակից և շատ դեպքերում կոծկում են հանցագործներին:

«Անհրաժեշտ է իրավապահ համակարգն ամբողջությամբ բարեփոխել: Այն ցույց է տվել իր լիակատար չկայացվածությունը, – ասում է Աբխազիայի հումանիտար ծրագրերի կենտրոնի տնօրեն Արդա Ինալ-իպան: – Հաճախ ոչ անաչառ հետաքննություն է ընթանում, հաշվի չեն առնվում ինչ-որ վկայություններ: Դեպքեր կան, երբ իշխանությունների ներկայացուցիչներին և նրանց հարազատներին զերծ են պահում պատասխանատվությունից՝ հաշվի չառնելով առանձին վկայություններ: Ես կարծում եմ, որ հանձնաժողովի մեջ պետք է կոմպետենտ մարդիկ լինեն, որոնք հնարավորություն կունենան ծանոթանալու նյութերի հետ, խորհրդարանի առջև հարցեր բարձրացնելու»:

Այս դեպքում ազդեցիկ ազգականները չեն փորձում քողարկել Աստամուրի արածը: Տալի Ջոպուան հրաժարական տվեց: Նրա ամուսինը՝ ներքին գործերի նախարարը, իր դրության երկիմաստության պատճառով որոշեց չընդհատել իր արձակուրդը, որում արդեն 10 օր է՝ գտնվում է: Մեղադրյալի եղբայրը՝ պատգամավոր Ալմաս Ջոպուան, սոցցանցերից մեկի իր էջում հայտարարություն է արել, որում ասել է, որ «վերջին մի քանի օրերն իմ և ընտանիքիս համար ամենածանրն էին մեր ողջ կյանքի ընթացքում… Երեխայի հանդեպ չարագործություն կատարածը, անկախ նրա սոցիալական կարգավիճակից, ազգությունից և ազգակցական կապերից, պետք է գոյություն ունեցող պատիժներից ամենախիստ պատիժը կրի»:

Մի խումբ կանայք, որոնք տարբեր հասարակական կազմակերպություններ են ներկայացնում, խորհրդարանին հատուկ ուղերձ են հղել, իսկ երկուշաբթի՝ հունիսի 19-ին, հանդիպել են խորհրդարանի պատգամավորներին:

«Հանցագործությունների անպատժելիությունը հասել է մի մակարդակի, որը սպառնում է փլուզել մեր պետականությունը: Եթե անչափահասի բռնաբարությունն ու նրա ավագ քրոջ սպանությունն անպատիժ մնան, մեր հասարակության քայքայման գործընթացն արդեն անդառնալի կդառնա: Մենք խնդրում ենք, որ Ժողովրդական ժողովը… հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծի հետաքննությունների հանդեպ խիստ վերահսկողություն իրականացնելու համար և ապահովի հանրության պարբերաբար իրազեկումն այդ հարցերի լուծման աշխատանքի ընթացքի մասին», – ասված է ուղերձում:

Հունիսի 19-ին այդ երկու հանցագործությունների առթիվ հայտարարությամբ հանդես է եկել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, որը հայտարարել է. «Ոչ մի ներում, ոչ մի արդարացում չպետք է լինի: Որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին փորձում է պաշտպանել»:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ

Կարդալ ավելին JAMnews-ում