Ակցիայի չորս մասնակից երեք շաբաթ բանտում կանցկացնի" />

Ակցիա՝ ի պաշտպանություն բանտում հացադուլ անող ադրբեջանցի բլոգերի․ տուգանքներ և կալանքներ

Ակցիայի չորս մասնակից երեք շաբաթ բանտում կանցկացնի

Ի պաշտպանություն բլոգեր Մեհման Հուսեյնովի անցկացված ակցիայի չորս մասնակից 21-22 օրվա վարչական կալանքի է դատապարտվել չարտոնված հավաքի մեղադրանքով։ Նրանց թվում են երկու լրագրող և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության երկու անդամ։

Եվս չորս մասնակից տուգանվել է 300-400 մանաթով (մոտ 177 և 236 դոլար)։

Ակցիայի առիթն այն է, որ բանտում գտնվող Մեհման Հուսեյնովի դեմ նոր քրեական գործ էր հարուցվել։ Ի պատասխան Մեհմանը հացադուլ էր հայտարարել։ Այդ իրավիճակը վրդովմունք էր առաջացրել նրա գործընկերների և ընդդիմադիր ակտիվիստների մոտ։

Ակցիան

Հունվարի 3-ին մի քանի տասնյակ լրագրող և ակտիվիստ հավաքվել էր Բաքվի ծայրամասում գտնվող «Նեֆթչիլար» մետրոյի կայարանի մոտ։ Նրանք վանկարկում էին՝ «Ազատություն Մեհմանին», «Ազատություն քաղբանտարկյալներին»։

Հինգ րոպեից ոստիկանությունը ցրեց ցույցն ու ձերբակալեց 15 մասնակցի։

Ոստիկանությունում յոթ կանանց բաց թողեցին, իսկ մյուսներին տարան Նիզամիի շրջանային դատարան։ Այնտեղ ազատ արձակեցին ևս երեք կնոջ, իսկ հինգ տղամարդու կալանքի տակ թողեցին մինչև դատարանի վճիռը։

Հունվարի 4-ին դատարանը վճիռ կայացրեց: 22 օրվա վարչական կալանքի դատապարտվեց լրագրող Աֆղան Սադիղովը, 21 օր՝ լրագրող Նուրլան Ղահրամահովն ու Ժողովրդական ճակատի անդամներ Էլմհան Աղաևն ու Սահավաթ Նաբիևը։

• Աֆղան Սադիղովի նախորդ կալանքը

• Կարմիր գիծ․ որտեղո՞վ է այն անցնում Ադրբեջանի լրագրողների համար

Հացադուլ

Մեհման Հուսեյնովն ադրբեջանցի վիդեոբլոգեր է, որը հայտնի է պաշտոնյաների հանդեպ իր քննադատությամբ։

2017թ-ի սկզբին նրան ձերբակալեց ոստիկանությունը։ Հուսեյնովն ազատ արձակվելուց հետո բողոքեց, որ իրեն կտտանքների են ենթարկել, և դրա հետևանքով երկու տարվա ազատազրկման դատապարտվեց զրպարտության մեղադրանքով։

Մինչ Մեհմանն իր պատիժն էր կրում, ընդդիմադիր ակտիվիստներն ու իրավապաշտպանները ժամանակ առ ժամանակ նրան աջակցություն էին հայտնում՝ քաղաքական հետապնդումների զոհ համարելով։

2018թ-ի դեկտեմբերի 26-ին, երբ Հուսեյնովի ժամկետի ավարտին մի քանի ամիս էր մնում, նրան մեղադրեցին գաղութի բանտապանին ծեծելու համար։ Այժմ նրա դեմ քրեական նոր գործ է հարուցվել։ Ի պատասխան բլոգերը հացադուլ հայտարարեց։

«Կավկազսկի ուզելը» գրում է, որ դեկտեմբերի 30-ին նրա վիճակը վատթարացել է և եղբոր խնդրանքով նա համաձայնել է ջուր խմել։ Այս ամենը պատմել են Մեհմանի հարազատները։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի ղեկավար Մեհման Սադիղովը պնդում է, որ Մեհմանը հացադուլ չի անում, և նրա առողջության հետ ոչ մի խնդիր չկա։

Մեհմանի հայրը փորձել է հանդիպել նրան քննչական մեկուսարանում, սակայն մերժում է ստացել։ Փաստաբանները նույնպես հստակ չգիտեն, թե ինչ է նրա հետ կատարվում։

Այլոց թվում Մեհման Հուսեյնովին աջակցություն է հայտնել նաև «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը։


Կարդալ ավելին JAMnews-ում