Ադրբեջանում «սեփական» գեղասահք չկա, սակայն կարող էր այլ կերպ լինել" />

Աղջիկ, սառույց, պարաշյուտից զգեստ․ Նարգիզի պատմությունը

Ադրբեջանում «սեփական» գեղասահք չկա, սակայն կարող էր այլ կերպ լինել

Ն

արգիզը փորձում է չմուշկների քուղերը կապել, սակայն դրանք կրկին ու կրկին պատռվում են։ Այս կրկնվող երազը նա տեսնում է տարիներ շարունակ։

Նա 42 տարեկան է, ապրում է Ստամբուլում և լատինաամերիկյան պարեր դասավանդում։ Նրա տնից ոչ հեռու սիրողական սահադաշտ կա, սակայն Նարգիզն իրեն չի կարող ստիպել այնտեղ գնալ։ Գեղասահքը նրա համար դեռ ցավոտ թեմա է։

• Նուցան, որին ես նման եմ

• Ինչպե՞ս ներել սեփական հորդ

• Կին-լուսանկարիչներն իրենց մասնագիտության մասին

1990թ-ին Բաքվում բացվել էր նոր մարզացուցահանդեսային համալիրը։ Դրա հետ մեկտեղ՝ սահադաշտ և գեղասահքի խմբակ։ Հարավային քաղաքի չափանիշներով, որտեղ ջերմաստիճանը գրեթե երբեք զրոյից ցածր չի լինում, դա իսկական հրաշք էր։

Նարգիզն այդ խմբակում էր հայտնվել 12 տարեկանում, այն էլ՝ պատահմամբ։ Հետաքրքրասիրությունից դրդված ընկերուհու հետ եկել էր։ Եվ միանգամից սիրահալվել էր սառույցին։

«Ես ապրում էի մարզումից մարզում։ Դա բնավ ամենաերջանիկ ժամանակները չէին, ինչպես հիմա հասկանում եմ։ Սակայն այն ժամանակ սառույցն ինձ համար բացարձակ երջանկության աղբյուր էր»։

Համադասարանցի տղաները նրան ծաղրում էին․ «Արի մենք սառած ջրով թաս բերենք, ցույց տուր, թե ինչ ես կարողանում անել»։ Սակայն Նարգիզն ուշադրություն չէր դարձնում, թող ծաղրեն։ Գլխավորը մինչև ցերեկը տասնմեկը համբերելն է։

Ուղիղ տասնմեմկին նա շտապելու է ավտոբուսի կանգառ։

Նարգիզը դեռ շատ երիտասարդ է՝ հասկանալու համար, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է, և երկրում քաոս է։ Սակայն նա գիտի, որ տրանսպորտը լավ չի աշխատում, և ավտոբուսները գրեթե միշտ լեփ-լեցուն են։ Լավ է, եթե կարողանա գոնե կիսով չափ խցկվել ավտոբուսի մեջ և գնալ՝ կախվելով ոտնակից։ Մի ուսին՝ դպրոցական պայուսակը, մյուսին՝ չմուշկներով և մարզահագուստով պայուսակը։

Ավտոբուսը ճռճռալով և գմփգմփալով հասնում է Թբիլիսյան պողոտա, և ահա, վերջապես, առջևում մարզահամալիրի շենքն է, որը նման է հսկայական գորշ թմբուկի։

Մարզումները տևում էին մինչև երեկոյան հինգը-վեցը։ Սկզբից նախավարժանքն էր դահլիճում, հետո ձգումներն, այնուհետև՝ բալետի դասերը։ Դրանից հետո աղջիկները սահադաշտ էին դուրս գալիս, որտեղ նրանց առանց որևէ ուրախության դիմավորում էր մարզիչ Ամիր Կասիմովիչը։ Լինելով տակավին երիտասարդ, հռչակավոր գեղասահորդ Զայցևի աշակերտն, ինքն էլ չէր դեռ հասցրել «հավեսը հանել» գեղասահքից, երբ ստիպված էր եղել հրաժարվել մարզական կարիերայից վնասվածքի պատճառով։

«Այն ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ սպորտում գլխավորը ոչ թե տաղանդն է կամ աշխատասիրությունն, այլ հաջողությունը։ Ամիր Կասիմովիչին հաջողությունը չէր ժպտացել, և դա անդրադառնում էր մեզ հետ նրա հարաբերությունների վրա։ Նա մեզ հետ հաճախ կտրուկ էր և նույնիսկ կոպիտ։ Սակայն մենք, այնուամենայնիվ, սիրում էինք նրան, որովհետև նա մեզ սովորեցնում էր։ Հատկապես, որ երկրորդ մարզիչը, որն ավելի ուշ հայտնվեց, ավելի վատն էր․ նա ոչինչ չէր բացատրում, միայն գոռում էր մեզ վրա և պահանջում նիհարել»։

Նրանց վրա ընդհանրապես անընդհատ բղավում էին, վիրավորում, հայհոյում՝ տարիքային ոչ մի զիջում չանելով։ Սակայն աշխարհում ոչինչ չէր կարող Նարգիզին ստիպել ինքնակամ բաց թողնել մարզումը։

Սպորտային համալիրը մինչև վերանորոգումը, 2014թ, լուսանկարը` prezident.az կայքից

Գ

եղասահքի իսկական գեղեցիկ զգեստ գնելու փող չկար, և վաճառքի տեղ էլ չկար։ Կոստյումները վերաձևվում էին հին հագուստից կամ ցանկացած այլ քիչ թե շատ համապատասխան կտորից։

«Ես նույնիսկ պարաշյուտից զգեստ ունեի։ Պապիս զարմիկը, որը ռազմական բժիշկ էր, մի անգամ դուրս գրված վառ նարնջագույն պարաշյուտ էր բերել, և ինձ համար զգեստ կարեցին։ Իսկ հատուկ պատյանները, որոնք հագցվում են չմուշկների վրա հանդերձարանից սահադաշտ հասնելու համար, շքեղություն էին, որոնք ոչ բոլորն ունեին։ Դրանց փոխարեն ես ռետինի կտորներ էի օգտագործում, չմուշկներին էի փաթաթում պարանով։ Ընկերուհիներիցս մեկի հայրն էր հորինել»։

Ն

արգիզը 14 տարեկան էր։ Կարճ ամառային արձակուրդից հետո գեղասահորդները վերադարձել են խմբակ և հայտնաբերել, որ սահադաշտ էլ չկա։

«Ես մինչև վերջին պահը սպասում էի, որ սառույցը գցելու են։ Նույնիսկ ինքս եմ գնացել և խոսել տնօրենի հետ։ Չէի հավատում, որ նման բան հնարավոր է, պահանջում էի ցույց տալ ինձ մարզումների դահլիճը։ Ինձ համար այն բացեցին, և ես սահադաշտի տեղը մեծ ջրափոս տեսա։ Դա սարսափելի էր։ Ես ինձ այդ պահին կորցրի»։

Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիրն այսօր։ Լուսանկարները՝ երիտասարդության և սպորտի նախարարության կայքից

Ի՞նչ էր պատահել։

Սահադաշտի սառեցման համակարգն անորակ էր և շարքից դուրս էր եկել։ Մարզահամալիրը, որը սկզբում պետության հաշվառման տակ էր, անցել էր ինքնաապահովման։ Սահադաշտ պահելն անթույլատրելի շքեղություն էր։

Այդ ամենի մասին պատմել է Ռաֆիկ Բեյբութովն՝ այն նույն տնօրենը, որի կաբինետը «գրոհել է» երբեմնի 14-ամյա Նարգիզը։ Նա մինչ այսօր մարզահամալիրի ղեկավարն է, որն այժմ կոչվում է «Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիր»։ 2015թ-ին այն կապիտալ վերանորոգվել է, և այժմ այնտեղ տարբեր մարզաձևերի մրցումներ և խոշոր արդյունաբերական ցուցահանդեսներ են անցկացվում։

Խոսում էին նաև սահադաշտի վերակագնման մասին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Քանի որ պրոֆեսիոնալ սահադաշտ պահելը հոգսաշատ և դժվար գործ է, իսկ գեղասահքն Ադրբեջանին ոչ բնորոշ մարզաձև է, որպեսզի դրա համար ջանքեր թափեն։

Արդյունքում, հիմա Ադրբեջանը սեփական գեղասահորդներ չունի, իսկ միջազգային մրցաշարերին երկիրը ներկայացնում են լեգիոներները։ Թեև, Նարգիզի կարծիքով, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել․

«Մեր խմբակում տաղանդավոր աղջիկներ կային։ Հնարավոր է, որ մեզնից աստղեր դուրս գային։ Բայց մենք կարող էինք նաև լավ մարզիչներ դառնալ և մեր գեղասահորդների նոր սերունդ դաստիարակել։ Լեգիոները երբեք այնպես մոտիվացված չի լինի, ինչպես սեփական երկիրը ներկայացնող մարզիկը»։

Երբեմն, շատ հազվադեպ, Նարգիզը երազում տեսնում է, որ սահադաշտ է դուրս գալիս, թեթև ու վստահ սահում է, բարդ ցատկեր է կատարում։ Եվ ուրախանում է, որ այդքան տարի չի մոռացել սահելը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում