Դա Հարավային Օսիայի Ջավայի շրջանն է, դիտակետերի փլատակներում արծիվների բներ են" />

Ազդանշաններ այլևս չկան

Դա Հարավային Օսիայի Ջավայի շրջանն է, դիտակետերի փլատակներում արծիվների բներ են

Հարավային Օսիայի Ջավի շրջանի Ներքին Ռուկ գյուղն է: Օսերեն այն Դալագ Ռուկ է կոչվում:

Գյուղի ամենատարեց բնակիչը Ալեքսանդր Սերգեյի Պլիևն է: Նա ծնվել է այստեղ ու համարյա 50 տարի շրջակա 9 գյուղերի 200 բնակիչների համար միակ բժիշկն է եղել: Մանկուց Պուշկին են ասել, իսկ ոմանք նույնիսկ համոզված են՝ անձնագրում ազգանունը հենց Պուշկին է: Նա ասում է, որ անուն-հայրանունը հիմնական պատճառը չէ այդ մականվան:

Ռուկ գյուղը Կովկասի ամենահին գյուղերից է: Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ հիմնվել է 12-13-րդ դարերում: Բայց, հավանաբար, այն ավելի հին է:

Գյուղի ամենածաղկուն տարիներին այստեղ մոտ 3 հազ. մարդ է ապրել: Ռուկում պահպանված համարյա բոլոր տների մոտ ցեղական աշտարակներ կան: Դրանք ավանդաբար կամ պահակակետային են եղել, կամ բնակելի: Եթե ձմեռը ցուրտ ու խստաշունչ է եղել, աշտարակի ներքևի հարկը կարող էր նույնիսկ որպես գոմ ծառայել: Օսական բնակավայրերում ազդանշանային աշտարակներ էլ են կառուցվել, դրանց վրայից երևում էր հարևան գյուղը: Վտանգի մասին զգուշացնելու կամ օգնության կանչելու համար աշտարակի վրա կրակ էին վառում:

Սա 19-րդ դարի վերջում կառուցված տան պատ է: Տեղի բնակիչների պատմելով՝ Ռուկ գյուղն ամբողջությամբ այրվել է 1920թ.-ին՝ սովետական իշխանության հաստատման մասին հայտարարած Հարավային Օսիայի ու սովետական հանրապետությունների հետ համագործակցությունը մերժած նորաստեղծ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև պատերազմի ժամանակ: Գյուղում այն ժամանակ կանգուն են մնացել միայն աշտարակները:

Ինչպես պատմում են բնիկները, գյուղը տարիներ շարունակ ամայի է եղել, և միայն 6 տարի հետո մարդիկ սկսել են վերադառնալ:

Պուշկինի հայրն այս տունը կառուցել է 1926թ.: Այն հասարակ քառանկյուն կառույց է՝ առանց պատուհանների և մեկ դռնով:

Ալեքսանդրը թույլ չի տվել իր տղային քանդել այն և նորը կառուցել: Փոխարենը համաձայնության են եկել և նորը կառուցել՝ հնին կից: Ինչպես Պուշկինն է ասում՝ նոր ոճով: Բայց նա սիրում է տան հենց հին հատվածը:

Ժամանակակից տանիքի տակ օսական զարդաքանդակներով պատված պատշգամբն է:

Այս դպրոցը կառուցվել է 1862թ. Փաստաթղթերի համաձայն՝ այստեղ սովորել է մոտ 300 երեխա: Երկար տարիներ է արդեն՝ դպրոցը փակ է:

Մեծ գյուղում անասնապահությունն է զարգացած եղել: Այժմ 4 բնակելի տուն է մնացել:

Պուշկինը լքված տներին կիրառում է գտել. անասունների փարախ է դարձրել դրանք:

Այս գառնուկը որբ է: Նրա մորը գայլը ճանկել է հենց տան բակից: Պուշկինի թոռները նրան Կոկո են անվանում:

Պուշկինն ու Բելլան արդեն 42 տարի է միասին են: Ամուսնացել են 1973 թ. Նա կնոջ ետևից 3 անգամ խնամախոս է ուղարկել: Տարիքային տարբերությունն ամուսինների միջև 10 տարի է, բայց Պուշկինը ոչնչնով կնոջը չի զիջում:

Պուշկինն ու Բելան մանր եղջերավոր անասուն ու մեղուներ են պահում: Նրանք մեծ ընտանիք ունեն, բայց բոլորը քաղաքում կամ քաղաքամերձ տարածքում ապրում: Իսկ թոռները սիրում են հանգստանալ պապի մոտ: Բայց հիմնականում թոշակառուները մենակ են ապրում:

Լքված տների ավերակներն այստեղ ավելի շատ են, քան բնակելի տները: Բայց Պուշկինն ասում է, որ չի կարող լքել այս վայրերը:

Նա ասում է, որ կյանքն իր տան երկու պատերի՝ հնի ու նորի միաձուլում է: Տան մուտքն, ի դեպ, առաջվանն են թողել:

Պուշկինի հարևանների տունն է, որին նա տիրություն է անում: Տան ներքին հատվածը նախորդ դարում են կառուցել, իսկ վերինը՝ ժամանակակից է:

Ռուկ գյուղն իր աշտարակներով Հարավային Օսիայի դարպասն է: Կովկասյան լեռնաշղթան հաղթահարելուն պես հայտնվում ես Վերին Ռուկում (Ուալագ Ռուկ): Այն հին թանգարան է՝ բաց երկնքի տակ:

Ցեղական աշտարակների կառուցման ժամանակ շինանյութին հավկիթի դեղնուց են խառնել: Այժմ արծիվներն այստեղ բույն են դրել:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում