Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը" />

Հոլիվուդի աստղերը սև զգեստ էին հագել ի նշան սեռական ոտնձգություններից տուժած կանանց հետ համերաշխության

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը: Այն համարվում է ամերիկյան կինոինդուստրիայի ամենակարևորներից մեկը: Մրցանակը շնորհում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան:

Միանգամից մի քանի անվանակարգերում հաղթել է անգլիացի ռեժիսոր Մարտին Մաքդոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը: Այս ֆիլն էլ հենց արժանացել է «Ոսկե գլոբուսի» ամենահեղինակավոր մրցանակին՝ լավագույն դրամատիկ ֆիլմ:

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսիրություն» ֆիլմը, որը հավակնում էր օտար լեզվով լավագույն ֆիլմի մրցանակին, տեղը զիջել է գերմանական «Եզրագծին» ֆիլմին:

Մրցանակաբաշխությանը մասնակցած դերասանուհիների մեծ մասը սև զգեստ էր հագել: Այդպիսով նրանք աջակցություն են հայտնել նրանց, ովքեր երբևէ ենթարկվել են սեռական ոտնձգությունների:

Հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին լոսանջելեսյան հյուրանոցի բեմից, որտեղ անցկացվում էր հանդիսավոր արարողությունը, շնորհակալական ելույթ է ունեցել՝ ուղղված այն կանանց, ովքեր համարձակություն են ունեցել պատմելու սեռական ոտնձգությունների մասին:

Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ամերիկյան լրատվամիջոցներում վերջին մի քանի ամսվա քննարկումների գլխավոր թեման սեռական ոտնձգությունների խնդիրն էր: Կինոինդուստրիայի միանգամից մի քանի խոշոր ներկայացուցիչ զրկվեց բազմամիլիոնանոց գործարքներից և հեղինակությունից նման մեղադրանքների պատճառով:

Հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեփական ընկերությունն աշխատանքից ազատեց այն բանից հետո, երբ տասնյակ դերասանուհիներ նրան մեղադրեցին ոտնձգությունների համար:

«Խաղաթղթե տնակ» հայտնի սերիալի գլխավոր դերակատար Քևին Սփեյսին զրկվեց «Էմմի» մրցանակից այն բանից հետո, երբ 15 երիտասարդ հայտարարեց, որ Սփեյսին իրենց հանդեպ ոտնձգություն է կատարել: Դերասանը քամինգ-աութ արեց՝ հայտարարելով իր միասեռականության մասին, սակայն դա էլ նրան չփրկեց «Խաղաթղթե տնակի» սեփականատերերը՝  Netflix ծառայությունը նրա հետ գործարքը լուծարեց:

#Metoo-ն, որն ի աջակցություն տուժած կանանց գլոբալ ակցիայի անվանումն է, դարձել է 2017թ-ի ամենապոպուլյար արտահայտությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում