Իրավական տեսանկյունից ամեն ինչ արված է Արմավիրի սանիտարական մաքրության համար, սակայն քաղաքը աղբանոցի է վերածված" />

Աղբանոց՝ որտեղ պատահի

Իրավական տեսանկյունից ամեն ինչ արված է Արմավիրի սանիտարական մաքրության համար, սակայն քաղաքը աղբանոցի է վերածված

Համայնքի մաքրությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների առաջնային խնդիրն է: Քաղաքային համայնքների տարեկան բյուջեի շուրջ 40 տոկոսն ուղղվում է համայնքի աղբահանմանը և բարեկարգմանը: Արմավիր քաղաքում այդ նպատակով ստեղծված է առանձին կառույց՝ «Բարեկարգում» տնօրինություն, որն իրականացնում է այդ աշխատանքները:

Իրավական տեսանկյունից, կարծես, ամեն ինչ արված է քաղաքի սանիտարական մաքրության համար, սակայն քաղաքը, բացառությամբ կենտրոնական հատվածի, աղբանոցի է վերածված:

 

 

Խնդիրը կայանում է նրանում, որ «Բարեկարգում» տնօրինությունը, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ, ի զորու չէ պատշաճ մակարդակի վրա պահել քաղաքի մաքրությունը: 3 միավոր հնամաշ տեխնիկական միջոցներից  երկուսը, իսկ լավագույն դեպքում՝ մեկը, խափանման պատճառով անգործության են մատնված, իսկ անվադողերի բացակայությունն ու վառելիքը խրոնիկ խնդիրներ են:   

Ըստ «Բարեկարգում» տնօրինության, նախատեսված է բազմաբնակարան շենքերի աղբահանությունը կատարել ամենօրյա գրաֆիկով, իսկ մասնավոր հատվածում՝ շաբաթը երկու անգամ, սակայն գրաֆիկը գործում է միայն քաղաքի կենտրոնական հատվածի բազմաբնակարան շենքերի համար: Մասնավոր սեկտորում ամիսը մեկ անգամ աղբահանությունը դարձել է ավանդույթ, այն էլ՝ վարձավճարները հավաքագրելու առիթով: Նշենք, որ աղբահեռացման համար քաղաքացիները վճարում են 100 դրամ ընտանիքի ամեն անձի համար:

Ամիսը մեկ աղբահանություն կատարելը, հատկապես ամռան ամիսներին, լիարժեք պատկերացում է տալիս Արմավիր քաղաքի հակասանիտարական  իրավիճակի մասին: Պատկերն ամբողջական է դառնում երեկոյան ժամերին, երբ աղբակույտերի շուրջ են հավաքվում թափառող շները, որոնց կաղկանձն ու գզվրտոցը ամբողջ գիշեր ստիպված են լսել բնակիչները:

Բնակիչների բողոքներին ի պատասխան հնչում են արդեն տարածված պատասխանները՝ մեքենա չկա, անվադող չկա, վառելիք չկա, աշխատավարձը շատ քիչ է և այլն:

Աղբահանության խնդիրը մշտապես Արմավիր քաղաքի ավագանու նիստերի քննարկման առարկան է: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը սկզբում կարծում էր, որ «Բարեկարգում» տնօրինության ղեկավարին փոխելով կարող է հարցը լուծվել: Ավելի ուշ մտածեց, որ խնդրի լուծումը կարելի է գտնել աշխատողների աշխատավարձերի կրկնապատկմամբ, սակայն մինչ օրս քաղաքապետի մտքով չի անցնում, որ քաղաքի մաքրությունն ուղիղ համեմատական է տեխնիկական միջոցների քանակին, և հարցը ոչ միայն անձերից կամ աշխատավարձի չափից է կախված, այլ տեխնիկական պարկի համալրումից:

 

Արմավիր քաղաքում փողոցների մոտ 50 տոկոսը ասֆալտապատ ծածկույթ չունի: Փոշին, աղբը, շոգը, թափառող շները, խմելու համար մատակարարվող ոչ պիտանի ջուրը և կոյուղաջրերի մաքրման կայանի բացակայությունը համաճարակի համար ստեղծում են բարենպաստ պայմաններ:  

Գյուղական համայնքների մուտքերը ոչ թե ցուցանակով, այլ աղբակույտով է նշմարվում

Աղքատիկ բյուջեով բազմաթիվ գյուղական համայնքների իշխանություններ իրենց պարտադիր լիազորության ցանկից հանել են համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրությունը: Նման գյուղերում բնակիչներն իրենց ուժերով  են իրականացնում աղբահանությունը՝ «տնից հեռու» սկզբունքով: Արդյունքում Արմավիրի մարզի համայնքները շրջապատված են կենցաղային աղբի կույտերով:

Գյուղական համայնքներում մեղավոր գտնելը բավականին բարդ է, քանի որ գյուղերի  կեսից ավելին ընդհանրապես չունի տեխնիկական միջոց աղբահանության համար, հետևաբար բնակիչների հետ չունի աղբահեռացման պայմանագիր, չունի նաև աղբավայր: Գյուղապետարանները խնդիրը կապում են բյուջեի սղության հետ և անտեսում են նույնիսկ գյուղերի շրջապատը աղբից մաքրելու վերաբերյալ Արմավիրի մարզպետի հանձնարարականը: Արդյունքում տուժում են բնակիչները, ովքեր ապրում են աղբակույտերի  և ճանճերի հարևանությամբ և ստիպված են շնչել աղբի գարշահոտը:

Հրապարակվել է՝ 21.11.2016

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում