Պաշտոններից ազատվել են ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները, որոնք նշանակվել էին «թավշյա» հեղափոխությունից հետո դրա առաջնորդի և վարչապետի կողմից և նրա հավատարիմ համախոհներն էին համարվում" />

Աղմկահարույց հրաժարականներ Հայաստանի ուժային կառույցներում․ պատճառները չեն հայտարարվում

Պաշտոններից ազատվել են ոստիկանության և ԱԱԾ ղեկավարները, որոնք նշանակվել էին «թավշյա» հեղափոխությունից հետո դրա առաջնորդի և վարչապետի կողմից և նրա հավատարիմ համախոհներն էին համարվում

Արթուր Վանեցյան, Հայաստանի ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան
Արթուր Վանեցյան, Հայաստանի ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան

Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Վալերի Օսիպյան (ձախից աջ)

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի աղմկահարույց հրաժարականին, որի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսին, հետևել է ոստիկանության ղեկավար Վալերիյ Օսիպյանինը։

Այս հրաժարականները սենսացիոն են այն պատճառով, որ ուժային կառույցների երկու ղեկավարներն էլ նշանակվել էին «թավշյա հեղափոխությունից» հետո դրա առաջնորդ և Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողմից։ Ընդ որում, նրանք նշանակվել էին՝ չնայած հասարակության զարմանքին և քաղաքական գործիչների մի մասի կարծիքին, թե նրանք չեն համապատասխանում այդ պաշտոններին։ Իսկ վարչապետը նույնիսկ բացատրություններով հանդես եկավ, թե ինչու է նրա ընտրությունը կանգ առել հենց այդ թեկնածությունների վրա։ Մասնավորապես, Փաշինյանն ասում էր, որ նրանք կապված չեն նախորդ իշխանության հետ, «կլանի անդամ չեն»։

«Հեղափոխականների» կառավորության և Նիկոլ Փաշինյանի կասկածելի նշանակումների մասին

Նոր և հին դեմքեր Հայաստանի նոր կառվարությունում

Ոստիկանության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը հայկական լրատվամիջոցներում հայտնվեցին դեռ սեպտեմբերի 17-ին։ Դրանք հաստատվեցին հաջորդ իսկ օրը։ Սակայն երկու հրաժարականների պատճառներն էլ պաշտոնապես չեն բացատրվում։

Ենթադրություն ոստիկանության ղեկավարի հրաժարականի պատճառների մասին

Լրատվամիջոցներում այս առթիվ դեռ միայն մեկ ենթադրություն կա։ Նշվում է, որ ոստիկանության ղեկավարի հրաժարականի պատճառն այն է, որ Վալերիյ Օսիպյանը հրաժարվել է ցրել Ամուլսարի ոսկու հանքի ճանապարհն արգելափակող ցուցարարների ակցիան։

«Թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո հանքի հարակից բնակավայրերի բնակիչները փակել են դրա ճանապարհը։ Բանն այն է, որ ոսկու արդյունահանման համար այստեղ տարեկան մոտ 100 տոննա նատրիումի ցիանիդ է օգտագործվելու, և մարդիկ անհանգստանում են իրենց կյանքի և իրենց երեխաների ապագայի համար։

Սակայն վարչապետն արդեն մի քանի անգամ ելույթ է ունեցել ֆեյսբուքյան իր էջում և ակտիվիստներին խնդրել բացել ճանապարհը։ Նա որպես փաստարկ հայտնել է, որ հանքի տարածքում շինարարական աշխատանքները վերսկսվելու են 2020թ-ի ապրիլից ոչ շուտ։ Նա խոսել է նաև այն մասին, որ որևէ խախտման դեպքում հանքը կփակվի 90 օրվա ընթացքում։

Սակայն դեպի հանք տանող ճանապարհը նախկինի պես արգելափակված է։ Եվ արդեն առկա է այն բացելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը։ Լուրեր են շրջանառվում, թե վարչապետն արդեն հանձնարարել է բացել դեպի հանք տանող ճանապարհները։

Ամուլսարի հանքի աշխատանքն արգելելու հիմքեր չկան․ վարչապետը խնդրում է բացել ճանապարհը

ԱԱԾ ղեկավարի առաջին մեկնաբանությունը հրաժարականից հետո

Հայկական լրատվամիջոցներում Վանեցյանի հարժարականն, առաջին հերթին, կապեցին Հայաստանի նախորդ իշխանությունների հետ։ Դա տարօրինակ էր, քանի որ հեղափոխությունից հետո հենց նա էր պարբերաբար հայտարարում հերթական աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մասին, որը կապված էր «նախորդների» հետ։

Եվ Արթուր Վանեցյանն արդեն մեկնաբանել է այդ լուրը․

«Հրաժարականի որոշումը կայացնելիս չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ, տեղյակ եմ պահել միայն ընտանիքիս անդամներին՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս, հայտնել նրանց իմ հրաժարականի մասին և ընդունել այդ որոշումը։ Այն մտածված էր և հստակ»։

Վանեցյանը խորհուրդ է տվել նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին չմիջամտել ներկայիս իշխանությունների հետ իր հարաբերություններին։ Նա հերքել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի և Վատիկանի նախկին դեսպանի հետ որևէ կապը․

«Որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև: Վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն: Կլինի քննություն և քննությունը պատասխանը կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա, կանգնի օրենքի առջև, թե՞ չպետք է կանգնի»։

Ի պատասխան նրա այս հայտարարություններին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Միքայել Մինասյանը․

«Հետևում եմ Արթուր Վանեցյան – Նիկոլ Փաշինյան էպոպեային: Չգիտեմ, թե օրենքի առաջ այդ ինչ «շատ հարցերի» պիտի պատասխանեմ ես, որովհետև ձևակերպված իրավական հարցերի գոյության մասին տեղյակ չեմ, և դրանք, որպես այդպիսիք, ուղղակի չկան: Փոխարենը կան անպատասխանատու հայտարարություններ և ջղաձիգ հրապարակային «հանձնարարականներ»:

Մինչդեռ հենց ինքը` Արթուր Վանեցյանն է շատ շուտով ստիպված լինելու բացատրություններ տալ քաղաքական պատվերով մարդկանց վրա գործեր կարելու համար»։

Որո՞նք են ԱԱԾ պետի հրաժարականի պատճառները

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի պատճառներն այնուամենայնիվ չի նշել

«Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը», – գրել էր Վանեցյանն ԱԱԾ ֆեյսբուքյան էջում։

Սակայն նրա հաղորդագրության մեջ քննադատություն կար․

«Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։

Փաշինյանն ասել է, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը Վանեցյանի հայտարարությունում, և հրաժարվել է խոսել ԱԱԾ պետի հրաժարականի մանրամասների մասին։ Նա վկայակոչել է այն, որ դա այն պաշտոնը չէ, «որը կարելի է հանրային ձևով քննարկել»։ Վարչապետը միայն խոսել է արդեն նախկին «ուժայինի» ապագա գործունեության մասին, և այդ հայտարարությունը Հայաստանում վիրավորական են համարել Վանեցյանի համար

«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա [Վանեցյանը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է — JAMnews]»։

Ահա հիմնական ենթադրությունները, որոնք վերաբերում են ԱԱԾ ղեկավարի հրաժարականին․ 

• Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավարի անձնական զրույցի գաղտնալսումը, երբ նրանք քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը;

• Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա դժգոհ է կոռուպցիոն գործերի բացահայտման տեմպերից;

• քրեական գործը «թավշյա» հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանի համախոհ, հետագայում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ;

• Վանեցյանի մասնաբաժինը վառելիքի բիզնեսում։

Սենսացիոն հրաժարական Հայաստանի վարչապետի թիմում․ Փաշինյանը հաղորդել է ԱԱԾ ղեկավարի հեռանալու մասին

Սկանդալային գաղտնալսում

Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետ եղած ժամանակահատվածում կարողացավ դառնալ Փաշինյանի թիմի ամենապոպուլյար պաշտոնյաներից մեկը։ Նա կարողացավ իր վարկանիշը և ուժային կառույցի իմիջը բարձրացնել աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումների շնորհիվ։

Իրավիճակը փոխվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հեռախսազրույցի գաղտնալսման հետ կապված սկանդալի ժամանակ։ Այն ժամանակ ուժային կառույցների ղեկավարները քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը։

 • Հայաստանում նոր սկանդալ է․ համացանցում է հայտնվել բարձրաստիճան ուժայինների մասնավոր զրույցի աուդիոձայնագրությունը

2019թ-ի հունիսին Վանեցյանը խոստովանել է, որ ամաչում է խոսակցության գաղտնալսման փաստից, սակայն ոչ բովանդակությունից․

«Աշխարհի հզորագույն պետությունների ղեկավարներից սկսած ու վերջացրած մնացածից, նմանատիպ պատմության մեջ հայտնվել են, և մենք այսօր փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նման դեպքերը այլևս բացառենք»։

Թե ով է կազմակերպել գաղտնալսումը և հրապարակել համացանցում երկու ուժայինների խոսակցությունը, մինչև հիմա հայտնի չէ, կամ էլ չի հայտարարվում։

Ինչի՞ց է դժգոհ Փաշինյանը

Վանաձորում սեպտեմբերի 16-ին կայացած աուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է 2019թ-ի հուլիսին կոռուպցիայի դեմ պայքարի անբավարար մասշտաբների մասին իր հայտարարությունը։

Այն ժամանակ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստին վարչապետն ասել էր․

«Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում և տեղի չի ունենում այն ծավալներով և արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին»։

Քանի որ կոռուպցիոն գործերի բացահայտման համար հիմնական պատասխանատվությունն ԱԱԾ-ի վրա է, շատերը կարծեցին, թե դա է Վանեցյանի հրաժարականի պատճառներից մեկը։

 Դավիթ Սանասարյանի գործը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը հասել է արդեն վարչապետի թիմին

Շատերը կարծում են, որ այդ գործը բացասաբար է ազդել Փաշինյանի հեղինակության վրա, քանի որ Սանասարյանը «թավշյա» հեղափոխության օրերին վարչապետի ամենամոտ համախոհներից էր։

Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ ստուգումների արդյունքում։

2019թ-ի ապրիլին Վանեցյանը հայտարարեց, որ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքները լիովին հիմնավոր են։

Եվ այդ ժամանակ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Վանեցյանի և Փաշինյանի միջև «սև կատու է անցել»։

Վանեցյանն անմիջապես հերքեց այդ լուրերը․

«Դուք այդպիսի բա՞ն եք նկատել»։

Սակայն Դավիթ Սանասարյանի գործը փաստացի փակուղի է մտել։ Սեպտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետն իր փաստաբանների հետ ուսումնասիրել է իր դեմ հարուցված քրեական գործի նյութերը և որոշել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնել։ Նրա խոսքով՝ քրեական գործի նյութերում չարաշահումների մասին տվյալներ չկան։

Մասնաբաժին վառելիքի բիզնեսում

2019թ-ի գարնանը հայկական լրատվամիջոցները գրել էին , որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մասնաբաժին ունի վառելիքի բիզնեսում։ Տեղեկություններ էին հրապարակվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջարկել է նրան դուրս գալ այդ ոլորտից, որպեսզի դրանում նոր խաղացողներ հայտնվեն։

Մարտի վերջին Վանեցյանը բրիֆինգի ժամանակ հերքել էր այդ լուրերն ու հայտարարել, որ «իր ընտանիքը վառելիքի և նավթամթերքի շուկայի հետ ընդհանուր ոչինչ չունի»․

«Եթե ես սկսեմ դատի տալ իմ մասին գրող մարդկանց, ուղղակի խայտառակություն կլինի։  Ես հերքում եմ այդ նյութը և խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին ևս հերքումով հանդես գալ, որովհետև օգտագործել իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց նյութը շատ կարդացվի, ուղղակի ամոթալի է»։

Ի դեպ, այդ ժամանակ նա մեկնաբանել էր նաև իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը․

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից, որովհետև, այո, որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում․․ Դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, թե մենք գործել ենք քմահաճույքով։  Մենք գործում ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն»։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուքի հայկական տիրույթի օգտատերերն ակտիվորեն մեկնաբանում են Վանեցյանի հրաժարականը։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Լավ մարդ է, ափսոս, որ հրաժարական տվեց։ Միևնույն է, շատ ենք նրան հարգում և հույս ունենք, որ ծանրակշիռ պատճառ կա»։

«Իսկական տղամարդ և սպա։ Բրավո»։

«Հենց հետախուզությունն է պետության աչքերն ու ականջները։ Այդ պատճառով էլ ավանդաբար մեր հանրապետության պատմության մեջ հատուկ ծառայություններին և արտաքին հետախուզական մարմիններին առաջնահերթ ուշադրություն է դարձվել պետության բարձրագույն անձանց կողմից։ Իմ կարծիքով, պատճառը, հնարավոր է, արտաքին գործոնն է, այսինքն՝ երկրի նախորդ ղեկավարության կողմից է ստեղծվել այս իրավիճակը»։

«Հույս ունեմ, Հայաստանի ապագա վարչապետն եք դառնալու»։


Կարդալ ավելին JAMnews-ում