Այն հարցի պատասխանը, թե ինչ իրավունքներ, հնարավորություններ և հեռանկարներ ունեն Ղարաբաղի կանայք, բավականին տխուր է հնչում" />

Աղջիկներին չի կարելի աշխատել

Այն հարցի պատասխանը, թե ինչ իրավունքներ, հնարավորություններ և հեռանկարներ ունեն Ղարաբաղի կանայք, բավականին տխուր է հնչում

Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյան

Հարցը պարզ էր հնչում. ինչպե՞ս են իրենց նույնականացնում կանայք Ղարաբաղում, ի՞նչ իրավունքներ, հնարավորություններ ու հեռանկարներ ունեն նրանք:

Պարզվեց՝ այդ հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Սակայն որքան էլ համատեքստը բարդ լինի, տարբեր կանանց, տղամարդկանց, փորձագետների և գենդերային քաղաքականության համար պատասխանատու պաշտոնական անձանց հետ զրույցի արդյունքում հետևյալ եզրահանգումը ձևավորվեց. Ղարաբաղում կնոջ կյանքի գործը կոկիկ տունը, երեխաներն ու ամուսին է: Եվ վերջ:

Բռնություն առանց բռնության

Ղարաբաղի պաշտոնական կառույցներում կանայք ներկայացված են, իսկ որոշներում՝ անգամ բավականին շատ: Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ 4 կին պատգամավոր է եղել (պատասխանատու են եղել շինարարության, արդարադատության, սոցիալական ապահովության և մշակույթի համար):

Այդ մի քանի կանայք բոլորի տեսադաշտում են: Մնացած բոլորի համար լայն տարածում ունեն այլ կանոններ ու ավանդույթներ:

Դուստրերի, կանանց և հարսների՝ բարձրագույն կրթություն ստանալը խրախուսվում է, դիպլոմը հարգի է: Սակայն հետո գալ ու աշխատելու, այն էլ՝ լրիվ դրույքով, ինչպես նաև կարիերա անելու համար ամուսնու թույլտվությունն է պետք: Իսկ երբ այդ թույլտվությունը կա, կինը պետք է գիտակցի, որ սկզբից նա պետք է ապահովի տան, երեխաների, ամուսնու կոկիկությունը, իսկ դրանից հետո կարող է աշխատել և կարիերա ձևավորել:

«Նման մոտեցումն ինքն իրենով բռնություն է: Սակայն շատ կանայք անգամ չեն գիտակցում դա, քանի որ բռնի գործողություն ասելով նրանք հասկանում են միայն ծեծը կամ, լինում է նաև, սպանությունը», – ասում է Կանանց ռեսուրս կենտրոնի տնօրեն Գայանե Համբարձումյանը:

Գայանեն պատմում է, որ իր անցկացրած քննարկումների և թրեյնինգների ժամանակ նրան տարակուսանքով հարցնում են. մի՞թե բռնությունը բռնաբարությունը չէ: Եվ նույնիսկ երբ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, շատերը չեն ուզում ընդունել, որ բռնության են ենթարկվում, և իրենց փորձը երրորդ դեմքով են ներկայացնում:

Ֆիզիկական բռնություն

Ղարաբաղում կանանց ծեծում են: Եվ հաճախ են ծեծում: Ընդ որում, կանայք հաճախ են արդարացնում ամուսիններին, օրինակ, նրանով, որ «նա պարզապես հարբած էր»:

«Բռնության դեպքերը հաճախ կրկնվում են: Եվ շատ հաճախ ընտանեկան բռնությունը դիտարկվում է որպես պատերազմի «ժառանգություն», – ասում է Հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբան Գեղանուշ Սաֆարյանը:

«Պատերազմի ընթացքում տղամարդկանցից շատերը կոնտուզիա են ստացել: Դա հաճախականությամբ երկրորդ խնդիրն է. նրանք նյարդային անկումներ են ունենում և ծեծում են իրենց կանանց»:

Լինում են դեպքեր, երբ կնոջը ծեծում է ոչ թե ամուսինն, այլ սկեսուրը: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության կենտրոնի հոգեբան Իննա Պետրոսյանը չի կարողանում մոռանալ, թե ինչպես մի անգամ սկեսուրը հարսին պարզապես հրեց հոգեբանի սենյակ:

«Նա ցանկանում էր ներկա գտնվել մեր զրույցին, ես բնականաբար արգելեցի: Երբ սկեսուրը դուրս եկավ, կինը սկսեց պատմել, թե ինչպես է սկեսուրն իրեն ստիպում հղիությունն ընդհատել», – պատմում է Իննա Պետրոսյանը:

Ընտանիքում արդեն երկու աղջիկ էր ծնվել, և սկեսուրն ուզում էր, որ երրորդը տղա ծնվի: Եվ հարսն արդեն մի քանի անգամ ընդհատել էր հղիությունը:

Աշխատել արելի է միայն ընտանեկան բիզնեսում

Ղարաբաղում քիչ չեն այն ընտանիքները, որոնցում ամուսինը կնոջը թույլ չի տալիս աշխատել:

«Ամուսինս, այո, աշխատում է: Իսկ ես տան գործերն եմ անում: Նա ինձ թույլ չի տալիս աշխատանքի գնալ», – պատմում է 43-ամյա Ջուլիետան:

35-ամյա Արմինեն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է: Ասում է, որ ամուսինն իրեն թույլ է տվել աշխատել ընդամենը մի-երկու տարի առաջ: «Դրանից առաջ նա չէր համաձայնում, սակայն երբ երեխաները մեծացան, և ծախսերն աճեցին, նա ստիպված էր ինձ թույլ տալ աշխատել: Այլ տարբերակ չկար, նրա եկամուտն ակնհայտորեն չէր հերիքում»:

Լինում են նաև դեպքեր, երբ երիտասարդ հարսին նոր ընտանիքում ստիպում են կամ թողնել ուսումը, կամ հեռակա ուսուցման անցնել: Դա հաճախ է պատահում, երբ նորապսակներն ուսանող են լինում:

Մի քանի տարի առաջ Ղարաբաղում օրենք ընդունվեց, որը թույլ է տալիս ամուսնանալ 17 և անգամ 16 տարեկանում այն պայմանով, որ առկա է ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությունը, ինչպես նաև եթե զույգերից մեկի 18 տարեկանը լրացել է: Ստացվում է, որ հանրապետությունում օրինականացրել են մի իրավիճակ, երբ աղջիկները դպրոցն ավարտելուց հետո կամ նույնիսկ չավարտած միանգամից ամուսնանում են՝ ուսումը կիսատ թողնելով՝ հայրերի և ամուսինների որոշմամբ:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի հոգեբան Գեղանուշ Սաֆարյանի խոսքով՝ ամուսնության 4-րդ-5-րդ տարվանից կանայք սկսում են զղջալ, որ իրանց զրկել են կրթույթուն ստանալու իրավունքից:

«Հաճախ եմ լսում, որ կանայք ասում են. ամուսինս չթողեց՝ սովորեմ, – ասում է հոգեբանը: – Սակայն դա ընտանեկան բռնության թերևս ամենաանմեղ արտահայտումներից է»:

Ղեկավար կանայք

Այնուամենայնիվ, ասել, որ Ղարաբաղում բնակվող բոլոր ընտանիքներում նման իրավիճակ է տիրում, սխալ կլինի: Քիչ չեն դեպքերը, երբ կանայք ոչ միայն ազատ են աշխատանքի ընտրության հարցում, այլ նաև բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Հիմա Ղարաբաղում միայն մի կին նախարար կա: Խորհրդարանի 33 պատգամավորներից 5-ը կին է: 7 վարչական շրջաններից ոչ մեկը կին չի գլխավորում: Նման բան երբեք չի էլ եղել:

Լուսանկարը՝ Մարիամ Սարգսյան
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 26.10.2016

Կարդալ ավելին JAMnews-ում